Logo
Print this page

ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ՆՈՐ ՄԱՐԱՂԱ ԳՅՈՒՂՈՒՄ

Հոկտեմբերի 11-12-ը Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում իրականացվեց ՙԿրթական դպրոց.  Նոր Մարաղա-2014՚ ծրագիրը։ Այն կազմակերպվել է Հայաստանի ՙԱռաջնորդության դպրոց՚ հիմնադրամի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ և ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) կազմակերպության աջակցությամբ։ Ծրագրին մասնակցել են  նախադպրոցական և դպրոցական տարիքի շուրջ 100 երեխաներ։ 
Միջոցառումը երկու կազմակերպությունների մշտական ծրագրերից է` ուղղված Նոր Մարաղա գյուղի զարգացմանը։ Այն հիմնականում իրականացվել է թրենինգների, խաղերի միջոցով, որի նպատակն էր ինտերակտիվ մեթոդներով զարգացնել երեխաների թիմային  հմտությունները, ապահովել նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացմանը։
 Ծրագրի մասնակիցներին տրվեցին գյուղի զարգացման ու ապագայի վերաբերյալ առաջադրանքներ։ Երեխաները պատրաստեցին պաստառներ, որտեղ պատկերված էր իրենց գյուղը 20 տարի անց։ ՙՆոր Մարաղա-2034՚ վերնագրով նկար-պատմությունների ներքո դպրոցականներն արտահայտեցին իրենց ցանկությունները, առաջարկությունները, երազանքը։ Նրանցից շատերը երազում էին ունենալ երկհարկանի մեծ դպրոց, բարենորոգ փողոցներ, ակումբ, վարսավիրանոց, տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև  գյուղում ստեղծել հասարակական կազմակերպություն։ Բարձր դասարանցիների հետ անցկացվեցին զրույցներ ու քննարկումներ Արցախի ճանաչման, անկախության,  բարգավաճման, ազգի միասնականության խնդիրների շուրջ։ Բացի դրանից,  կազմակերպվեցին նաև զվարճալի մրցույթներ, իսկ վերջում ուրախ տոնակատարություն՝ ուսուցիչների մասնակցությամբ։
Ս. Մովսիսյանի խոսքով՝ նման ծրագրերի նպատակն է գյուղի երեխաներին ավելի մերձեցնել հայրենի հողին, որ սիրեն իրենց երկիրը, լինեն հայրենասեր, արմատավորվեն  գյուղում և իրենց ներդրումն ունենան համայնքի զարգացման գործում։ Այսինքն՝ համայնքի երիտասարդը պետք է իմաստավորված կյանք ունենա, կապվի իր հող ու ջրին և ձգտի շենացնել այն։ ՀՀ ՙԱռաջնորդության դպրոց՚-ի նախագահն իր հերթին կոչ է անում բոլոր բարերարներին, որ առաջին հերթին մտածեն գյուղերին օգնելու մասին. եթե ամեն մեկը ներդրում կատարի այս կամ այն գյուղի բարգավաճման գործում, բավականին մեծ գործ կատարած կլինի հայրենիքի համար։ 
Բացի այս ծրագրից, նշված երկու կառույցները համատեղ կազմակերպում են ամառային ճամբարներ, աշնանային դպրոցներ, այցելություններ  Արցախի, Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրեր, համայնքների զարգացման ու բարեգործական ծրագրեր։ Նմանատիպ մի  ծրագրով Նոր Մարաղա գյուղի 15 դպրոցականներ եղան Հայաստանի տեսարժան վայրերում, շփվեցին իրենց հասակակիցների հետ։ Ի դեպ, նրանցից շատերն առաջին անգամ էին Երևանում։ Ծրագիրը կկրի շարունակական բնույթ։ Նշված կազմակերպությունների ջանքերով  ամեն տարվա դեկտեմբերի վերջին Նոր Մարաղայում  կազմակերպվում է ՙՁմեռ պապիկը բոլորի համար՚ ծրագիրը, որի շրջանակներում անց են կացվում  հանդեսներ և նվիրատվություններ։ Դրան զուգահեռ՝ գյուղ են հրավիրվում նաև բժիշկներ, ովքեր ցուցաբերում են առաջին բուժօգնություն։ Ս. Պետրոսյանի պարզաբանմամբ՝ իրենք տարբեր միջոցներով ու պարագաներով հնարավորինս օգնում են Նոր Մարաղա գյուղի երեխաներին, որովհետև երկրի ապագան մատաղ սերունդն է։ 
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.