[ARM]     [RUS]     [ENG]

ՈԳԵՇՆՉՄԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ

Հունիսի 17-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցած դասական երաժշտության երեկոն միանգամայն տարբերվում էր սովորական մեր պատկերուցումներից։ Համերգին կատարվեց ոչ թե դասական ընկալվող երաժշտություն, այլ միայն ժամանակակից կոմպոզիտորների ավանգարդ ոճում գրված ստեղծագործությունները: 
Ինչպես նշված էր ծրագրում, որ ամեն աթոռի սպասում էր երաժշտասեր ունկնդրին, համերգին հնչեցին Հայաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայտնի կոմպոզիտորների` Միխայիլ Կոկժաևի, Միխայիլ Բրոնների, Արտյոմ Կոկժաևի, Յակով Յակուլովի ստեղծագործությունները: Մեծ վարպետությամբ, ոգեշնչմամբ ու քնքշությամբ էր կատարում ականջին անսովոր այդ երկերը աշխարհահռչակ ջութակահար Բորիս Լիվշիցը: Իսկ նվագակցում էին Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Գեորգի Ավանեսովը և նույն հաստատության դասատու Սոֆի Միքայելյանը: Համերգը վարում էր կոմպոզիտոր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Կոկժաևը: Ներկայացնելով ինչպես հեղինակին, այնպես էլ ստեղծագործությունը, պարոն Կոկժաևն ավելի մեծ հետաքրքրություն էր առաջացնում հանդիսատեսի մոտ: 
Եվ իրոք, Միխայիլ Կոկժաևի ՙԱվարտ չունեցող վալս՚, ՙՄոխրոտիկի առաջին պարահանդեսը՚ ստեղծագործությունները, որոնք, խոստովանում է ինքը` հեղինակը, ներշնչված էին հայտնի հեքիաթով, ինչպես նաև Միխայիլ Բրոնների ՙՅակովի սանդուղքը՚ իր Սիրո ու Տխրության հրեշտակների երգերով, ՙԵրկնքի դարպասները՚, Յակով Յակուլովի ՙԳնչուական համերգ՚ երկերը յուրահատուկ մի տրամադրություն էին ստեղծում, որն, ասես, զերծ էր ժամանակից ու տարածությունից. կար միայն հոգու էությունը, նրա անգուշակելի թռիչքները, սավառնումը, երանելիություն պարգևող անդորրը... Մեկ այլ տրամադրություն հաղորդեց Արտյոմ Կոկժաևի ՙՏանգոն՚, կարծես հանդիսատեսին վերադարձնելով երկիր, երկրային զգացմունքներին, կրքերին՝ թեկուզ և անցկացված հումորի պրիզմայով: Համերգը եզրափակեց դարձյալ Միխայիլ Կոկժաևի ՙՀասարակ մեղեդի՚ ստեղծագործությունը, որը, խոստովանում է հեղինակը, նվիրված է տաղանդավոր ջութակահար Բորիս Լիվշիցին: Պարզ, հոգու մեջ թափանցող, անպաճույճ մեղեդին կարծես խոսում էր ինքն իր հետ, պատմում հասարակ, բայց և շատ կարևոր, զուտ մարդկային զգացմունքների մասին` սիրո, նվիրումի, ոգու մաքրության, ներդաշնակության... Թեկուզ որոշ հանդիսատեսներ կեսից լքեցին դահլիճը, կարծում ենք, մինչև վերջ մնացածների համար երեկոն իսկապես ոգեշնչման երաժշտության աղբյուր դարձավ՝ ևս մեկ հետաքրքիր համերգով հարստացնելով մեր երաժշտական առօրյան:
Համերգի ավարտին Միխայիլ Կոկժաևը երաժիշների և իր անունից խորին երախտագիտություն հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին` հրավերի և համերգը կազմակերպելու հարցում ամենայն աջակցություն ցուցաբերելու, իսկ հանդիսատեսներին` ջերմ ընդունելության համար: 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ