Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

ErnestMirzoyan.jpg2014թ. նոյեմբերի 21-23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում կայացած սամբոյի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականի կազմում արցախցի սամբիստներ Մավրիկ Նասիբյանը դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Աշոտ Դանիելյանը՝ առաջնության բրոնզե մեդալակիր։
 Նրանց մարզիչն է ՀՀ և ԼՂՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը, ում շնորհիվ էլ ոչ միայն այս մարզիկները, այլև Ստեփանակերտի սամբոյի մանկապատանեկան մարզադպրոցի սաները տարբեր առաջնություններում տարեցտարի ցուցաբերում են բավականին լավ արդյունքներ։ Շնորհավորելով մեր սամբիստներին, Ամանորի նախաշեմին զրուցեցինք ԼՂՀ ոստիկանության ֆիզիկական մարտական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Էռնեստ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ։
-Բոլորս էլ անչափ ուրախանում ենք արցախցի մարզիկների հաջողություններով, հատկապես երբ նրանք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դառնում են չեմպիոններ և փոխչեմպիոններ։ Որպես մարզիչ՝ ե՞րբ եք սկսել աշխատել ՙԴինամո՚ մարզական ընկերությունում։ 
- Ընդհանրապես ՙԴինամո՚-ի մարզադահլիճում սամբո մարզաձևով ես զբաղվում եմ 8 տարեկանից։1977թ. սամբոյի պատանիների առաջնությունում դարձա Ադրբեջանի չեմպիոն։ Խորհրդային բանակից հետո՝ Հայաստանի մասնակցել եմ  համամիութենական մրցաշարերի, այդ թվում՝ ՆԳՆ-ի կողմից կազմակերպված առաջնություններին։ Այժմ որպես ԼՂՀ ոստիկանության ֆիզիկական մարտական պատրաստականության բաժնի պետ, մարզիչ՝ աշխատում եմ ՙԴինամո՚ մարզական ընկերությունում։ 
- Իսկ ինչպե՞ս են ընթանում ձեր պարապմունքները, ի՞նչ պայմաններում և ինչո՞ւմ է կայանում հաջողությունների  հասնելու գաղտնիքը։ 
- Բնականաբար, պետք է շատ աշխատել։ Ճիշտն ասած, շատ խոսել չեմ սիրում, բայց 1985թ. աշխատելով որպես մարզիչ,  ՙԴինամո՚ մարզադահլիճում պարապում եմ ամեն օր։ Այստեղ կա 2 մարզագորգ. մարզվում են տարբեր տարիքային խմբերի 200-ից ավելի սամբիստներ։ Ու պարապել ցանկացողների թիվն այնքան շատ է, որ նույնիսկ տեղ չունենք, բայց չենք էլ կարողանում մերժել։ Աշխատում ենք 4-5 մարզիչների հետ միասին։ Մենք ունենք ՀՀ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, տարբեր առաջնությունների 30 մրցանակակիրներ։ Արդեն ունենք աշխարհի 3-րդ չեմպիոնը, իսկ Աշոտ Դանիելյանը երկու անգամ եղել է Եվրոպայի սամբոյի առաջնության չեմպիոն։ Ներկայումս Աշոտ Դանիելյանը և Մավրիկ Նասիբյանը ՀՀ  2014թ. լավագույն մարզիկների տասնյակում են։ Մեր մարզաձևի առաջին մրցանակակիրը Սամվել Շահրամանյանն էր (1999թ.), հետո՝ Գագիկ Մինասյանը, Արմեն Ադամյանը, Դավիթ Գրիգորյանը, Մարտին Միրզոյանը և այլոք։ Լավագույն արդյունքներ ցուցաբերող և հեռանկարային շատ մարզիկներ ունենք։ Համաձայն մարզական կանոնադրության՝ ամեն տարի կազմակերպվում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլային 7 խաղարկություն, որոնցից միայն 4-ն են միավորներ տալիս։ Մեր սամբիստները պետք է անցնեն այդ բոլոր փուլերով, որ հնարավորություն ունենան մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Ինչ վերաբերում է պայմաններին, ապա համեմատած մյուսների հետ, մեր դահլիճն ունի նորմալ ու անհրաժեշտ պայմաններ։ ճիշտ է, այն ենթակա է վերանորոգման, բայց դա ոչինչ։ Կարևորը մարզիկների՝ լիարժեք  պարապելու ցանկությունն է։  
- Իսկ ֆինանսավորո՞ւմը։
- Ընդհանրապես, մենք ֆինանսական խնդիր չունենք։ 
- Որքանո՞վ եք կարևորում սամբո և այլ մարզաձևերով պարապելը մեր երիտասարդների շրջանում։
- Սամբոն իսկական տղամարդու մարզաձև է։ Բացի դրանից,  մենք միայն չեմպիոններ չենք պատրաստում, այլ նաև՝ ֆիզիկապես առողջ, ազգի համար ծառայության պատրաստ, մարտական բարձր ոգի ունեցող քաջորդիներ։ Ինչպես ասում են, առողջ մարմնի մեջ՝ առողջ հոգի։ Բացի դրանից, ուշադրություն ենք դարձնում նաև կազմակերպական ու կարգապահական հարցերին։ 
- Փաստորեն ամեն օր պարապելու, կարգապահական ու կազմակերպչական ձիրքի շնորհիվ  կարողանում եք ունենալ բարձր արդյունքներ։ 
- Անկասկած, պետք է անընդհատ պարապել, քրտնաջան աշխատել և կազմակերպված ներկայանալ պարապմունքներին։ Միակ խնդիրն ինձ համար ՊԲ-ում սպորտվաշտ ունենալն է։ Շատ կարևոր է, որ ծառայության ժամանակ մարզիկները հնարավորություն ունենան շարունակել պարապել։ Ունենք շատ լավ մարզիկներ, որոնց համար խնդրում ենք, որ մոտակա զորամասերում ծառայեն ու ամեն օր գան պարապմունքի։ Այդ հարցով դիմել եմ նաև  երկրի  նախագահին։ Ընդհանրապես, սամբոն Խորհրդային Միությունում ստեղծված ըմբշամարտ է և բանակի ներքին զորքերի և ազգային անվտանգության մարմինների ծառայությունների ինքնապաշտպանության միջոց։ ՙՍԱՄԲՈ՚ բառը հապավում է, որ նշանակում է ինքնապաշտպանություն՝ առանց զենքի։ Այս մարզաձևը տարբեր ժողովուրդների ազգային ըմբշամարտի ձևերի յուրահատուկ համադրում է, որոնցից մեկն էլ հայ ազգային ՙԿոխ՚ կոչվող մարզաձևն է՝ իր առանձնահատկություններով ու կանոններով։ ՙԿոխ՚-ի հիման վրա 1990-ականներին ստեղծվել է սամբոյի հայկական դպրոցը։ Նախատեսվում է սամբոն դարձնել օլիմպիական մարզաձև, որովհետև տարեցտարի վերջինիս ընդգրկվածությունը մեծանում է։
- 2015-ին ի՞նչ ծրագրեր ունեք, ո՞ր մրցաշարերին եք պատրաստվում մասնակցել։
- Նոր տարում կմասնակցենք, իհարկե, Եվրոպայի, աշխարհի և այլ  առաջնությունների։ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ 2015թ. մեծահասակների  աշխարհի առաջնությունը կկայանա Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում։ Պատրաստվելու ենք այդ և այլ մրցաշարերի։ 
Օգտվելով  առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին և Սուրբ Ծնունդը, ցանկանում առողջություն, երջանկություն, ամենալավն ու բարին, մեր երկրին՝ միշտ խաղաղություն։ Իսկ երիտասարդներին կոչ կանեի անպայման զբաղվել սպորտով, որովհետև ովքեր պարապում են, ճիշտ են դաստիարակվում։ Նրանք վարում են առողջ ապրելակերպ, զերծ են  մնում վատ սովորույթներից, դառնում են կարգապահ, ուժեղ, արի, ամուր բնավորության տեր և  ֆիզիկապես պատրաստ հայրենիքի պաշտպանությանը։  
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ