[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՒՌ-Ը ՄՏԵԼ Է ՆՈՐ ՓՈՒԼ

Նոր ուսումնական ռազմավարությունը ( ՆՈՒՌ), որն  Արցախում ներդրվեց չորս տարի առաջ, արգենտինահայ բարերար Է. Էռնեկյանի հովանավորությամբ, մեկ աշակերտի` մեկ համակարգիչ ծրագրով, առաջին փուլում ընդգրկեց Ստեփանակերտի և Շուշիի դպրոցները:  1-4-րդ դասարանցիներն ապահովվեցին XO տիպի համակարգիչներով` որպես ուսումնական գործիք, իսկ դասվարներն էլ անցան համապատասխան վերապատրաստումներ: Այնուհետև XO համակարգիչներով աշխատելու ուղղությամբ վերապատրաստվեցին 5-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները:
Այս ուսումնականից ՆՈՒՌ-ը մտավ նոր փուլ. ծրագրում քանակական և որակական փոփոխություններ են կատարվել. ծրագրի աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով առաջին անգամ XO տիպի համակարգիչներ են բաժանվել շրջկենտրոնների դպրոցների տարրական դասարաններին: Բացի դրանից,  Ստեփանակերտի և Շուշիի դպրոցներում ՆՈՒՌ-ը կսկսի գործել նաև միջին օղակում և որպես առաջին քայլ՝ նոր տեսակի համակարգիչներ են բաժանվել 6-րդ դասարանցիներին: Դրանք ոչ թե XO-ներ են, այլ ՙIntel՚ կազմակերպության կողմից հատուկ դպրոցականների համար ստեղծված նոր սերնդի նեթբուքներ, որոնք ունեն ավելի մեծ հնարավորություններ, տեխնիկապես հզոր են XO¬ ներից և ավելի արդյունավետ կլինեն ուսումնական գործընթացում օգտագործելու համար: 
ՆՈՒՌ ծրագրի պատասխանատուներն Ստեփանակերտի դպրոցների համար ձեռք են բերել նաև պրոյեկտորներ, որոնք դպրոցներին բաժանվել են  նեթբուքների հետ և ևս մի խթան կհանդիսանան ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման համար: 
ԼՂՀ կրթության և գիտության նախարարության օժանդակությամբ հոկտեմբերի 20-24-ը Արցախի պետական համալսարանում կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ ծրագրի շրջանային պատասխանատուների և Ստեփանակերտի ու Շուշիի դպրոցների 6-րդ դասարաններում դասավանդող շուրջ 200 ուսուցիչների համար: Դասընթացներն անցկացրեց ՆՈՒՌ-ի արգենտինյան պատասխանատուներից կազմված թիմը` Լուսինե Իանիկյանի գլխավորությամբ: 
Ինչպես տեղեկացանք ՆՈՒՌ-ի արցախյան համակարգող Մարգարիտա Գրիգորյանից, դպրոցներին բաժանվել են 800 նեթբուքներ, իսկ 4 տարվա ընթացքում դրանք կհասնեն 7200¬ի: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ