[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՆԱՉԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ

Ճանաչենք ինքներս մեզ՚. այսպես է անվանվել ինտելեկտուալ խաղը, որը զինվորականների համար կազմակերպել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատը և որի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերն անցան նախորդ շաբաթվա ընթացքում: Նշենք, կիսաեզրափակիչ փուլերն անցան նաև Հադրութի և Մարտակերտի մշակույթի տներում:
Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Նաիրա Նաջարյանի խոսքով՝ ինտելեկտուալ խաղերի կազմակերպման նպատակը զինվորների շրջանում հայրենագիտական և իրավական գիտելիքներն ամրապնդելն է, գիտակ և հետաքրքրասեր զինվորներին ի հայտ բելելը: Ընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ էր ցանկացած զորամասից ընտրել 1-ական թիմ, որը պետք է նախապատրաստվեր հետևյալ թեմաների շուրջ. ՀՀ ԶՈՒ 4 կանոնադրությունները, իրավագիտությունը, Սահմանադրությունը, մեր հերոսների կյանքն ու գործունեությունը՝ Աշոտ Ղուլյան, Մոնթե Մելքոնյան, Յուրա Պողոսյան, ազգային գաղափարախոսությունը (Գ. Նժդեհ): Խաղում մասնակցում էին ժամկետային զինծառայողներ և զինմասերի ենթաշեֆ դպրոցների բարձր դասարանների առավել պատրաստված աշակերտներ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին կրթության, գիտության ոլորտների մասնագետներ, ինչպես և առավել պատրաստված սպաներ:
Այսպիսով, եզրափակիչ փուլում մասնակցած թիմերից հաղթող է ճանաչվել ՙՊատերազմի աստված՚ թիմը (119 միավոր): Երկրորդ հորիզոնականում հայտնվել է ՙԴիզակ՚ թիմը (97 միավոր), երրորդ սանդղակը զբաղեցրեց ՙԿիլիկիա՚ թիմը (65 միավոր):
Պալատի տնօրեն Ն.Նաջարյանի գնահատմամբ, եզրափակիչ փուլն անցավ հետաքրքիր ու լարված: Թե՜ զինվորականները, թե՜ դպրոցականներն աչքի էին ընկնում բարձր պատրաստվածությամբ`  զուտ գիտելիքների, երգ ու պարի առումով: Գնահատվում էր ոչ միայն գիտելիքիների իմացությունը, այլ նաև դրանց սահուն, գեղեցիկ հայերենով արտահայտումը: Եվ ինչն է ուրախալի, շեշտում է տիկին Նաջարյանը, որ մեր զորամասերում շատ կան խելացի, հարուստ  գիտելիքներով օժտված, գրագետ, գեղեցիկ հայերենով խոսող, հայրենիքին նվիրված զինվորականներ, ինչը վկայում է, որ հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է: Նման խաղեր, հավաստիացնում է պալատի տնօրենը, նախատեսված է կազմակերպել պարբերաբար` ի նպաստ բանակ-հասարակություն կապերի ընդլայման ու զարգացման:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ