[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՒՌ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

SKOOL_1._SVETA.jpgՆՈՒՌ (նոր ուսումնական ռազմավարություն) վերտառությունը կրող նոր ռազմավարական ծրագիրն արգենտինահայ մեծ բարերար Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ Արցախում ներդրվեց երեք տարի առաջ: ՙՄեկ համակարգիչ` յուրաքանչյուր երեխայի՚ կրթական ծրագիրը նպատակ է հետապնդում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ հետաքրքիր, արդիական և ավելի արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացը, միաժամանակ Արցախի համար բացվում է պատուհան դեպի մեծ աշխարհ` ավելի շատ ժողովուրդների և մարդկանց ճանաչելի դարձնելով մեր երկիրը: 
Ծրագրի առաջին փուլում ընդգրկվեցին Ստեփանակերտի և Շուշիի (այդ թվում` Քարին տակ գյուղի) 1-4-րդ դասարանների երեխաները: Մինչ այդ վերապատրաստվեցին ուսուցիչները, որոնց հետ պարապմունքները վարեցին Արգենտինայից եկած մասնագետները: Այնուհետև նրանց օգնությամբ տեղում պատրաստվեց թիմ, նշանակվեցին համակարգողներ:
Օրերս ՆՈՒՌ ծրագրի թիմը ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալի գլխավորությամբ նորից Արցախում էր: ՙՄենք հիմա ավարտին ենք հասցնում ծրագրի այս տարվա վերջին փուլը` առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովումն այն դպրոցներում, որտեղ արդեն երկու տարի առաջ իրականացվել է ՆՈՒՌ ծրագիրը՚,- ասաց նա: Ինչպես հայտնի է, համակարգիչները դառնում են երեխաների սեփականությունը, և ամեն տարի առաջին դասարան եկող աշակերտների համար բարերարը նոր համակարգիչներ է ուղարկում: Այդ օրը` դեկտեմբերի 9-ին, Ստեփանակերտի բոլոր դպրոցներում կարելի էր տեսնել, թե ինչպես առաջին դասարանցիները, ըստ դասարանների, շարքերով կանգնած, սպասում են իրենց հերթին: Ցուցակները նախօրոք էին ուղարկվել Արգենտինա: Ամեն ինչ հստակ էր. ոչ մի երեխա դուրս չմնաց ծրագրից: Ստեփանակերտում համակարգիչները բաժանելուց հետո ծրագրի անդամները մեկնեցին Շուշիի և Քարին տակի դպրոցներ, որտեղ շարունակեցին համակարգիչների տրամադրումը: Պարոն Դյուվալի տեղեկատվությամբ, 801 առաջին դասարանցի ստացան համակարգիչ, իսկ երեք տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, Արցախ է բերվել 5500 համակարգիչ:
Այս ուսումնականում ՆՈՒՌ-ի ծրագրում ընդգրկվել են նաև հանրապետության բոլոր շրջկենտրոնները: Սեբաստիան Դյուվալն ասաց, որ առայժմ համակարգիչներ ստացել են դասավանդող ուսուցիչները, որոնք ամռան ընթացքում նաև վերապատրաստվել են, իսկ երեխաներին համակարգիչները կտրվեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին: ՆՈՒՌ-ը, համակարգիչներ բաժանելով և ուսուցիչներ վերապատրաստելով, չի ավարտում իր առաքելությունը. ամեն շաբաթ Արգենտինայում գտնվող ուսուցիչները նաև առաջադրանքներ են ուղարկում իրենց արցախցի գործընկերներին: Կապը նրանց միջև ապահովում են համակարգողները, որոնք հիմնականուն դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչներն են:  
Ինչպես տեղեկացանք Արցախում ՆՈՒՌ-ի համակարգող Մարգարիտա  Գրիգորյանից, ծրագրով նախատեսված է, որ տարվա կտրվածքով յուրաքանչյուր դպրոց կազմակերպի դաս-նախագիծ (բաց դաս) համակարգիչների կիրառմամբ: Ստեփանակերտի հ հ. 2 և 3 դպրոցներում արդեն անցկացվել են: Օրերս նմանօրինակ դաս կազմակերպվեց նաև հ. 5 դպրոցում` ՙԵս և շրջակա աշխարհը՚ առարկայից։ Դասին ներկա էր Սեբաստիան Դյուվալը։ Նա գոհ մնաց մատուցված դասից և աշակերտների գիտելիքներից: