Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶԵԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ

32.jpgՓետրվարի 6-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ դասական երաժշտության երեկո: Հայաստանի Արամ Խաչատրյանի անվան եռյակի հրավերով և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Արցախ են ժամանել աշխարհում ճանաչում ունեցող ՙԵրաժշտություն՝ հանուն խաղաղության՚ միջազգային բարեգործական հիմնադրամի երաժիշտները, որոնք էլ հանդես եկան այդ համերգին:
Չորս տարի առաջ ռուս երաժիշտներ` միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Մարիա Նեմցովան և սաքսոֆոնահար Վիտալի Վատուլան  մտահղացել են ՙԵրաժշտություն՝ հանուն խաղաղության՚ միջազգային բարեգործական հիմնադրամի նախագիծը, որն արդեն հասցրել է երաժշտության հզոր ուժի միջոցով խաղաղություն տանել աշխարհի 15 երկրներ, այն վայրերը, որտեղ մարդիկ անցել են պատերազմի թոհուբոհի միջով:
Նշենք, որ նրանք Արցախում են արդեն երկրորդ անգամ: Հրաշալի այս երաժիշտները ժամանել են իրենց կատարումներով բերկրանք պարգևելու, վարպետության դասերի միջոցով շնորհալի երեխաներին հայտնաբերելու, նրանց առջև նոր հեռանկարներ բացելու առաքելությամբ: Ուստի, Մարիա Նեմցովան և Վիտալի Վատուլան օրն սկսեցին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, որտեղ նրանք վարպետության դասեր անցկացրին ինչպես քոլեջի ուսանողների, այնպես էլ երաժշտական դպրոցների աշակերտների համար: Իսկ երեկոյան մյուս երաժիշտների հետ հետաքրքիր համերգային ծրագիր ներկայացրին մայրաքաղաքի երաժշտասեր հասարակությանը:
Նախագծի երաժիշտների թվում են սաքսոֆոնահարներ Եվգենի Նովիկովը, Դմիտրի Ուվարովը` Գերմանիայից, Խուան Մանուել Դոմինգեսը` Արգենտինայից, Արամ Խաչատրյանի անվան եռյակը` Հայաստանից: Ի դեպ, այս անգամ Եռյակի երաժիշտներից Արցախ եկել էր միայն ջութակահար Կարեն Շահգելդյանը: Աշխարհում երաժշտության միջոցով խաղաղության տարածման այս հետաքրքիր նախագծին անցյալ տարի միացել են նաև Արցախից դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը և Հայաստանից՝ սաքսոֆոնահար Արթուր Քոչարյանը:
Հրաշալի այս երաժիշտները, իրար հետ միանալով տարբեր կազմով` դուետի, տրիոյի, կվարտետի, կվինտետի, մեծ վարպետությամբ, հուզականությամբ կատարեցին Բախի, Բրամսի, Շումանի, Գրիգի, Չայկովսկու, Կոմիտասի, Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից, ինչպես և մեզ քիչ ծանոթ ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Հանդիսատեսի մեծ ջերմությանն արժանացան  կատարումները: Թե՜ հանդիսատեսները և թե՜ երաժիշտները չէին ուզում բաժանվել: Նորից ու կրկին  բուռն ծափահարությունների ներքո նրանք հաճույքով կատարում էին նոր ստեղծագործություններ: Բեմից շնորհակալական ջերմ խոսքեր հղելով՝ նրանք խոստացան կրկին գալ Արցախ:
Ինչպես նշեցինք, Մարիա Նեմցովան և Վիտալի Վատուլան երաժշտական քոլեջում անց են կացրել վարպետության դասեր, որի ժամանակ աշխատել են շնորհալի երիտասարդ և պատանի երաժիշտների հետ: Դասերն այդ կազմակերպվում են, խոստովանում են երաժիշտները, այն նպատակով, որպեսզի հայտնաբերված լավագույն կատարողները հետագայում միանան նախագծին:
Նախագծի շրջանակներում շնորհաշատ երիտասարդ այս երաժիշտները համերգային հարուստ ծրագրերով հանդես են եկել Կովկասի այլ երկրներում, Իսրայելում, Պաղեստինում, Թունիսում: Իսկ Արցախում տված համերգից հետո նրանք նոր ելույթներով հանդես կգան Վրաստանում, Հնդկաստանում, ապա` Ուկրաինայում: Համերգներին կմիանան ևս երկու շնորհալի երաժիշտներ Արցախից, որոնք բարձր վարպետություն ցուցաբելերու շնորհիվ հրավիրվել են մասնակցելու առաջիկայում նախատեսված համերգներին:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ