[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԹԱՏՐՈՆ

Մշակութային այս օջախի՝ Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գործունեության 
առօրյա խնդիրների շուրջ է հարցազրույցը տնօրեն Աշխեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
Ըստ Աշխեն Հարությունյանի` թատրոնը գործում է շուրջ 6 տարի, ստեղծվել է Շուշիում գործող երեք տարբեր թատրոնների հիմքի վրա: Խաղում են ինչպես դրամատիկ, այնպես էլ տիկնիկային և մանկապատանեկան ներկայացումներ: Այն ունի ընդհամենը 8 դերասանական հաստիք: Հարկ է նաև նշել, որ շնորհիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ  ժողովրդական արտիստ  Լեոնիդ Հարությունյանի՝ բեմադրվում են նաև ասմունք-էսսե ներկայացումներ: Այժմ աշխատանքներ են ընթանում Ղ. Աղայանի ՙԱնահիտ՚ հեքիաթի սյուժեով Արթուր Էդարի (Հարությունյան) նույնանուն պիեսի բեմադրության վրա:
Տնօրենից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են ընդունվում ներկայացումները հանդիսատեսի կողմից:
¬Շուշիի հանդիսատեսը դարձել է բավականին բանիմաց, մեծացել է հետաքրքրությունն արվեստի հանդեպ, հատկապես երիտասարդության շրջանում,¬ ասաց Ա. Հարությունյանը:¬ Համոզված ենք` շենքի վերանորոգումն ավարտելուց հետո կունենանք  մշտապես հաճախող հանդիսատես:
Այսօր շրջագայելով հանրապետության շրջաններում, քաղաքներում, հանդես ենք գալիս տարբեր ներկայացումներով: Ստեփանակերտի նախադպրոցական և կրտսեր դպրոցական երեխաները մեծ հաճույքով են դիտում տիկնիկայինի ներկայացումները: Մի առանձին խանդավառությամբ են թատրոնի ներկայացումներն ընդունել Քարվաճառի և Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր գյուղի երեխաները: Շատ զուսպ է եղել Մարտունու հանդիսատեսը: Հրաշալի հանդիսատեսի ենք հանդիպել Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած հյուրախաղերի ժամանակ: Խաղում էինք Սարոյանի ՙՀե՜յ, ո՞վ կա այդտեղ՚ պիեսը: Սարոյանին ունկնդրելն այնքան էլ դյուրին չէ, մեծ ուշադրություն է պահանջվում հանդիսատեսի կողմից, ինչը և տիրում էր դահլիճում։
 Կարող եմ ասել, որ տիկնիկային ներկայացումները պահանջված են. երեխաներն ամենուր մեր խաղերը դիտում են մեծ խանդավառությամբ: Ներկայացումները կառուցում ենք այնպես, որ փոքրիկները դառնան մասնակից, դերակատար, այսինքն, նրանց ներգրավում ենք սցենարի մեջ, ինչն էլ ավելի է մեծացնում երեխաների հետաքրքրությունը և հեքիաթը դարձնում հիշելի:
-Թատրոնը մասնակցու՞մ է Հայաստանում անցկացվող մրցույթներին, փառատոներին:
-Նախ ասեմ, որ տիկնիկայինը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, ունեցել է բավականին մեծ հաջողություն: Այո, մասնակցել ենք փառատոների, մրցույթների: Հայաստանյան հանդիսատեսին ենք ներկայացրել Սարոյանի վերոնշյալ պիեսը, շատ ջերմ ընդունելության ենք արժանացել, խրախուսվել լավագույն նկարչական ձևավորման համար:
Համաձայնենք` իսկապես առաջխաղացում է նկատվում Շուշիի մշակութային կյանքում, որին յուրահատուկ գույներով ու ոճով իր ներդրումն ունի Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը:  
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ