[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱԽՄԱՏԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

IMG_0103_1_.JPGՓետրվարի 28-ին Բերձորի արվեստի և սպորտի դպրոցում կայացավ դպրոցականների շախմատի շրջանային  անհատական և թիմային  մրցաշար, որը ֆինանսավորել է ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեն: Մրցաշարն անցկացվեց 4 տարիքային խմբերով, 8 դպրոցների միջև:  Մասնակցեցին Բերձորի արվեստի և սպորտի, Վ. Զատիկյանի անվ. թիվ 2, Լեռնահովիտի, Գանձայի, Գողթանիկի, Ուռեկանի Կ. Գույումջյանի անվան, Ծիծեռնավանքի Վ. Առաքելյանի անվան և Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվան հանրակրթական դպրոցների 4-ական աշակերտներ:
 Մասնակիցները մրցեցին 6-8, 9-11, 12-14 և 15-17 տարիքային խմբերով: Խաղերն ընթացան օլիմպիական կարգով։  
Կիսաեզրափակիչ  փուլում յուրաքանչյուր տարիքային խմբից  մրցեցին 4 մասնակից` 1-4-րդ տեղերի համար:   Հաղթող թիմերը որոշվեցին անհատական մրցույթում ստացած միավորների հաշվին: Ըստ կանոնադրության՝ առաջին տեղը գրաված խաղացողն իր թիմին բերեց 4 միավոր, երկրորդը՝ 3, երրորդը՝ 2, չորրորդը՝ 1:  Առաջնության հաղթող (ընդհանուր 16 միավորով) ճանաչվեց Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի թիմը (ուսուցիչ՝ Ա. Հունանյան)՝ արժանանալով գավաթի: Երկրորդ հորիզոնականում 7 միավորով հայտնվեց Գողթանիկի թիմը  (ուսուցիչ՝ Մ. Խաչատրյան): Թիմի 4 մասնակիցներից 3-ը Խաչատրյան քույրերն էին. անհատական պայքարում Մարիամը 6-8 տարեկանների խմբում  գրավեց 1-ին  տեղը, Նարեն 9-11 տարեկանների խմբում՝ 2-րդ, իսկ Եսթերը 12-14 տարեկանների խմբում՝   3-րդ:  Լավագույն եռյակը եզրափակեց Ուռեկանի թիմը (5 միավոր): Ուրախալի է, որ անհատական պայքարում գրեթե բոլոր թիմերից էլ կային աչքի ընկնող մասնակիցներ: Իրեն լավ դրսևորեց Ծաղկաբերդի դպրոցի աշակերտուհի Զառա Կիրակոսյանը՝ 15-ից բարձր տարիքային խմբում գրավելով 3-րդ տեղը: Բերձորի արվեստի և սպորտի դպրոցից Հովսեփ Հովսեփյանը (6-8 տարիքային խումբ), Հովհաննես Բարսեղյանը (9-11), Ռուստամ Մարկոսյանը   (ցուցաբերեց հրաշալի խաղ 12-14 տարիքային խմբում), Մարտուն Բեգլարյանը  (15 և բարձր) արժանացան ոսկե մեդալի՝ իրենց թիմին բերելով հաղթողի գավաթը: Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցից  Տիգրան Մատինյանը 12-14 տարիքային խմբում երկրորդն էր: Շրջանից շախմատային մրցույթներում լավ համբավ ունեն Գանձայի և Գետամեջի դպրոցները: Վերջինիս աշակերտուհի Լուսինե Մկրտչյանը 9-11 տարիքային խմբում արժանացավ երրորդ մրցանակի: Գանձայից Ատոմ Եգորյանը բարձր տարիքային խմբում գրավեց երկրորդ տեղը: Ամենափոքրերի խմբում երկրորդ տեղը բաժին հասավ Ուռեկանի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ Հրանտ Միքայելյանին։  Նրա 2 թիմակիցները գրավել էին 4-րդ տեղը և ընդհանուր իրենց թիմին պարգևել 5 միավոր՝ ապահովելով երրորդ տեղը: Մրցույթից հետո հաղթողներն արագ խաղ անցկացրեցին Գանձայի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Կարեն Հովհաննիսյանի հետ, ով արդեն մի քանի տարի է, մասնակցում է հանրապետական մրցաշարերի և արժանանում մրցանակային տեղերի: Վերջերս Ստեփանակերտում Կարենը նման մրցաշարում 10 խաղից հաղթեց 8-ում (մեկ ոչ¬ոքի և մեկ պարտություն) և իր տարիքային խմբում գրավեց առաջին տեղը: Նա մարտի կեսերին հանդես կգա երևանյան մրցաշարում:  Առաջնության վերջում հաղթողներին հանձնվեցին դիպլոմներ, մեդալներ և գավաթ: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր