Logo
Print this page

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքանո՞վ էր պահանջված նման թեմայով համաժողովը։ Ի՞նչ կտա այն Արցախի կրթության համակարգին, մասնավորապես՝ բարձրագույն կրթության։ Այս մասին են հիմնականում համաժողովի մասնակիցների կարծիքները։
Կամո ԱԹԱՅԱՆ, Երևանի պետական համալսարանի նախապատրաստական բաժնի վարիչ.
- Անչափ կարևորում եմ այս համաժողովը։ Ինձ մոտ նույնիսկ այսպիսի հարց հղացավ՝ իսկ ինչո՞ւ չճանաչված պետությունների համալսարանները չեն միավորվում ու միասին չեն պայքարում իրենց իրավունքների համար… Լինի դա ռեկտորների խորհուրդ կամ որևէ այլ օղակ, որը կդառնա դեպի այդ նպատակը տանող ճանապարհ։ Այդ բուհերը միավորված ավելիին կհասնեն, քան առանձին-առանձին։ 
Հայաստանը, միանալով Բոլոնիայի գործընթացին, 2005 թվականից թևակոխեց բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների իրականացման նոր փուլ։ Ինքը՝ գործընթացն սկսվել է 1999-ին. այն ժամանակ դեռևս 26 պետություն էր ընդգրկված Բոլոնիայի համակարգում, իսկ այսօր արդեն 48 պետություն կա։ Դառնալով իրավունքներին՝ ասեմ, որ այստեղ կամ նմանատիպ տիրույթներում ապրող մարդու իրավունքները չպետք է ոտնահարվեն։ Սա իմ մոտեցումն է խնդրին։ 
Այսօր Արցախի պետական համալսարանում Բոլոնիայի հիմնական սկզբունքների վերաբերյալ իրական դժվարություններ չկան։ Նախ մենք շատ վաղուց անցել ենք կրթության եռաստիճան համակարգին՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, որոնք Բոլոնիայի հիմնական սկզբունքներից են։ Վերլուծելով Բոլոնիայի գործընթացի նպատակները, ձևավորման և զարգացման միտումները, կարող ենք ընդհանրացնելով ասել, որ այսօր այդ գործընթացի հիմնական նպատակներից մեկը կրթության համեմատականության և թափանցիկության ապահովումն է։ Հիշյալ նպատակներից է բխում  եվրոպական տարածքում կրթության որակի այնպիսի մակարդակի ապահովումը, որն իրատեսական կդարձնի գործընթացին միացած՝ տարբեր պետություններում տրված կրթության և համապատասխան որակավորումների համեմատելիությունը։  Բայց այստեղ քննարկվում է գործընթացին անդամ դառնալու խնդիրը։  Մենք այլ ճանապարհներ կարողանում ենք գտնել, բայց այնուամենայնիվ՝ պետք է անմիջական մասնակիցը դառնանք։ 
Հնարավոր է՝ նման հավաքները նաև նպաստեն հակամարտության լուծմանը… Աշխարհի տարբեր երկրներից փորձագետներ են գալիս, արտահայտում իրենց կարծիքները։ Սա ևս կարևոր հանգամանք է։
Աննա ՕՀԱՆՅԱՆ, Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ.
- Անչափ պահանջված գիտաժողով է, և միայն մեկ անգամ անցկացնելով չպիտի բավարարվենք։ Այնպես չէ, որ ասենք ամեն ինչ հեշտ ու հարթ է համակարգում. Բոլոնիայի գործընթացը նույնպես թերություններ ունի, հատկապես այն առումով, որ  շատ կենտրոնացված է։ Համակարգը համալսարաններին ինքնուրույնություն չի տալիս։ Համալսարանները պետք է անկախ լինեն կենտրոնից, որպեսզի կարողանան առկա հիմնախնդիրներն իրենք տեղում լուծել։ 
Ընդհանուր առմամբ՝ կրթությունն ինքը շատ բարդ գործընթաց է։ Որպես դասախոս՝ ես գտնում եմ, որ բարեփոխումները պետք է սկսել ոչ թե վերևից, այլ լսարանից։  Եթե Արցախը միանա այդ գործընթացին՝ պետք  է այդ ուղղությամբ բարեփոխումները խորացվեն։ Ողջունելին այն է, որ Բոլոնիային ինտեգրվելը հնարավորություն կտա ուսանողների դիպլոմները ճանաչել, ուսանողը կարող է գնալ Եվրոպա, որևէ առարկայից իր կրեդիտը փոխանցել և կրկին վերադառնալ՝ ուսումը շարունակել տեղում։  Իմ ելույթը եվրոհամայնքին էր ուղղված, և այնտեղ ես ասացի՝ եթե դուք Ղարաբաղին և մյուս ճչանաչված պետություններին չեք ընդգրկում՝ դրանից առաջին տուժողը դուք եք։ Գիտենք, որ Ադրբեջանը խանգարում է, բայց դրանից տուժում է ոչ միայն Արցախը, այլև տարածաշրջանը, որը չի զարգանում։  Եվրոհամայնքը պետք է շահագրգիռ լինի այս հարցում, և կրթությունն օգտագործի, որովհետև այն ամենալավ կամուրջն է հակամարտությունների լուծումը հեշտացնելու համար։  
Մանուշ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱրՊՀ ռեկտոր.
- Համաժողովը նախևառաջ կարևորում եմ նրանով, որ այն անց է կացվում Արցախում։ Թեման արդիական է, քանի որ մենք ունենք Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու խնդիրը։ Ճիշտ է, այդ հարցում մեզ աջակցում է Հայաստանի Հանրապետությունը, բայց ինչո՞ւ ինքներս անմիջապես չմիանանք գործընթացին։ Քաղաքական խնդիրներն ու չկարգավորված կոնֆլիկտները չպետք է խոչընդոտ հանդիսանան միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով սահմանված մարդու հիմնարար ազատությունների ապահովման համար, իսկ կրթության իրավունքն այս համատեքստում ունի առաջնային նշանակություն։ Խտրականությունը տեղ չունի կրթության ոլորտում, մասնավորապես՝ բարձրագույն կրթության, անկախ այն հանգամանքից, թե որն է այդ խտրականության հիմքը՝ էթնիկ թե՞ կրոնական պատկանելությո՞ւնը, քաղաքական խնդիրնե՞րը, սառեցված հակամարտություննե՞րը։ 
Հույս ունենք, որ համաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը կդառնա այն հիմնարար փաստաթուղթը, որը թույլ կտա չճանաչված երկրների համար ստեղծել առավել մեծ հնարավորություններ կրթության իրավունքի լիարժեք իրականացման համար։ 
Ավելացնեմ, որ այս համաժողովն Արցախի պետական համալսարանի համար կարևոր է նաև մեկ այլ տեսանկյունից. այն հնարավորություն է ստեղծում նոր շփումների, նոր համաձայնագրերի կնքման համար։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.