Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՇԻՐԱԶԸ ՎՍՏԱՀ ԷՐ, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԸ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԵՆՑ ՂԱՐԱԲԱՂԻՑ

45.jpgՎերջերս գործուղված լինելով Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղ, հանդիպեցի Ռոմա Աղաբեկյանին, ով երկար տարիներ մտերմական կապերի մեջ էր Հովհաննես Շիրազի հետ: Ռոմա Աղաբեկյանը եղել է գյուղի դպրոցի գերմաներենի ուսուցիչը, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, այժմ թոշակառու է: Նրա հուշերը, կարծում ենք, կհետաքրքրեն շատերին, հատկապես Շիրազի երկրպագուներին:
 Եվ թող այս հուշապատումը Արցախի երախտագետ ժողովրդի կողմից նաև լինի յուրատեսակ նվեր մեծ բանաստեղծի  100-ամյակին:  
Պատմում է Ռոմա ԱՂԱԲԵԿՅԱՆԸ:
-1963թ. ընդունվեցի Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը: Այն նոր էր առանձնացել ԵրՊՀ-ից և գործում էր ինքնուրույն ինստիտուտի կարգավիճակով:  Նրա առաջին շրջանավարտներից եմ: Արտաշատցի ընկերոջս հետ վարձով տուն էինք փնտրում: Աղվան անունով մեկն առաջարկեց իր տան մի հատվածը. տունը գտնվում էր ՙԱրարատ՚ սրճարանի մոտ: Մեր իրերը բերեցինք դասավորեցինք, այնուհետև դուրս եկանք մի քիչ օդափոխվելու: Ման էինք գալիս, մեկ էլ ընկերս թե` Շիրազն է: Նա սրճարանի մոտ եռանդուն զրուցում էր երկու մարդու հետ: Հետաքրքրության համար անցանք մոտիկ մայթը, որ գոնե նրանց զրույցից բառեր լսենք: Կցկտուր խոսքեր էինք լսում: Զրույցը, պարզվեց, Տիգրան Մեծի մասին էր: 
Զրուցակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպիսի արտաքին ուներ Տիգրանը: Շիրազը թե` բոյ-բուսաթով, շիկամորուս, ու հենց այդ խոսքի վրա էլ շրջվեց դեպի մեր կողմը: Հետո զրուցակիցներին թողնելով, անսպասելիորեն մոտեցավ, մտավ թևս և ասաց. ՙԱյ, սրա նման՚: Ես նույնպես բարձրահասակ էի, մարզական կեցվածքով, շիկավուն ու խաժակն: Անակնկալի եկած, հիպնոսացել էի: 
Հետո հարցրեց, թե ով եմ, որտեղացի: Երբ ասացի` ղարաբաղցի եմ, ուրախացավ,  հեռախոսի համարը, հասցեն տվեց և ասաց, որ կարող եմ ուզածս ժամանակ անցնել, ցանկացած հարցով դիմել:
Բայց ես ամաչում էի նրան զանգել:  Մեկ ամիս անց ընկերս ասաց. ՙԶանգի՜ր, գնանք անտիպ գործեր վերցնենք՚: Զանգեցի: Արտակարգ հիշողություն ուներ, անմիջապես հիշեց ինձ: ՙԻնչո՞ւ ես լռել,- ասաց,- ինչու՞ չես երևում՚:
Շիրազի գործերը շատ չէին տպագրում, անտիպները սրա-նրա ձեռքից վերցնում էինք, կարդում: Գնացի: Արտակարգ պարզ մարդ էր, կարողանում էր դիմացինին մինչև վերջ լսել ու պատասխանել: Խնդրեցի նրա անտիպ գործերը: Տերյան փողոցի վրա տպարան կար, որտեղ Ռիմա (թե՞ Ռիտա, լավ չեմ հիշում) անունով մի աղջիկ էր աշխատում. նա էր մեքենագրում Շիրազի բանաստեղծությունները: Զանգեց նրան, ու գնացի, վերցրի բանաստեղծությունները: Ընդ որում, երեք օրինակից վերցրի, որի երկու օրինակները տարա Շիրազին, երկրորդը պահեցի ինձ: 
Նրանց տունը գտնվում էր Ամիրյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում: Հետը միայն մայրն էր ապրում. փոքրամարմին, կուչ եկած կին էր: Ծանոթացրեց մոր հետ: Մայրն էլ, պարզվեց, շատ էր սիրում ղարաբաղցիներին: Համեստ պայմաններում էին ապրում: Մեծ բանաստեղծի մտերիմներից էին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Գևորգ Հայրյանը և Բրյուսովի անվան ինստիտուտի ռեկտոր Մնացական (Մացո) Նահապետյանը, ով կազմել է Րաֆֆու հատորները: Վերջինս խենթի պես էր սիրում Ղարաբաղը, եղել է Արցախի գրեթե բոլոր գյուղերում: 
1964թ. պետք է հրատարակվեր ՙՔնար Հայաստանի՚-ի երկրորդ հատորը, սակայն գրողները հրաժարվում էին առաջաբան գրել: Միայն հիշյալ երկուսը  համաձայնվեցին: Պայմանավորվեցին, որ Գևորգ Հայրյանը պիտի գրի: 
Երբ իմացա, որ գիրքը տպագրվել է, Երևանի բոլոր գրախանութները ման եկա,  չգտա` արագորեն սպառվել էր: Ճարահատյալ գնացի Շիրազի մոտ: Հենց ՙԱրմենիա՚ հյուրանոցի մոտ էլ հանդիպեցի նրան: Խնդրեցի գիրքը: Միասին մտանք հրապարակի գրախանութը: Գրադարակների վրա զորքի նման շարված էին ուրիշ գրքեր: Նայեց, մի քիչ կորացավ, մատը մեկնեց դեպի այդ գրքերը, ու թե. ՙԹող էտենց էլ փտեն. որ չեն առնում, ինչո՞ւ եք տպագրում՚: Գրավաճառին ասաց` ղարաբաղցի բարեկամիս համար մի հատ գիրք ճարիր: Պարզվեց, որ ոչ մի օրինակ չի մնացել: Դուրս եկանք: Շիրազի հետ թևանցուկ եկանք  նրա տուն: Դուռը բացեց, ուղեկցեց ճաշասենյակ (սովորաբար գնում էինք աշխատասենյակ): Մայրն ինձ տեսնելով, ուրախացած հարցուփորձ արեց Ղարաբաղից: Սեղանի վրայի սպիտակ սփռոցը փքված էր: Պարզվեց` տակին քառորդ մասը կտրած ձմերուկ կար, կողքին` թխվածք: Մայրը ստիպեց, որ ուտեմ: Շիրազը մտել էր աշխատասենյակ: Ամաչում էի, հրաժարվեցի: Մեկ էլ տեսա՝ Շիրազը եկավ առյուծաբաշ, ուղղակի հարձակվեց վրաս. ՙՏո՜ լսիր, Աստծուն կմերժե՞ն, մայրն աստված է՚,- ասաց: Համարյա վախենալուց, մի կտոր վերցրի: 
Հետո տարավ աշխատասենյակ: Գիրքը նվիրեց, մակագրված էր. ՙՂարաբաղը մորս կանչն է, Ինձ է կանչում հույսով տրտում, Ղարաբաղը իմ կակաչն է, Կարմիր, բայց սև ունի սրտում՚: Այնուհետև ավելացրել էր. ՙԻմ սիրելի ղարաբաղցի-արցախցի Ռոմա Աղաբեկյանին՚: Երբ գիրքը վերցրած` ուրախ-ուրախ իջնում էի աստիճաններով, հետևիցս  գոռաց. ՙԷ՛յ, էդ ո՞ւր, էդ ո՞ւր՚: Մտածեցի` կարո՞ղ է փոշմանել է: Հետ վերադարձա: Թևիցս բռնած տարավ աշխատասենյակ: Գիրքը ձեռքիցս վերցրեց, նստեց աթոռին, մի թուղթ վերցրեց և արտագրեց գրքի քառատողը, ասելով. ՙԱզիզ ջան, միայն քեզ համա՞ր եմ գրել, որ տանում ես՚: Ու գիրքը նորից ինձ տվեց:
Ժամանակ անց Շիրազին հրավիրեցի Ղարաբաղ: Ասաց. ՙՌոմա ջան, լավ կլինի, որ պաշտոնական կանչ լինի, ինքնակոչ չստացվի՚: Մեր ռեկտորը երբ իմացավ, որ նման գործ եմ նախաձեռնել, կանչեց իր աշխատասենյակ, շնորհակալություն հայտնեց և ասաց. ՙՄեքենաս քեզ եմ տրամադրում, Շիրազին տար Ղարաբաղ, բեր՚:  
Պաշտոնական հրավերի համար եկա Ստեփանակերտ` հույս ունենալով, որ Աբգար Դանիելյանը (տատիս եղբոր տղան էր, ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի խմբագրության կուսկազմակերպության քարտուղարը) կաջակցի ինձ: Նա զարմացավ, կանչեց Բոգդան Ջանյանին` հետը խորհրդակցելու: Հրաժարվեցին: Ինձ հետ տարել էի Շիրազի անտիպներից, խնդրեցի գոնե դրանցից մի շարք տպագրել: Չէի հասկանում, որ նրանց ուժերից վեր բան էի խնդրում: 
Դառնացած վերադարձա Երևան, ամեն ինչ պատմեցի Շիրազին: Նա տոն չտվեց, սկսեց մանրամասն հարցուփորձ անել Ղարաբաղից` ինչպե՞ս է վիճակը, տնտեսությունը և այլն: 
Անցավ մեկուկես ամիս: Զանգեցի Շիրազին: Ասաց, որ գնամ տպարան: Ռիմայի (թե՞ Ռիտայի) մոտ տեսա ՙՂարաբաղի ողբը՚` մեքենագրած: Այն սկսվում էր ինձ մակագրած գրքի քառատողով: ՙՂարաբաղի ողբը՚ ահա այսպիսի հետաքրքիր նախապատմություն ունի: 
Մի անգամ հարցրի` տեսե՞լ է Չարենցին: Բարձրանում էինք Մաշտոցի պողոտայով: Շահումյանի անվան դպրոցի մոտով անցնելիս դիմացի շենքը ցույց տվեց. ՙԱյ,  էնտեղ էր ապրում Չարենցը: Երբ նրան մարդիկ տեսնում էին` մատով ցույց էին տալիս ու ասում` Չարե՛նցը, Չարե՛նցը: Շատ սիրված էր՚: Նրա խոսքերի վրա դիմացից եկող մեկն ուրախ բացականչեց` Շիրա՛զը, Շիրա՛զը: Ասի` դուք էլ եք ժողովրդի կողմից շատ սիրված: 
Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ, ինչքան նկատել եմ, ամենաշատ գուշակություններ արել են Նժդեհը և Շիրազը: Երկուսն էլ ասել են, որ հայ ժողովրդի զարթոնքն սկսվելու է Ղարաբաղից:    
Շատ էր սիրում թոնրում թխած ընկույզով գաթա: Մայրս այդ գործի լավ վարպետ էր: Շիրազի համար միշտ թխում էր, տանում էի: Նոր տարվա նախօրեին մորս թխած գաթաները և այլ ուտեստներ վերցրած` եղբորս հետ գնացինք Շիրազի Ամանորը շնորհավորելու: Ողջագուրվեցինք: Քիչ անց ներս մտան երկու երիտասարդ: Ծանոթացրեց, ասելով` Ղարաբաղի իմ լավ բարեկամներն են: Մեկի անունն Արա էր (առաջին և վերջին անգամ տեսա Շիրազի Արա որդուն), մյուսինը` կարծեմ Փարեմուզ: Կոնյակ և ուտելիք էին բերել: Եղբորս ասացի, որ մեր բերածներն էլ հանի: Շիրազը երբ տեսավ գաթաները, շատ ուրախացավ, ասաց` կտրիր: Արայիկը լցրեց բաժակները: Երբ ուզում էր լցնել Շիրազի բաժակը, վերջինս ձեռքի ափով ծածկեց այն, ասելով` ՙՄի լից, մի լից, օձի գանգ է երևում այդ բաժակում՚: Բայց Արան  ձեռքը բռնեց, ասելով. ՙՏղաները Ղարաբաղից են եկել, չե՞ս ուզում խմել՚: Տեղի տվեց:
1965 թվականն ամենաուժեղ ազգային զարթոնքն էր հայ ժողովրդի պատմության մեջ: Իմ հիշողության մեջ մեխվել են այդ իրադարձությունները: Առաջին անգամ նշվում էր Ցեղասպանության 50-ամյակը: Մեծ հավաք էր կազմակերպվել: Երբ հոծ բազմությունն անցնում էր բանաստեղծի տան մոտով, մարդիկ սկսեցին ՙՇի-րազ, Շի-րազ՚ վանկարկել: Նրա տան վերևի պատշգամբում մի միջահասակ մարդ էր կանգնած. հարցրին, թե ուր է Շիրազը: Վերջինս անտարբեր ասաց. ՙԳնացել է Թուրքիա` հողերը չափելու՚:
Հետո իմացանք, որ Շիրազին կանչել էին Էջմիածին, իբր, այնտեղ սփյուռքից եկած պատվիրակության առջև ելույթ ունենալու: Խաբել-տարել էին, տնային կալանքի ենթարկել: 
Մեր ինստիտուտում հանդիպում էր կազմակերպվել Շիրազի հետ: Այդ ժամանակ մեր պրոռեկտորի 19-ամյա աղջիկը մահացել էր ծննդաբերության ժամանակ: Ինքն էլ Կիրովաբադից էր` Առաքելյան էր ազգանունը: Ինձ հետ մեր բարբառով էր խոսում, համարում իր համերկրացին: Ինձ խնդրեց, որ Շիրազին ասեմ` մի քառատող գրի աղջկա մասին, որպեսզի փորագրի նրա շիրմաքարին: Հաջորդ օրը գնացի Շիրազի մոտ, պատմեցի: Մի երկու օր չանցած` փողոցում հանդիպեցինք. ասաց, որ պատրաստ է: Հաջորդ օրը գնացի, ինձ տվեց. քառատող չէր, բանաստեղծություն էր: Հանձնեցի Առաքելյանին, ուրախությունից լացեց (չգիտեմ, դա նույնպես ընդգկվե՞լ է գրքում, ձեռագիր էր տվել): Չնայած առիթը տխուր էր, բայց անչափ ուրախացել էր, որ Շիրազի խոսքերը պիտի փորագրի աղջկա շիրմաքարին…
Նրա հարգն ամենից շատ Սփյուռքն էր պահում:  Ես նրա փոստատարն էի. ինձ էր վստահում իր նամակները փոստարկղ գցելը: Տեսնում էի, թե ինչքան շատ էր գրում արտասահման… 
Անկեղծ ասած` չգիտեմ մեկ այլ մեծություն, որի թաղմանն այդքան շատ մարդ հավաքվեր: Կարդացել եմ, որ Բեթհովենի, Անդրանիկ զորավարի հուղարկավորությանը բազմահազարանոց ամբոխ էր հավաքվել: Բայց Շիրազինն աննախադեպ էր: Սփյուռքահայությունը ստիպեց մի քանի օր պահել դիակը, մինչև արտասահմանից պատվիրակությունը գար:
Ես նրան շատ եմ գրկել հոգեկան ծանր վիճակներում և նրա մեծ սրտի տրոփյունը լսել:  
Ափսոս, ոչ  մի գրավոր վկայություն նրա հետ հանդիպումներից չի մնացել: Նկարվել չեմ սիրել, իսկ մակագրված գրքերը տարել, չեն բերել: Ասենք, եթե անգամ բերած էլ լինեին, մեկ է, չէին մնա, որովհետև պատերազմի ժամանակ մեր գյուղը թուրքերը հիմնահատակ ավերել, հրի ճարակ են դարձրել: Մեծ բանաստեղծի մասին հուշերս մինչև հիմա իմ մտքում էին, և ուրախ եմ, որ ձեր օգնությամբ վերջապես դրանց մի մասը թղթին հանձնվեց: 
 
Գրի առավ 
 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ