[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՍԻՐՈՒՅՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԵՆ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԼԻՆՈՒՄ

kin.jpgՆախադպրոցական տարիքի երեխայի ֆիզիկական, բարոյական, հոգեկան առողջության պահպանման և ամրապնդման, ներդաշնակ զարգացման ու դաստիարակության, դպրոցական ուսուցմանը նախապատրաստելու համար կարևոր դերակատարություն ունեն նախադպրոցական հիմնարկները: Այս հարցերի շուրջ է մեր  զրույցը Ստեփանակերտի հ. 3 պետական մանկապարտեզի տնօրեն Իրինա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
- Տիկին Գրիգորյան, վերջերս Դուք հանդես եկաք մի շատ հետաքրքիր նախաձեռնությամբ. ձեր մանկապարտեզում արդեն ավանդույթ դարձած ներքին պարապմունքներին առանց որևէ արգելքի կարող են մասնակցել նաև մայրաքաղաքի հանրակրթարաններում  գործող նախադպրոցական խմբերի դաստիարակները, ինչը  մեծ արձագանք գտավ իր ուսանելիությամբ: Ո՞րն էր նպատակը: 
- Մանկավարժական կոլեկտիվներում ունեցած հանդիպումների ժամանակ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, արծարծելով ուսման որակի բարձրացման հարցը՝ խնդրի լուծման ուղիներից մեկը տեսնում է տարրական օղակում երեխաներին պատշած մակարդակով գիտելիքներ տալու մեջ` նշելով, որ տարրական օղակում գիտելիքներ չունեցող աշակերտից բարձրում հրաշքի չի կարելի սպասել։ Դրա հետ մեկտեղ, նա կարծում է, որ պետք է նախադպրոցական օղակից սկսել, ինչին չհամաձայնվել չի կարելի: 
Համաքաղաքային բաց պարապմունքներ հաճախակի են կազմակերպվում տարբեր կրթական հաստատություններում, որոնց հրավիրվում են  մասնագետներ դրսից: Դեմ չլինելով  հանդերձ այս ձևին, որի ժամանակ, թող  ներվի ասել,  ինչ-որ տեղ բեմականացված պարապմունքներ են ցուցադրվում,  մենք  գերադասում ենք տարին մի քանի անգամ ներքին, ասել է թե` մեզ համար բաց պարապմունքերի շարք անցկացնել, որոնք հետապնդում են մի քանի նպատակներ` երեխաների գիտելիքների ստուգում, մանկավարժների փորձի կատարելագործում, փոխանակում, քննարկումների  մշակույթի ձևավորում: Իմանալով այդ մասին` քաղաքապետարանի կրթության բաժինն առաջարկեց հրավիրել նախադպրոցական` ավագ խմբերի դաստիարակներին, որոնք հիմնականում սկսնակներ են: Մեզ մոտ  աշխատում են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ դաստիարակներ: Ընդ որում, սկսնակներն էլ չեն խուսափում ներքին բաց պարապմունքներ անցկացնելուց, որպեսզի փորձեն իրենց  ուժերը, տեսնեն  արդյունքը: Պետք է ասեմ, որ  անցյալ, նախանցյալ տարիների համեմատությամբ` մեր  մանկապարտեզի  մանկավարժները  մեթոդական առումով բավականին շատ բան են կիրառել, դարձել են ավելի համարձակ, անկաշկանդ, կարողանում են ճիշտը տեսնել ու քննարկել պարապմունքները: Ի միջի այլոց, քննարկելն ավելի դժվար է, քան պարապմունք անցկացնելը: Դա էլ  ունակություն է: 
Ուրախ ենք, որ մեր հյուրերը   դրանք գնահատեցին  որպես ոչ միայն մանկավարժների` իրարից սովորելու պարապմունքներ,  այլև կոչեցին սեմինար-պարապմունքներ,   մանկավարժական դասեր,  վերապատրաստման դասընթացներ: Թող դա էլ լինի մեր համեստ  ներդրումը կրթության համակարգի զարգացման մեջ:
- Կոնկրետ ի՞նչ դասեր քաղեցին դաստիարակները:
- Ես միշտ հորդորում եմ, որ մեր մանկավարժները պարապմունքների մեծ մասը խաղերի միջոցով կազմակերպեն, երեխայի հետ լինեն շատ անմիջական: Մեզ մոտ երեխայի վրա գոռալը, նրան պատժելը բացառվում են: Միայն սիրով կարելի է երեխաներին դաստիարակել: Երբ մանկավարժը սիրում է երեխային, կրկնակի է վարձահատույց լինում նրանից: Սերն օգնում է, որ երեխան շուտ ընկալի  մանկավարժի տվածը և ձևավորվի որպես լավ անձնավորություն: 
Կա սկսնակ, որը գրեթե ոչինչ չգիտի, բայց ասում  է` ես ամենալավն եմ, ամեն ինչ գիտեմ: Նման անձնավորությունը ոչ մի բանի  հասնել չի կարող, որովհետև անգամ ամենափորձառու մանկավարժը  սովորելու բան ունի: 
Քննարկումների ժամանակ ես  նրանց խորհուրդ եմ տալիս կարողանալ ճիշտ դիտողություն անել, իրենց առաջարկությունը պաշտպանել, հիմնավորել, առանց հիմնավորման` ոչինչ չասել: Դժվար է  դիմացինի և՜ առավելությունը տեսնել, և՜ թերությունները: Պիտի կարողանալ ճիշտ գնահատել: Եթե դիտողություն ես անում, զուգահեռ պետք ասես`  իսկ  ես  այսպես կանեի: 
Առհասարակ ես դեմ եմ ձևականությանը: Թող պարապմունքը վատ լինի, բայց  ներկայացում չլինի:
- Մանկապարտեզը կրթության շղթայի այն օղակն է, որն ամենից շատ կապված է ծնողական հասարակության հետ: Ի՞նչ խնդիրների եք բախվում: 
- Ցավոք, այսօր մեր ծնողները բավարար չափով չեն հետևում իրենց երեխաների դաստիարակությանը, կրթությանը: Շատ ծնողներ ավելի շատ մտահոգված են երեխաներին հագցնելու, կերցնելու խնդիրներով: Մենք հասկանում ենք դրա պատճառները ու աշխատում այդ բացը լրացնել: Ծնողների հետ մենք բավականին մեծ աշխատանք ենք տանում: Մեր ծնողական ժողովներին պարտադիր որևէ  կարևոր թեմա ենք քննարկում: Հրավիրում ենք հոգեբանի և բժշկի, որոնք  ելույթ են ունենում հիգիենայի պահպանման թեմայի շուրջ, թե ինչպես անել, որ համաճարակը չտարածվի, և այլ հարցերի շուրջ: Երբ ինչ-որ մի խնդրի ենք բախվում, ծնողների հետ քննարկում ենք: Բայց չեմ կարող ասել, որ հետադարձ կապը ուժեղ է: 
- Դուք դպրոցից եք եկել մանկապարտեզ,  դպրոցի փորձը օգնու՞մ է, հեշտացնու՞մ է կրտսեր օղակում աշխատելիս:
- Եթե մանկավարժը փորձառու է, ունի ձևավորված մեթոդիկա, կարող է այն կիրառել ցանկացած տարիքի համար, չնայած պետք է ասել, որ մանկապարտեզը մի քիչ ուրիշ ոլորտ է, թեկուզև այն առումով, որ երեխաները տարբեր են ու փոքր են: Դպրոցում կա կարգ, կա նստարան, ինչը պարտավորեցնում է, իսկ այստեղ մենք չենք ստիպում երեխային նստել, նրանք  ավելի ազատ են: Մեզ համար կարևոր է, որ երեխան ազատ միջավայրում մեծանա, որ իր մտքերը ազատ մթնոլորտում ձևավորի: 
- Դպրոցում կա որոշակի կարգ երեխաների հագուկապի վերաբերյալ, իսկ ինչպե՞ս է մանկապարտեզում: 
- Երբ ես եկա մանկապարտեզ, տեսա, որ  երեխաներին ինչ-որ միջոցառումների ժամանակ ծնողները տանում են գեղեցկության սրահներ, մեծերի սանրվածքներ են անում, արհեստական խոպոպներ սարքում: Ես արգելեցի դրանք,  ձգտել եմ մանկություն բերել մեր մանկապարտեզ. գեղեցիկ ժապավեններ` աղջիկների մազերին,  պարզ հագուստներ: Ծնողն այդպես և իր գումարն է խնայում, ինչու չէ, նաև սոցիալական  շերտավորումն է թուլանում: 
- Շուտով  Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Սովորաբար այդ օրը մրցույթներ են կազմակերպվում մանկապարտեզների միջև: Դուք պատրաստվու՞մ եք:
- ՙՄրցույթ՚ հասկացությունն ընդհանրապես լավ բան է, որովհետև մրցույթը մարդուն ստիպում է ձգտել դեպի լավը, կատարելագործվել, ավելի լավը լինել մրցակցի հանդեպ: Բայց պետք է հասկանալ` մրցույթը երբ պետք է կազմակերպել, որտեղ և ինչպես: Ես  դեմ եմ, օրինակ,  երբ  հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության  միջազգային օրվա առթիվ մրցույթներ են կազմակերպվում երեխաների կամ դաստիարակների միջև:   Երեխաների համար տոն պետք է կազմակերպել: Ես հենց այդպես էլ անելու եմ իմ մանկապարտեզում:
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ