Logo
Print this page

ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ

111.jpgՀայաստանի Հանրապետությունն իր գոյության առաջին իսկ տարիներից հիմնադրեց գիտական որակավորման ինքնուրույն համակարգ։
 Ներկայումս գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) ստեղծվել է Հայաստանի կառավարության 1993թ. որոշմամբ՝ որպես կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմին, իսկ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի համապատասխան որոշմամբ այն գործում է կրթության և գիտության նախարարության կազմում՝ որպես գործակալություն։ 
Համաձայն ՙԳիտական և գիտատեխնիկական գործունեության մասին՚ ՀՀ օրենքի՝ Հայաստանում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ, ինչպես նաև՝ դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ։   
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կոչված է համակարգելու Հայաստանում գիտական որակավորման պարբերական գործընթացը, պահպանելու սահմանված պետական չափանիշները, գիտնականներին հանձնելու համապատասխան գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրեր, ինչպես նաև զարգացնելու միջազգային կապերը տվյալ բնագավառում։ 
ԲՈՀ-ը հաստատում և վկայագրով ամրագրում է մասնագիտական խորհրդի կողմից՝ գիտական աստիճանի, գիտական խորհրդի կողմից՝ գիտական կոչման շնորհումը։ Ըստ գործող կանոնակարգի՝ ԲՈՀ-ը իրավասու է նաև մերժել գիտական աստիճանի շնորհումը, եթե որակավորման գործում առկա են կանոնակարգային խախտումներ։ 
Ստորև ներկայացվող հարցազրույցը ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ նպատակ ունի պարզաբանումներ տալ մեր ընթերցողներին հուզող որոշ խնդիրների։
-Տիկին Արզումանյան, անցյալ տարվա հուլիսից ղեկավարում եք ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը։ Չենք թաքցնում. Ձեզ այդ պաշտոնում տեսնելով, շատերը գիտական աշխատանքների պաշտպանության հարցում ակնկալում էին առավել պահանջկոտություն, անաչառություն և, անշուշտ, որակի ապահովում։ Որքանո՞վ է դա Ձեզ հաջողվում։   
- Մինչ հարցին պատասխանելը նշեմ, որ շուրջ քսան տարի եղել եմ ԲՈՀ-ի նախագահի տեղակալը։ Այսինքն՝ համակարգն ինձ համար նորություն չէր։ 
Ստեղծման օրից ԲՈՀ-ում հիմքերը լավ էին դրված։ Հասարակության բարոյական չափանիշների խաթարման հետ մեկտեղ խաթարվեց նաև այն բարոյականությունը, որ կար համակարգում։ Վերագրել առկա թերություններն այն 14 հոգուն, որ աշխատում են կառույցում, սխալ կլինի։ Միևնույն ժամանակ,  ես խորապես համոզված եմ, որ ցանկացած ոլորտում առաջին դեմքից շատ բան է կախված։ 
Տեղակալության տարիներին ես շատ բաներից էի դժգոհ։ Այժմ, այո, փորձում եմ չափանիշները խստացնել։ Արդյունքում անցյալ տարի՝ այդ պաշտոնն ստանձնելուց հետո, 83 աշխատանք չի հաստատվել և վերադարձվել է մասնագիտական խորհուրդներ։ Դրանց մի մասը բեկանվել է, որոշները կրկնակի պաշտպանություն են անցել՝ վերանայելուց ու վերամշակվելուց հետո։ Սա դժվար գործընթաց է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում շատերն իրար ճանաչում են, մեկը մյուսի համար զանգում է, միջնորդում։ Բայց, կարծում եմ, այսօր համակարգի ղեկավարությունն  ըմբռնումով է մոտենում ԲՈՀ-ի գործունեությանը, հանձին կրթության և գիտության նախարարի՝ ունենք մեկին, ով շահագրգռված է այդ չափանիշների վերականգնման ու կիրառման մեջ։ Համենայն դեպս՝ փորձում եմ ու շարունակելու եմ գործել նույն ոգով։ Փաստորեն, կոպիտ ասած, կռիվ եմ սկսել մասնագիտական խորհուրդների հետ, որոնք ՙբաց են թողնում՚ վատ աշխատանքներ։ Նախագահները (մասնագիտական խորհուրդների) հիմնականում ըմբռնումով են մոտենում հարցին։ Ներկայում մեր հիմնական խնդիրը համացանցից արտագրությունները բացառելն է. հետ վերադարձված շուրջ 80 աշխատանքներից 40-ը արտագրություններ են եղել։ Երևույթն ինքնին տգեղ է, երբ մարդ փորձում է ուրիշի գրածը սեփականել։ 
- Փաստորեն մասնագիտական խորհուրդների աշխատանքը բարելավելու խնդիր եք ունեցել։ Այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվե՞լ են, թեկուզ փոփոխություններ խորհուրդների կազմում… Եվ, ընդհանրապես, ըստ կանոնակարգի՝ պաշտպանությունը թափանցիկ, հրապարակայի՞ն է, թե՞… 
- Փոփոխություններ արվել են, բայց՝ շատ քիչ։ Մեխանիզմն է փոխվել, հատուկ պաշտպանություններ՝ որպես այդպիսին, եթե նախկինում եղել են, արդեն չեն լինի. խորհուրդները գործելու են ամբողջ ներուժով։ 
Ինչ վերաբերում է պաշտպանությունների հրապարակայնությանը, դրանք միշտ էլ եղել են բաց և այդպես էլ շարունակվում են։ Չհաշված որ՝ լինում են հույժ գաղտնի պաշտպանություններ, բայց դրանք շատ քիչ են՝ տարվա կտրվածքով մեկ կամ երկու անգամ։
- Վերադարձված աշխատանքները հիմնականում ո՞ր ոլորտից են։
- Տնտեսագիտություն և մանկավարժություն։ Ընդհանրապես բոլոր բնագավառներից էլ կան, բայց ամենից շատ այս ոլորտներն են ընդգրկում մերժված աշխատանքները։
- Իսկ գիտական աստիճանաշնորհմամբ ո՞ր ոլորտն է առավել աչքի ընկնում։
- Դարձյալ նույն բնագավառները։ Չգիտես ինչու՝ Հայաստանում բոլորը որոշել են տնտեսագետ դառնալ և թեկնածուի գիտական աստիճան ստանալ։ 
- Գիտությունն այսօր ինչ-որ տեղ գնահատված չէ և այնքան էլ հրապուրիչ չէ, բայց, չգիտես ինչու,  մեծացել է գիտական աստիճան ստանալ ցանկացողների թիվը։ Հատկապես՝ պաշտոնատար անձինք։ Գիտությամբ զբաղվելը աշխատատար պրոցես է, և համատեղել մասնագիտական ու գիտական գործունեությունը՝ թերևս այնքան էլ դյուրին չէ…
- Դուք ճիշտ եք։ Դա միանշանակ այդպես է։ Անշուշտ, պետք է ունենալ երկիր, որտեղ գնահատվի գիտելիքը։ Այսօր ամենից շատ դրան պիտի ձգտենք, դա պետք է լինի մեր գերխնդիրը։
Մենք այն երկիրը չենք, որ Աստծու կողմից տրված բնական ռեսուրսներ ունենանք։ Մենք պետք է հավուր պատշաճի օգտագործենք մեր հրաշք երիտասարդության ներուժը։ Ցավոք, մեր երիտասարդներից շատերը հեռանում են երկրից։ Կրկնակի ցավալի է, որ  հեռանում են խելացիները։ Դա ամենամեծ ողբերգությունն է, որ կա այսօր, և մենք պետք է դրա դեմն առնենք, այդ մասին լրջորեն մտածենք։ Ինչ ենք դառնալու, եթե հեռանան մեր ուղեղները. սպասարկող երկի՞ր, որտեղ կան հյուրանոցներ ու հյուրանոցատերեր ու սպասարկող անձնակա՞զմ…   
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց գիտական աստիճանի ձգտելուն, ինքս էլ ամեն օր այդ հարցն ինձ տալիս եմ. ինչո՞ւ են պաշտպանում պաշտոնյաները։ Ըստ իս՝ դա ևս գալիս է մեր ազգային մենթալիտետից. եթե հնարավորություն կա ունենալ շքեղ առանձնատուն, շքեղ մեքենա, ինչո՞ւ չունենալ նաև այս մեկը… Սա է բացատրությունը, որը շատ ցավալի է։ Դրանում մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք. այսինքն, հենց սկզբից պետք էր դրա դեմն առնել։
- Այսօր կառույցում էական բարեփոխումների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք …
-  Բարեփոխումների կարիք կա՝ կապված բարձրագույն կրթության ոլորտում եռաստիճան համակարգի հետ։ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը կանդրադառնա օրենքներում առկա բացթողումներին ու հակասություններին, և կփորձենք հետբուհական կրթությունը կարգավորել մի ամբողջական փաստաթղթում, որն անմիջականորեն առնչվում է գիտական աստիճանաշնորհման հետ։ 
Ընդհանուր առմամբ, գիտական աստիճանաշնորհման համակարգում բարեփոխումներ՝ որպես ադպիսիք, չեն սպասվում, որովհետև դա բավական կայուն համակարգ է։ Իսկ որպես պետական կառավարման մարմին՝ կառույցը պետք է պատրաստ լինի ժամանակի մարտահրավերներին, քանզի ներկայի և վաղվա մեր ձեռքբերումներն առավելապես պայմանավորված են մեր երկրի գիտական ներուժի՝ ապագային միտված ձգտումներով։  
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.