ԿԱՊԸ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Rima.jpgԱնցյալ տարվա  նոյեմբերին Ստեփանակերտի  պատկերասրահում  տեղի ունեցավ ՙՏոհմածառ՚ հանրապետական  առաջին մրցույթի արդյունքների ամփոփումը երկու անվանակարգով՝ ՙԻմ տոհմը՚ և ՙԾագումնաբանությունը  իմ նախասիրությունն է՚։ 
Մրցույթին մասնակցել է նաև թոշակառու  ուսուցչուհի Ռիմա Ներսիսյանը, որի արմատները  հասնում են մինչև  Արևմտյան Հայաստանի  Էրզրում գավառը։ Հոր՝ գերդաստանում պահպանված հիշողությունների մեջ բավականին մեծ տեղ են զբաղեցնում  հայ ժողովրդի  արևմտյան հատվածի մղած տարերային պայքարը թուրքական լծի դեմ և ջարդերը։ Ռ. Ներսիսյանը ՙԻմ տոհմը՚ անվանակարգում ներկայացրած աշխատանքի համար արժանացել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրին և հուշանվերի։  
...Դավայան Ալեքսանը 86 տարեկան էր, երբ մահացավ։ 1986 թվականն էր։ Զավակներից 5 եղբոր միակ քույրը՝ Ռիման, 1961¬ին հարս էր եկել Ղարաբաղ, ուսուցիչ Ներսիսյանների ընտանիքը։ Հոր սիրասուն դուստրը միշտ գնում¬գալիս էր, հարկ եղած դեպքում խնամում հորը։ Տանը հոր ձեռքով պատրաստած սնդուկ կար, կողպեքը՝ վրան, ոչ մեկը իրավունք չուներ բացելու։ Աղջիկը գիտեր, որ հայրը  բանաստեղծություններ էր գրում, երբ գալիս էր Ղարաբաղ՝ աղջկան տեսնելու, կանգնում էր բլրի վրա, շուրջը հավաքում մեծահասակներին ու արտասանում։  Բանաստեղծելու շնորհը հորից աղջկան էր անցել։  Երբ հայրը մահացավ,  սնդուկը բացեցին. համարակալած տետրեր էին, որ Ռիման սրբությամբ պիտի պահեր և ուսումնասիրեր։ Նազարեթի որդի Ալեքսանը ներկայացրել էր տոհմի պատմությունը, վերջում կտակել, որ իրենից հետո շարունակեն ազգի պատմությունը, պատմեն թոռներին ու ծոռներին, որպեսզի նրանք էլ ժառանգեն սերունդներին, և այսպես շարունակվի  կապը անցյալի՝ նախնիների, ապուպապերի հետ։
ՙՉնայած, ես այլևս չեմ մտնում Դավայանների տոհմածառի մեջ, բայց կարդալով հայրիկիս կտակը, որոշեցի շարունակել մեր տոհմի պատմությունը։ Որպեսզի մեզնից հետո եկածները իմանան, թե որտեղ են ապրել մեր պապերը, ինչու են գաղթել, որտեղ են  բնակություն հաստատել՚,¬ ասում է Ռիման, ով այժմ 73 տարեկան է, թոշակառու։ Այս պատմությունը պահպանելը և լրացնելը սրտամոտ է եղել 40 տարի մանկավարժ աշխատած կնոջը։ Եվ երբ լսեց ՙԻմ տոհմը՚ մրցույթի մասին, ուրախությամբ ներկայացրեց Դավայանների տոհմի պատմությունը, որը հայ ժողովրդի արևմտյան մի հատվածի պատմությունն է՝ հերոսական և ողբերգական դեպքերով, անցքերով։ Մրցույթի պահանջներից մեկն այն էր, որ տոհմի պատմությունը պետք էր ընդգրկեր առնվազն 150 տարի։ Դավայանների տոհմը 300 տարվա պատմություն ուներ՝ հոր գրառումների հիման վրա, բայց առանց արխիվային փաստաթղթերի։ 
Ազգի նահապետը Մարտիրոսն էր, որ ծնվել էր 1685թ. Արևմտյան Հայաստանի Էրզրում գավառի Կանա գյուղում։ Հարուստ էին ապրում, քանի որ ղլեչի (կլայեկագործ) Մարտիրոսը բազմարհեստ մարդ էր, գիտեր գյուղատնտեսական գործիքներ պատրաստել, նաև՝ զենքեր, որոնցով պաշտպանվում էին։ Մարտիրոսը հարգանք ու պատիվ էր վայելում ոչ միայն հայերի, այլև այլազգիների մոտ, քանի որ հյուրասեր ու ձեռնբաց մարդ էր։ 6 երեխաներից 4-ը տղաներ էին, մեկը Դավիթ էր կոչվում, որին Դավո էին ասում, որի անունով էլ կոչվում և շարունակվում է տոհմը՝ Դավայաններ։ Դավթի եղբայր Հայկազը շնորհալի էր, գրող էր, գրի էր առնում  ժամանակի դեպքերը, անցուդարձերը։ Չորս եղբայրներն էլ հայտնի են եղել իրենց քաջությամբ։ Դավոն, Սիսակը, Միսակը, Հայկազը հայ գյուղացիներին պաշտպանում էին թուրքերից և հարկահաններից։ Նրանք Մարտիրոսի սարքած զենքերով բարձրանում էին սարերը, հարձակվում հարկահանների վրա, ջարդ տալիս։ Ալեքսանի տետրերից Ռիման մեջբերում է հետևյալ պատմությունը. Կանա գյուղում Մարտիրոսենց ազգում հարսանիք էր։ 1817 թիվն էր, մայիսի 12-ը։ 16 ձիավոր թուրքեր մտնում են հայկական գյուղ իբր հարկ հավաքելու, բայց փաստորեն եկել էին հարսանիքը խանգարելու, ալան¬թալանի։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ հարսանքից աղջիկ էին փախցրել։ Նրանք տանուտերին սպառնալիքներ տալով  ստիպեցին  իրենց տանել հարսանքատուն։ Տանտերը 6 տղա ուներ և 6 եղբայր։ Թուրքերը մասնակցեցին հարսանքին, և երբ քեֆները լավացավ, սկսեցին անկարգությունները. քաշքշեցին աղջիկներին, սպառնացին հարսանքատիրոջը, որ եթե այս պահին հարկը չտան, հարսին կտանեն։ Հարսանքավորները 12 թուրքի սպանում են, 4-ը փախչում են։ Հարսանիքը վերածվում է սգի. հայերից ևս զոհեր կային։ Այդ գիշեր գյուղը բռնեց փախուստի ճամփան դեպի Արևելյան  Հայաստան, քանի որ լուսադեմին գյուղը սրի կքաշեին։ 
Գաղթականները բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի Արթիկ գյուղում։ 
1829-1830 թթ. ռուս¬թուրքական պատերազմից հետո ռուսական զորքը դուրս է գալիս Էրզրումից ու Արզինկայից, և այդ բնակավայրերի հայերը տեսնելով, որ իրենք մնացին թուրքերի գերիշխանության տակ, գաղթում են Արևելյան Հայաստան, նաև բնակություն հաստատում Ախալքալաքում, Ախալցխայում, մի մասն էլ՝ Արթիկում։ Արթիկի դիրքը հարմար էր անասնապահության և հողագործության համար։ Հյուսիսային մասում տեղավորվեցին Կանա գյուղից, հարավային մասում՝ Ղարսից գաղթածները։ 
Դավիթ¬Դավոյի որդի Միքայելից ծնվեց Օվակը, Օվակից՝ Նազարեթը, Նազարեթից՝ Ալեքսանը, Ալեքսանից՝ Ռիման իր 5 եղբայրներով։ Ռիման լավ հիշողություններ ունի Նազարեթ պապից, որը բարի ու հյուրասեր մարդ էր, դուռը միշտ բաց օտարականների առաջ։ Հիմնական զբաղմունքը նալբանդությունն էր։  ՙՊապս մի ծեր շուն ուներ։ Մենք շատ էինք սիրում Չալոյին։ Երբ պապս մահացավ, Չալոն գնաց¬նստեց այն տեղում,  ուր պապս էր նստում, 3 օր ոչ ջուր խմեց, ոչ կերավ ու սատկեց։ Մենք՝ երեխաներս, շատ տխրեցինք Չալոյի համար՚,¬ մանկության հուշերով է տարվում թոշակառու ուսուցչուհին։ 
Ալեքսանի տետրերից. ՙԳյուղի գրագետ մարդը Վայրամ Տացուն էր։ Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ հայրս՝ Նազարեթը, ինձ տարավ  նրա մոտ՝ սովորելու։  Տացուի ձեռքին մի բարակ ճիպոտ կար։ Մենք լուռ նստում էինք աթարների վրա։ Երբ մեզ դաս էր հարցնում, գիտեինք¬չգիտեինք, ձեռք էինք բարձրացնում։ Ով դասը չգիտեր, մի երկու ճիպոտ էր հասցնում գլխին։  Մի անգամ հարցրեց՝ ով կկարդա դասը։ Ես ձեռք բարձրացրի։ Նա թե՝ Ալեքսան, կարդա, թող այս հիմարները ամաչեն։ Որ չասաց, թե կարդա, ոտքերս դողացին, բերանիցս ձայն չի դուրս գալիս։ Ճիպոտը վրա բերեց, ես կողքի ծռվեցի, աթարները տակիցս ընկան, ես՝ ուղիղ գետնին։ Երկրորդ ճիպոտի հարվածը կպավ գլխիս։ Այդ միջոցին տիրացուի կինը ներս մտավ, ամուսնու վրա բարկացավ, ինձ բարձրացրեց, շորերս մաքրեց, թե՝ գնա դասի։ Դուրս թռա ու գնացի տուն։ Այդ օրվանից էլ չգնացի Տացուի դպրոց՚։ 
Ալեքսանը տեսել է 1914թ. պատերազմը, 1918-1920թթ. թուրքերի ներխուժումը Արթիկ։ Տեսել է, թե ինչպես են  թուրքերը հայ գեղեցիկ աղջիկներին տանում, թե ինչպես է թուրքը թալանում չարքաշ գյուղացու ինչքը։ Մասնակցել է Մեծ Հայրենականին։ 
Ալեքսանը գրի է առել հոր՝ Նազարեթի պատմածը։ ՙ1915 թվականն էր, կոտորածի տարի։  Էրզրումից փախած գաղթականների մեջ էր մեր բարեկամ Ապետը։ 12 ընտանիքից փրկվել էր միայն ինքը։ Ապետը պատմում է, որ որոշել էին ամբողջ գյուղով դուրս գալ, հանկարծ թուրքերը պաշարեցին գյուղը ու սկսեցին կոտորել։  Ով զենք ուներ՝ կռվում էր, ով չուներ՝ կացնով, եղանով, մահակով։ Ովքեր կարողացան, փախան սարերը։  Փրկվածները թաքնվեցին ժայռերի արանքում։ Սոված¬ծարավ։ Երեխաները հաց են ուզում։  Տղամարդիկ գիշերը իջան գյուղ, որ ուտելիք ու ջուր բերեն։ Գյուղի մեջտեղը  մի հարուստի տուն կար, տեսան՝ թուրքերը հայ կանանց ծաղրուծանակի են ենթարկում, իրենք էլ հրճվում։ Գյուղում էլ ոչ ոք չկար։ Սարից իջած հայ տղամարդիկ տունը պաշարում են, ներս խուժում, թուրքերի ձեռքերը կապում, դաժան մահով սպանում։  Այդ տան բակում մի մեծ հոր կար, թուրքերին լցրին հորը, հողով ծածկեցին։ Գյուղում կար 32 ձի, բավականին սննդամթերք, որ հայերից էին թալանել։ Ով ինչքան կարող էր՝ ուտելիք¬ջուր վերցրեց, դուրս եկավ գյուղից։ Այդ նույն գիշերը գյուղի փողոցներից հավաքեցին սպանված հայրենակիցներին, գյուղի ծայրին մի փոս փորեցին ու թաղեցին։ Ձմեռն արդեն մոտեցել էր, սարերում մնալը հնարավոր չէր, գյուղում՝ նույնպես։ 1915 թվականը բնաջնջեց 1,5 միլիոն հայ՚։
Ռիմա Դավայան ¬ Ներսիսյանը հոր ձեռագիր¬գրվածքները մի քանի տարի առաջ ուղարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, հորեղբոր տղա Սամվել Դավայանին, որպեսզի վերջինս շարունակի տոհմի պատմությունը։ Իսկ ինքը ՙԻմ տոհմածառը՚ պատմությունը վերջացնում է հետևյալ խոսքերով. ՙՀորս՝ Ալեքսանի շիրիմը գտնվում է Արթիկ քաղաքի տոհմական գերեզմանատանը։ Խաղաղություն քեզ, սիրելի հայրիկ։ Ես կատարեցի քո խնդրանքը՚։ 
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ