[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԸ ԼԻ ԷՐ ՀՈԳԵՎՈՐ ԼՈՒՅՍՈՎ

999.jpgՊոեզիայի միջազգային փառատոնը, որ մեկնարկել է հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անունը կրող մշակույթի կենտրոնում, ոչ միայն մայրաքաղաքի, այլև Արցախի հոգևոր-գեղարվեստական դիմագծին մի ուրույն երանգ է ավելացնում։ Առաջին օրը տարբեր լեզուներով հնչող (և հայերեն թարգմանվող) պոեզիայի հաճույքը ըմբոշխնեցին ոչ միայն մայրաքաղաքի  գրականության սիրահարները, այլև շուշեցիները։
Հինավուրց հայկական քաղաքի կերպարվեստի թանգարանում ավելի քան մեկ տասնյակ գրքերի շնորհանդես էր։ Վարդան Հակոբյանի ՙՔարի շնչառություն՚, Հրանտ Ալեքսանյանի ՙՈգու մատրիցա՚, Ռոբերտ Եսայանի ՙՈգու թռչունների հայրենիքում՚, Ռոման Կիսյովի ՙՀամբարձումը՚, Վանյա Անգելովայի ՙՄիշտ հիշելու եմ՚, Լյուբիցա Միլետիչի ՙԱրարատի հողմերը՚, Նվարդ Ավագյանի ՙԱրցախյան օրագիր՚ և ուրիշ գրքեր։
Բացման խոսքում ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն ասաց, որ Շուշիի հոգևոր դիմագիծը տարեցտարի փոխվում է, որ այն դառնում է գրքի ու դպրության օրրան, և որ պոեզիայի միջազգային փառատոնը չէր կարող շրջանցել այս բնակավայրը։
Հեղինակները հակիրճ ներկայացնում են իրենց գրքերը, ապա հանդես գալիս մեկական բանաստեղծության արտասանությամբ։ 
Արաբ բանաստեղծ Աբդո Լաբակիի և իտալացի Աննա Սանտո Լիքուիդոյի ազգային երգերի կատարումներն էլ ավելի ջերմացրին առանց այն էլ տաք մթնոլորտը։
Այնուհետև կատարվեցին գրքերի փոխադարձ նվիրումներ։
Միջոցառումն ամփոփեց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, որը Վանյա Անգելովայի  ՙՄիշտ հիշելու եմ՚ գրքի թարգմանիչն է։
Նույն օրը փառատոնի մասնակիցները եղան Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, մասնակցեցին մոմավառությանը, շրջեցին քաղաքի տեսարժան վայրերով, ծանոթացան արվեստի օջախներին, հիացան հայկական գորգերով։
 
***
Հոկտեմբերի 21-ին, երկրորդ օրը, փառատոնի մասնակիցները եղան մայրաքաղաքի սուրբ Հակոբ եկեղեցում, ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի մոտ։ Արտասանեցին, լուսանկարվելով պահը հավերժացրին։
Օրը  հիշարժան դարձավ Տիգրանակերտ այցելությամբ։
Ի հիշատակ փառատոնի և այս հանդիպման ծառատունկ են կատարում մասնակիցները։ Անհնարին է նկարագրել օտարազգի գրողների, բանաստեղծների հիացմունքը, երբ ծանոթացան թանգարանին, երբ շրջում էին տարածքում։
Օրն արդեն թեքվում էր դեպի մայրամուտ, երբ Տիգրանակերտի պարիսպների ներսում սկսվեց պոեզիայի ժամը։ Արտասանում են արաբ բանաստեղծ Աբդո Լաբակին, սերբուհի Լյուբիցա Միլետիչը, լեհ Դարիուս Լեբյոդան (հյուրանոցում 10 բանաստեղծություն է գրել՝ նվիրված Արցախին), Զոյա Հովհաննիսյանն արտասանում ու երգում է Արցախին նվիրված իր երգը, ու հույզերից մթնոլորտը շիկանում է։
Ելույթ է ունենում Էդուարդ Սաֆարյանը (Հայաստան). ՙԱյս օրերը նստվածք կտան մեր մտքերում ու հոգիներում, և տարիներ հետո կգիտակցենք այս ամենի խորքն ու բովանդակությունը։ Վերադառնալով տուն՝ կկարոտենք, հեռակապով կկապվենք Վարդան Հակոբյանի հետ, որի նվիրումը մեծ է որպես պոետ ու քաղաքացի, որպես լավ արցախցի։ Կհարցնենք, թե երբ է լինելու մեր հաջորդ հանդիպումն Արցախի հետ ու կարոտով կսպասենք՚։
ՙԴիտում եմ հորիզոնները, և եթե աղոթում եմ՝ աստղեր եմ տեսնում,- ինչպես միշտ այս անգամ էլ իր զգացմունքային խոսքն է ասում արաբ բանաստեղծը՝ Աբդո Լաբակին։- Կարծես թե Աստված է արարել այս երկիրը, բոլոր պատուհանները բաց են, և երբ ես խմեցի Տիգրանակերտի աղբյուրի ջուրը, ինձ թվաց, թե ես այստեղ հազար տարի է, ինչ ապրում եմ։ Ես լսում եմ ձեր սովորական խոսակցությունը, և մտածում եմ՝ ինչ ազնվական լեզու է հայերենը, ինչ ազնիվ ու գեղեցիկ էություն ունի այն՚։ Արաբերեն և հայերեն հնչում է Արցախին նվիրված նրա բանաստեղծությունը։ 
ՙԵս դեռ երգ չունեմ գրած Ղարաբաղի մասին, բայց հիացած եմ, սիրտս լի է հույզերով, որ հետո պիտի վերածվի չափածոյի՚,- ասում է լեհ բանաստեղծուհին և արտասանում սիրային մի բանաստեղծություն՝ ՙԽոսիր ինձ հետ՚։
Արտահայտվում, արտասանում են սերբն ու արաբը, բուլղարացին ու ռումինացին, իտալացին ու ռուսը, և հաղորդակցման լեզուն սերն ու հոգևոր լույսն էր։
Օրվա ընթացքում թարգմանությունները կատարում էին Աննա Գրիգորյանը և Մեդինա Հովհաննիսյանը։ 
Պոեզիայի ժամն ավարտվեց ժենգյալով հացի տոնակատարությամբ։ Փառատոնի մասնակիցներին բաժանվեցին բուկլետներ հայերեն և անգլերեն լեզուներով, որտեղ կան հետաքրքիր տեղեկություններ արցախյան այդ սննդատեսակի մասին, որ Արցախում տարածում է գտել մ.թ.ա. 7-րդ հազարամյակից սկսած։ 
Օրը ջերմ էր, լի արևով ու հոգևոր լույսով, և փառատոնի մասնակիցները դժվարությամբ  բաժանվեցին հայոց մեծ արքա Տիգրանի կերտած բնակավայրից։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ