Logo
Print this page

ԿԱՅԱՑԱՎ ՁՅՈՒԴՈՅԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

dyudo.jpgՀունիսի 10-ին մայրաքաղաքի հ.3 դպրոցի ձյուդոյի մարզադահլիճում կայացավ 2000-2003թթ. ծնված դեռահասների միջև ձյուդոյի Ստեփանակերտի քաղաքային առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի բոլոր խմբերի շուրջ 70 մարզիկներ։ Այն կազմակերպվեց ձյուդոյի միջազգային կանոնների համաձայն։ Առաջնության գլխավոր մրցավարն Իվան Ազիզբեկյանն էր։
Մրցաշարի նպատակն էր ի հայտ բերել լավագույն մարզիկներին, ապահովել նրանց մրցակցային փորձը և մարզաձևը դարձնել զանգվածային։ Բացի դրանից, հունիսի 18-19-ը Երևանում կկայանա ՀՀ ձյուդոյի հանրապետական մրցաշար՝ նվիրված Հայաստանում ձյուդոյի հիմնադիր Թելման Քոչարյանի հիշատակին։ Ձյուդոյի Ստեփանակերտի քաղաքային առաջնությանը լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները կընդգրկվեն Հայաստանում կայանալիք մրցաշարին։ 
Համառ պայքարից հետո տարբեր քաշային կարգերում  առաջնությունում առաջին մրցանակային տեղերը գրավել են Լևոն Մեժլումյանը (22կգ), Մարատ Ղահրամանյանը (25կգ), Ռոբերտ Հարությունյանը (28կգ), Լևոն Բաբայանը (31կգ), Ստեփան Կիրակոսյանը (34կգ), Աշոտ Մելքումյանը (38կգ), Սևակ Սարգսյանը (42կգ), Ստեփան Համբարձումյանը (46կգ), Գևորգ Համբարձումյանը (50կգ), Ռոբերտ Սիմոնյանը (55կգ) և Սուրեն Մարտիրոսյանը (55 և ավելի քաշային կարգում)։ Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել են  Իվան Ազիզբեկյանի, 2-րդ՝ Գոռ Ազիզբեկյանի և 3-րդ՝ Սոսե Բալասանյանի թիմերը։  Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն ու թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթով։ 
Գլխավոր մրցավար ու մարզիչ Ի. Ազիզբեկյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, ասաց, որ յուրաքանչյուր մարզիկ պետք է ձգտի հաղթանակի, բայց դրա հետ միաժամանակ գոտեմարտելիս պետք է գերազանց հանդես գա, այսինքն՝  ցուցադրի  իսկական ձյուդո։ Գլխավոր մարզիչը բոլոր ձյուդոիստներին հորդորեց  պարապել ամեն օր, հետևել մարզիչների խորհուրդներին, որպեսզի  հասնեն փայլուն հաղթանակի։ ՙՈւրախալի է ու շատ կարևոր, որ մեր բոլոր ձյուդոիստները ձգտում են հաղթանակի, ձգտում են դառնալ չեմպիոններ։ Իսկ ովքեր պարտվել են, պետք է նպատակադրվեն առավել հաջողությամբ հանղես գալ հաջորդ մրցաշարերին։ Ու սա է գլխավորը, որպեսզի բոլորս, այդ թվում՝ մարզիկների ծնողներն ու մեր երկիրը հպարտանանք մեր մարզիկներով՚,- նշեց Ի. Ազիզբեկյանը։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.