[ARM]     [RUS]     [ENG]

Աբդո ԼԱԲԱԿԻ. ՙՂԱՐԱԲԱՂԸ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ Է՚

655.jpgՀոկտեմբերի 19-23-ը Արցախում անցկացվեց Պոեզիայի միջազգային երկրորդ փառատոնը, որին մասնակցեցին գրականության ներկայացուցիչներ 9 երկրներից։
Հոկտեմբերի 22-ի առավոտյան մասնակիցները շարժվեցին դեպի Գանձասար՝ ճանապարհին հիանալով բնաշխարհի շքեղությամբ։ Մասնակիցներից ոմանք երկրորդ անգամն էին լինում այստեղ, որը չէր խանգարում մեկ անգամ ևս զմայլվելու չնաշխարհիկ գեղեցկություններով, հզոր ճարտարապետական կառույցով։ Իսկ առաջին անգամ տեսնողները պարզապես ցնցված էին։ ՙԴրախտ է, չէ՞՚,- իտալացի բանաստեղծուհու խոսքին արաբ բանաստեղծ Աբդո Լաբակին պատասխանեց. ՙԱմբողջ Ղարաբաղն է դրախտավայր՚։
ՙԾովեն քար՚ կոչվող վայրում, հենց հրապարակում սկսվեց արաբական պոեզիայի ժամը՝ արաբական երաժշտության հնչյունների տակ, որը բավականին էկզոտիկ տպավորություն թողեց ոչ միայն մասնակիցների, այլև շրջապատում գտնվող զբոսաշրջիկների վրա։
Բացման խոսքում ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը նշեց, որ Գանձասարում պոեզիայի ժամ անցկացնելն արդեն ավանդույթ է դարձել (նախորդ փառատոնին անդրադարձել էին վրացական պոեզիային)։ Որ Հայաստանի, Արցախի և Լիբանանի միջև կապերը սերտ են, որ արաբական պոետներն այսօր առաջնակարգ տեղ են գրավում համաշխարհային գրականության մեջ։ Բանախոսը  երախտագիտություն հայտնեց հայ իրականության մեջ ճանաչված մտավորական և գրող Սարգիս Կիրակոսյանին, որ ՙՅոթ Ծիածան՚ հայերեն թարգմանված գիրքը դրեց ընթերցողի սեղանին, և հայ ժողովուրդը կարողացավ ծանոթանալ արաբական պոեզիայի գոհարներին։ Վ. Հակոբյանն ասաց, որ իր ընկալումներում խոր տպավորություն է թողել արաբ պոետ Կաբանին, որի ստեղծագործությանը ծանոթացել է դեռևս ուսանողության տարիներին։ Հանձինս փառատոնին մասնակից պոետների՝ կարելի է գաղափար կազմել արաբ ժողովրդի հոգեկերտվածքի, բարության մասին։ Չէ՞ որ այդ ազգն էր, որ 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ ապաստան տվեց, օգնության ձեռք մեկնեց յաթաղանից մազապուրծ հայերին։
ՙԱշխարհի վրա կա մի ժողովուրդ, որ տիեզերական գեղեցկությունների պահապանն է, նրանք պոետներն են, և այս առումով այստեղ հավաքվածներս՝ բոլորս քույրեր և եղբայրներ ենք։ Եթե բաբելոնյան աշտարակաշինությունը չլիներ, մենք նույն լեզվով կխոսեինք,- ելույթում կատակով ասաց լիբանանահայ գրող Սարգիս Կիրակոսյանը։- Մենք խոսում ենք բարության և ճշմարտության հավերժական լեզվով։ Նախաքրիստոնեական շրջանից արաբական գրականությունը հենվել է բանաստեղծության վրա և դարերի ընթացքում կրելով զանազան հոլովույթներ, այսօր մեզ ներկայանում է դասական, սյուրռեալիստական, մետաֆիզիկական և այլ ձևերով։ Բանախոսը կանգ առավ երկու սերունդների (1950-1980-ականների) պոետական նկարագրի վրա, այնուհետև կարդաց նախ՝ արաբերեն, ապա բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը։ 
ՙԳիտե՞ք ինչու երկնքում ամպ չկա, որովհետև արևն ինքը ուզում է բանաստեղծություն լսել՚,- ասաց  Աբդո Լաբակին և կարդաց իր ՙԽոստումը մի մոռնար՚ ստեղծագործությունը։ 
Արաբ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Աթհամ Աթ Տիմաշքիի ոգեշունչ արտասանությունը կատարյալ էր. նա ոչ միայն պոետ է, այլև՝ դերասան, բեմադրիչ, գեղանկարիչ։
Ռումինացի Մարիուս Քիլատուն, որ իր լեզվով թարգմանել էր Կաբանիի գործերը, մի քանի բանաստեղծություն կարդաց։ 
Օրն այնքան ոգեշնչող էր, որ գերմանացի Վիլհելմ Բարչը կարդաց հանպատրաստից գրած իր բանաստեղծությունը։
Բանաստեղծություններ կարդացին նաև իտալացի Աննա Սանտո Քուիդոն, բուլղարացի Վանյա Անգելովան, Լեհաստանից Դարիուս Լեբյոդան, Կալինա Իզաբելա Զիոլան, Սոկրատ Խանյանը, Էդուարդ Հարենցը, Գագիկ Դավթյանը, սերբուհի Լյուբիցա Միլետիչը, Արմեն Ավանեսյանը և ուրիշներ։
* * *
Նույն օրը Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ ՙԲանաստեղծությունը և տիեզերական շարժումը՚ թեմայով։ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը բացելով գիտաժողովը, ասաց, որ այն նվիրված է տարբեր երկրներում գրականության, մասնավորապես պոեզիայի զարգացման միտումներին։ ՙՄեր դարաշրջանը,- ասաց նա,- բանաստեղծության ազատականացման շրջան է, և հետաքրքիր է, թե այսօր ինչ անուններ կան ռուսական, գերմանական, լեհական և այլ ժողովուրդների գրականության մեջ։ Պոեզիան կճահճանա, եթե ՙտապակվի՚ ինքն իր յուղի մեջ։ Այս առումով գիտաժողովը հաղորդակցման լավագույն միջոցն է՚։
Արմեն Ավանեսյանը (Հայաստան) իր զեկուցման մեջ խոսեց այն խնդիրների մասին, որոնք առկա են բոլոր երկրների գրականության մեջ։ 20-րդ դարավերջին և 21-րդի սկզբում հայ իրականության մեջ ձևավորվեցին նոր գրական շարժումներ՝ նոր արտահայտչամիջոցներով՝ թե՜ լեզվական, թե՜   բովանդակային։ Նորարարությունն արմատներ ձգեց 60-ականներին, իսկ հետագա զարգացումների մեջ իր դերն ունի Վարդան Հակոբյանի պոեզիան, որն ավանդականի և մոդեռնիզմի միահյուսումն է։ Գրողը հարցեր է բարձրացնում, ոչ թե փորձում է դրանց պատասխաններ տալ։ Սա պոստմոդեռնիզմի՝ ճշմարտությանը հասնելու ձևն է։ Հակոբյանի պոեզիայում գոյություն ունեն բազում ճշմարտություններ՝ նայած թե ինչ դիտանկյունից ես մոտենում։ Նրա տողերն արագ փոփոխվում են, ինչը բնորոշ է  21-րդ դարի արագ ընթացքին։ Բանախոսը շրջադարձային համարեց ՙԹևերի հեռուն՚ ժողովածուն, որտեղ միահյուսված են մտայինն ու հուզականությունը, որտեղ պոետը մտերմիկ զրույցի է բռնվում ընթերցողի  հետ, բացում է իր ինտիմ գաղտնիքները, ստեղծում հակընդդեմ շարժվող պատկերներ, բերում կոնտրաստային երանգներ։ 
Մարիուս Քիլարուն իր զեկուցման մեջ նշեց, որ Եվրոպայում ավանգարդի առաջին քայլերը ռումինացիներն են կատարել, որ չնայած  գոյություն ունեցող խորհրդային գրաքննությանը, երկրում կարողացան զարգացնել ստեղծագործական միտքը։
ՙՅուրաքանչյուր պոետ, յուրաքանչյուր շարժում այս կամ այն ուղղությանը կհարե, բայց պոեզիայում ներկայացվող մարդկային էությունը համաշխարհային է, այլապես մենք չէինք գտնվի այստեղ՝  հոգեպես հաղորդակցվելու համար,- իր ելույթում ասաց Աբդո Լաբակին։- Ուղղություններից զատ գոյություն ունի 3 պայման, որը պարտադիր է պոեզիայի համար։ Սայաթ-Նովա կկարդամ և կըմբոշխնեմ նույն ձևով, ինչ մարդը 300 տարի առաջ։ Ես հիացած եմ հայկական բանաստեղծությամբ։ Եթե կա մեկը, որ մտածում է հային լռեցնել, սխալվում է։ Եթե հայը լռի, սարերն ու քարերը կաղաղակեն՚։ Արաբ բանաստեղծը պոեզիային ներկայացվող առաջին պայմանը համարեց մարդկային էության տիեզերական ամբողջականությունը, երկրորդը՝ անկեղծությունը և կենսափորձը, երրորդը կախված է անհատից, թե ինչ հմտությամբ կստեղծի պատկերները։ 
ՙԲանաստեղծությունը ոչ թե մեզի ծանոթն՝ է, այլ՝ անծանոթը,- ասաց Սարգիս Կիրակոսյանը,- այն անջրպետը, որի մեջ կան լուսավոր և անլույս աստղեր՚։
Արշակ Տեր Մարգարյանը (Ռուսաստանի Դաշնություն), Աննա Քուիդոն (Իտալիա), Դարիուս Լեբյոդան (Լեհաստան) խոսեցին ռուսական, իտալական, լեհական պոեզիայի զարգացման միտումների մասին։ 
ՙՊոեզիան պատկերավոր մտածողություն է ռիթմի մեջ,- ընդգծեց Վիլհելմ Բարչը (Գերմանիա),- գրել հոգով ու մտքով. սա է կարևորը՚։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր զեկուցման մեջ նշեց, որ գեղարվեստական երկը շահում է, եթե կատարյալ է ձևով ու բովանդակությամբ, որ գրողն իր ժողովրդի հոգու արտահայտությունն է, կրում է իր ազգային պոեզիայի առանձնահատկությունները։
Վարդան Հակոբյանը, ամփոփելով Պոեզիայի միջազգային փառատոնը, դիպլոմներ և պարգևներ հանձնեց փառատոնի ակտիվ մասնակիցներին։ 
Փառատոնի դափնեկրի կոչման արժանացավ երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը։  
Իտալիայի և Լեհաստանի պոետների կողմից մրցանակներ և իրենց երկրներն այցելելու հրավերներ ստացան Վարդան Հակոբյանը, Հրանտ Ալեքսանյանը։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ