[ARM]     [RUS]     [ENG]

ՀՍՏԱԿԵՑՎԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

meliqyan_1_.jpgԱպրիլի 10-ին Արցախի մայր բուհն իր հարկի տակ հյուրընկալեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանին։ Համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում հյուրի հետ կայացած հանդիպմանը ներկա էին  ԱրՊՀ ռեկտորատի անդամները, իրավաբանական բաժնի ուսանողներն ու դասախոսները, Արցախի քննչական մարմինների ներկայացուցիչներ։ 
Մինչ հանդիպումը, ինչպես իր ողջույնի խոսքում իրազեկեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, բուհի ղեկավարությունը հասցրել էր հյուրի հետ առանձնազրույցում որոշ հարցեր քննարկել, մասնավորապես՝ հստակեցնել համագործակցության շրջանակներն ու առաջիկա անելիքները։ Մ. Մինասյանը երախտագիտություն հայտնեց Ռ. Մելիքյանին՝ Արցախի պետական համալսարան այցելելու և ուսումնական հաստատությանն օգտակար լինելու մտադրության համար։ 
Ռուբեն Մելիքյանը մասնագիտական կայացման բավական ճանապարհ է անցել. ուսանել է արտասահմանյան հայտնի համալսարաններում, եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, դասախոսական աշխատանքի մեծ փորձ ունի (շուրջ 12 տարի  դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում),  երեսուն գիտական աշխատանքների ղեկավար է։ Իր իսկ խոսքով՝ մեկ անգամ չի եղել Արցախում։ ՙՄեր խնդիրն է հնարավորինս  նպաստել, օգնել, որպեսզի Արցախի երիտասարդությունը կարողանա լավ կատարել իր գործը։ Իսկ ուսանողական տարիներն այդ առումով շատ կարևոր են։ Ուրախ ենք նաև, որ Արցախի պետական համալսարանի ղեկավարությունը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել լիարժեք ուսումնառության համար՚։ 
Ռ. Մելիքյանը նախ ներկայացրեց Արդարադատության ակադեմիայի՝ որպես Հայաստանի իրավական համակարգում նոր կառույցի գործառույթներն ու նրա առջև դրված խնդիրները։ 
Արդարադատության ակադեմիան ստեղծվեց 2012-2016թթ. իրականացվելիք դատաիրավական բարեփոխումների արդյունքում՝ 2014 թվականին, որի նպատակը հետբուհական մասնագիտական ուսուցում առաջարկելն է լայն սպեկտրի իրավաբանական սեկտորին ՝ դատախազի և դատավորի թեկնածուներին, իսկ սկսած 2015 թվականից՝ նաև քննչական մարմինների ներկայացուցիչներին։ Մասնագիտական պատրաստումն իրականացվում է 7-9 ամսվա ընթացքում։ ՙՄեր առջև դրված է երկու խնդիր՝ ապահովել բարձր ու որակյալ մինչաշխատանքային ուսուցում, որը արդարության հասնելու նախապայմաններից մեկն է,- ասաց Ռուբեն Մելիքյանը։- Ոչ արդարացի վիճակում հայտնվելու պատճառներից մեկն էլ արհեստավարժության բացակայությունն է, ուստի հենց սկզբից փորձում ենք իրավական համակարգում աշխատողի համար պրոֆեսիոնալիզմի չափանիշ սահմանել։ Մյուս խնդիրը՝ նույն լսարանում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ ունենալն է, որպեսզի այս կամ այն իրավական հարցը նույն ձևով ընկալվի։ Հաճախ անարդարությունների պատճառ են դառնում իրավական հարցերի նկատմամբ մարդկանց տարբեր պատկերացումները։ Այս տեսակետից մեզ մոտ գործող դատարաններն օրենքի միասնական կիրառություն ապահովելու խնդիր ունեն՚։
Արդարադատության ակադեմիան համագործակցում է նաև ՀՀ Փաստաբանների պալատի ու Փաստաբանների դպրոցի հետ, չնայած դա կառույցի գործառույթների շրջանակից դուրս է։ Ակադեմիայի ռեկտորի համոզմամբ՝ շփումները տարբեր գործառույթներ իրականացնող կառույցների, տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ հնարավորություն են տալիս մեծ արդյունքներ գրանցել արդարադատության համակարգում։ 
Ռ. Մելիքյանն այնուհետև հանդես եկավ քրեական դատավարության արդի խնդիրների վերաբերյալ թեմայով դասախոսությամբ, որից հետո տեղի ունեցան մասնագիտական քննարկումներ։ Արդարության ընկալման ավելի բարձր մակարդակ՝ սա է իրավական համակարգի ներկայացուցիչների խնդիրը, և այս սկզբունքով պետք է առաջնորդվեն իրավաբաններն ու քննիչները արդարադատության վերաբերյալ խնդիրները լուծելիս. սա էր քննարկումներից արված ընդհանուր եզրահանգումը։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ