[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻՆ

 Hamo.jpgՀամո Սահյան։ Հայ քնարերգության մեծերից, որ մարդու մեջ կատարելագործման և բարոյական ինքնաստեղծման հեռանկար է բացում։  Փիլիսոփա բանաստեղծ, մեծ գեղագետ, ամենանուրբ և  հավատարիմ երգիչը բնության։ Բնության վերաբերյալ բանաստեղծությունների հիմքում մարդն է՝ բնության պես մեծ, բարեհոգի, լայնաշունչ՝ իր կորուստներով, հայտնություններով, ցնծություններով ու հոգու մաքուր ծփանքներով։ 

Արտաքնապես սահուն տողերի տակ կա հոգու խորունկ իրարանցում, որն ավելի քան ժամանակակից է ու հավերժական։ Սահյանի մասին հնչել են ու կհնչեն գրականագիտական բազում կարծիքներ, գրվել ու կգրվեն բազմաթիվ մենագրություններ։ Ասմունքողների սիրած բանաստեղծն է, երաժիշտները երգեր են գրել նրա տեքստերով։ Սահյանը ժամանակի հետ ավելի է նորանում, և յուրաքանչյուր սերունդ ազնվանում ու մաքրագործվում է նրա պոեզիայի հմայքով։ 

Տարին հոբելյանական է, նշվում է Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը, հանրապետությունով մեկ անցկացվում են միջոցառումներ, կատարվում են անդրադարձներ Սահյանի պոեզիային, և այս միջոցառումների շարքում առանձնացավ  օրերս ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի դահլիճում անցկացված ՙՓիլիսոփայությունը Համո Սահյանի բնապաշտական երկերում՚ գրքի շնորհանդեսը, որի հեղինակը նույն համալսարանի հայոց լեզվի և  գրականության ամբիոնի դասախոս Զարինե Սառաջյանն է։ Ընթերցողի սեղանին է դրվել հերթական գրականագիտական աշխատությունը բանաստեղծի մասին, որը երիտասարդ գրականագետի երախայրիքն է, հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ հեղինակն անդրադառնում է բանաստեղծի պոեզիայի գեղարվեստական առանձնահատկություններին, գեղագիտական հայացքներին, գիտական վերլուծության  ենթարկում պոետական խոսքի բոլոր այն հնարքներն ու պատկերային միջոցները, որոնց վրա խարսխվում է գրողի կենսափիլիսոփայությունը։
Ցերեկույթը ողջույնի խոսքով բացում է ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, ասելով, որ յուրաքանչյուր գիրք ամփոփ խոսք է, և այն ավելի է կարևորվում, եթե հնչում է տեղին ու ժամանակին։ Այս առումով Սառաջյանի մենագրությունը ճիշտ ժամանակին ասված խոսք է։ Որոշակի իմացական մակարդակ է պետք  անդրադառնալու համար Սահյանի պոետիկայի փիլիսոփայությանը, և Սառաջյանի աշխատանքը, որ ունենալու է շարունակություն, արժեքավոր ներդրում է սահյանագիտության ասպարեզում։ Ապա Վ. Հակոբյանը ԼՂՀ գրողների միության պատվոգիրը հանձնեց Զ. Սառաջյանին։
Բանաստեղծ Ժաննա Բեգլարյանն իր ելույթում նշեց, որ Սահյանը մշտապես եղել է գրաքննադատության ուշադրության կենտրոնում, և ընդգծեց երիտասարդ դասախոսի համարձակությունը, որ ձեռք է զարկել Սահյանի պոեզիային՝ լուսաբանելով նրա տողը, բառը։ 
ՙՆարեկացի՚ համալսարանի դասախոս, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Անուշավան Պողոսյանը և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանն ասացին, որ հանձին Սառաջյանի՝ իրենք տեսնում են հեռանկարային  գրականագետի, որ չի կրկնում, չի ընդօրինակում ուրիշներին, ձգտում է ունենալ իր խոսքը։ 
Գրքի խմբագիր, բանաստեղծ ու հրապարակախոս Նվարդ Ավագյանը ողջույնի իր խոսքում ասաց, որ Սառաջյանը հետաքրքիր թեմա է վերցրել և նպատակին հասնելու ուղի է ընտրել համեմատական¬տիպաբանական մեթոդը ցույց տալու համար, թե գրական-գեղարվեստական, զգայական¬գեղագիտական աշխարհն արտացոլելու փիլիսոփայական ինչ հայեցակարգով է ներկայանում Համո Սահյանը։ Մենագրության հեղինակը ձգտում է պարզել, թե սահյանական պոեզիայում որչափ  կենդանի ու ճշգրիտ է արտացոլվում բնությունը, և հանգում է եզրակացության, որ բանաստեղծի գեղարվեստական մտքի ոգեղեն հիմքը գալիս է հենց հայրենի բնությունից, և որ սահյանական խոհն իր ամբողջականության մեջ հենց կյանքի իմաստասիրական ընկալումն է։
Երախտագիտություն հայտնելով հնչած բարի խոսքերի համար՝ Զարինե Սառաջյանն ասաց, որ իր ուսումնասիրությունը սիրո խոստովանություն է Սահյանի պոեզիայի հանդեպ։
Ցերեկույթին ցուցադրվեց ՙՀամո Սահյան՚ ֆիլմը։ Հնչեցին բանաստեղծի տեքստերով գրված երգերի ձայնագրություններ, ուսանողներն արտասանեցին Սահյանի բանաստեղծություններից։ 
 
 
ՙԱԱ՚