Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԵՆԳՈՒՐՈՒ-2015՚-Ի ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

1.jpgԵրեկ Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան  թիվ 3 միջնակարգ դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր մայրաքաղաքի շրջանների դպրոցների աշակերտներով,  ուսուցիչներով, ծնողներով: Հավաքվելու առիթը ՙԿենգուրու-2015՚-ի մրցանակաբաշխությունն էր: 
Ներկաներին ողջունեց ու հաղթող երեխաներին  շնորհավորեց ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
ՙԿենգուրու՚ մաթեմատիկական խաղ-մրցույթն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում տարեցտարի դառնում է առավել ընդգրկուն: 24 տարի առաջ, երբ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի  դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցչի՝ առարկան հետաքրքիր դարձնելու համար հնարած խաղի գաղափարով   Ֆրանսիայում անցկացվեց  այս մրցույթը, մասնակցում էին 120 հազար ֆրանսիացի երեխաներ, հիմա ամբողջ աշխարհում մասնակից երեխաների  թիվն ավելի քան  7 մլն է, մասնակից երկրներինը՝ 67: kenguru.jpg
2010-ից մրցույթն ՙԱյբ՚  կրթական հիմնադրամի միջոցով անցկացվում է նաև Արցախում: Այս տարի մրցույթին մասնակցել են Արցախի 65 դպրոցների 3-12-րդ դասարանների 1994 երեխաներ: Նրանցից հինգը՝ Արամ Պիլիյանը (Ստեփանակերտի թիվ 1 դպրոց, 4-րդ դաս.), Տիգրան Կիսիբեկյանը (Ստեփանակերտի թիվ 2 դպրոց, 5-րդ դաս.), Անի Շահրամանյանը (Ասկերանի միջնակարգ դպրոց, 5-րդ դաս.), Ալեքսեյ Գալստյանը (Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, 6-րդ դաս.), Հերմինե Դայիյանը (Ստեփանակերտի թիվ 8 դպրոց, 8-րդ դաս.) գրանցել են լավագույն արդյունքներ, այսինքն  հաղթահարել են  միավորների պահանջվող շեմը: Իսկ  60 մասնակիցներ  լավագույն են դարձել իրենց դպրոցների մակարդակով: Ասել է թե՝  չկա դպրոց, որ մրցանակակիր աշակերտ չունենա: Դա մրցույթի առանձնահատկություններից մեկն է: Արցախից այս տարի էլ բացարձակ հաղթող չունեցանք. այդպիսին կոչվում է նա, ով բոլոր առաջադրանքները ճիշտ է լուծում, կամ մեկ խնդիր չի լուծում կամ սխալ է լուծում:  Հաղթող բոլոր չորս երեխաները ՀՀ¬ից են:  Հետաքրիր է, որ նրանց մեջ կան այնպիսիք, որոնք երկրորդ կամ երրորդ անգամ են հաղթում, կամ հաղթող ունեցող ընտանիքի մեկ այլ երեխա են: Ի դեպ, այս երևույթը նկատելի է նաև Արցախում: Այսպես, Տիգրան Կիսիբեկյանը երրորդ անգամ է ՙԿենգուրու՚-ում լավագույն արդյունք ցուցաբերում: Նույնքան անգամ էլ՝ ՙՌուսական արջուկ՚-ում:  Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ ԼՂՀ ԿԳ փոխնախարարը պարզապես պահանջեց Տիգրանից. ՙՀաջորդ տարի դու պետք է բացարձակ հաղթող լինես, այլ տարբերակ չեմ տեսնում՚: 
Մրցանակները հանձնեց ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի դպրոցական միջազգային մրցույթների ծրագրերի ղեկավար Շուշան Կարապետյանը: Նա նախ մրցույթին մասնակից բոլոր դպրոցներին՝ աշակերտներով հանդերձ,  հանձնեց մասնակցության հավաստագրեր՝ շնորհակալություն հայտնելով տնօրեններին, որոնց շահագրգռությամբ են երեխաները մասնակցում մրցույթին, ծնողներին և, իհարկե, երեխաներին՝ իրենց ուժերը չափելու քաջության համար: 
Հատուկ մրցանակ ստացած երեխաները պարգևատրվեցին նաև նվերներով, իսկ լավագույն արդյունք ցուցաբերածները՝ դրանց հետ միասին պատվոգրով, մրցույթի խորհրդանիշ կենգուրու փափուկ խաղալիքով, իսկ բարձր դասարանցի երկու աշակերտ՝ նաև մրցույթի խորհրդապատկերով  ուսապայուսակով: 
Շ. Կարապետյանը մանրամասն անդրադարձավ մրցույթի նպատակներին, առանձնահատկություններին, ինչու չէ՝ նաև խախտումներին, որոնք կատարվում են հուշումների, օգնելու ձևով և, իհարկե, աննկատ ու անհետևանք չեն մնում: 
Բոլոր մասնակից դպրոցները, աշակերտները ստացան ՙԿենգուրու-2014՚-ի խնդրագրքեր: Շ. Կարապետյանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների խնդրագրքերը վաճառքում կան գրախանութներում, երեխաները կարող են ձեռք բերել և պարապել ամառվա ընթացքում:  Նրա խոսքով, հաղթողների և ոչ հաղթողների մակարդակների տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Պարզապես առաջիններն իրենց ուղեղները  միշտ մարզում են  տրամաբանական խնդիրներ լուծելով: Դրանում  օգտակար կարող են լինել հիշյալ խնդրագրքերը: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ