ՀՐԱԺԵՇՏ 2013-ԻՆ

IMG_0348.jpgԱմանորի  և Սուրբ Ծննդյան տոների առթիվ տարեվերջին  Քաշաթաղի շրջվարչակազմը նախաձեռնել է հանդիսավոր միջոցառումներ: Մայր միջոցառումը կայացավ շրջվարչակազմին հարակից հրապարակում՝ գլխավոր տոնածառի մոտ: Ներկա էին Բերձորի, հարակից բնակավայրերի բնակիչներ, հատկապես երեխաներ, ովքեր անհամբեր սպաում էին Ձմեռ Պապի ու Ձյունանուշի հայտնվելուն: Ներկաներին տոների  առթիվ շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը՝ մաղթելով խաղաղություն, հաջողություն: 
Քաշաթաղի կազմավորման սկզբից շրջանին իր բարեգործությամբ միշտ օժանդակել է ՙԳուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ հիմնադրամը: Այս անգամ ևս քաշաթաղցիների հետ էր հիմնադրամի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը։ 
Տոնածառի շուրջ հնչեցին երգեր,  իրենց պարով աշխուժություն առաջացրին Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի պարի խմբակի սաները, երաժշտական դպրոցի դհոլահարները: Վերջապես եկան Ձմեռ  Պապն ու Ձյունանուշը, պարեցին փոքրիկների հետ, զրուցեցին և բաժանեցին սպասված նվերները: Բացի շրջկենտրոնից, Ձմեռ Պապերն ու Ձյունանուշները, բեռնավորված նվերներով, շրջվարչակազմի աշխատակազմի աշխատակիցների  ուղեկցությամբ ուղևորվեցին շրջանի հյուսիսային համայնքներ՝  ժպիտ  ու լուսավոր պահեր պարգևելու մեր մանուկներին ու մեծերին: Մինչ համայնքներ ուղևորվելը՝ երեք Ձմեռ Պապ  ու Ձյունանուշ այցելեցին Բերձորում գործող հանրապետական թիվ 2 գիշերօթիկ հաստատություն և նվերներ բաժանեցին այդտեղի երեխաներին։  Գիշերօթիկ հաստատության տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց նման վերաբերմունքի համար, նշելով, որ իրենց անձնակազմն անում է ամեն ինչ, որպեսզի  երեխաներն իրենց լավ զգան: Այնուհետև տոնականորեն զարդարված մեքենաները շարժվեցին դեպի հյուսիս: Խմբերից մեկի հետ առաջինը եղանք Վակունիս համայնքում, որը գտնվում է շրջկենտրոնից 40կմ հյուսիս՝ Շալուա գետի ձախակողմյան սարալանջերին: 
Շալուա գյուղը նույնպես պատմական անցյալ ունի։ Այստեղ ևս պահպանվել է հայոց միջնադարյան բազիլիկ եկեղեցին: Համայնքը կազմված է Շալուա, Հիմնաշեն, Քարուտ, Վերինշեն բնակավայրերից: Դպրոցը գործում է 1996 թվականից: Աշակերտները հանդես եկան թատերական ներկայացմամբ, երգերով,  հումորով: Մթնշաղ էր, որ հրաժեշտ տվեցինք  երեխաներին՝ հավատով, որ նրանց երազանքներն իրականություն կդառնան: 
Համայնքներ այցելելը շարունակվեց նաև հաջորդ օրը. մեկ օրում՝ Աղավնո գետի ավազանի 5 բնակավայր: 
Եվ ամենուր Ձմեռ Պապն ու Ձյունանուշն ուրախացնում էին փոքրիկներին ու մեծերին: Նույն ուրախ տրամադրությամբ էլ հրաժեշտ տվեցինք՝ հավատով, որ կիրականանան բոլորի ցանկություններն ու երազանքները: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր