ԱՐՎԵՍՏԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՐՎԵՍՏԱՍԵՐՆԵՐԻՆ
ՙ
Անուշ՚ օպերան ներկայացվել է ԼՂՀ Մարտունի քաղաքում

Հունիսի 1-ին Մարտունի քաղաքում մշակութային տոն էր:
Երեխաների պաշտպանության միջազգային օրն անսպասելի նվեր ստացան նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչները: Շրջկենտրոնի մշակույթի պալատում Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի մատուցմամբ ներկայացվեց ՙԱնուշ՚ օպերան:
Թումանյանի ՙԱնուշ՚-ին բոլոր մարտունեցիներն են ծանոթ: Հունիսի 1-ն էլ իր դերն ունեցավ: Այնպես որ՝ Մարտունու մշակույթի տան դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, ավագներից ավելի ակտիվ՝ մանուկներն էին զբաղեցրել բոլոր հնարավոր ու անհնար տեղերը: ՙՇատ ջերմ հանդիսատես ունեք,- վստահեցնում է կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը:¬ Երեխաներն էին մի փոքր աշխույժ նման ներկայացման համար: Բայց նման դեպքերի համար դա էլ էր կանխատեսելի եւ ընդունելի: Այդպես էլ թող լինի՚:
Աշոտ Բաբայանը ՙԱնուշ՚-ի՝ ներկայացվող տարբերակի հեղինակն է: Դասական՝ տիգրանյանական տարբերակից որոշ հատվածներ կրճատվել են, հարմարեցվել փոքրիկ բեմերի սահմանափակ հնարավորություններին, դա թույլ է տվել նաեւ արտիստների ավելի փոքր խմբով ներկայացնել օպերան: Ընդ որում, ժամանող խումբն իր ծրագիրն ամբողջովին հարմարեցնում է տեղի հնարավորություններին: Մարտունիում, օրինակ, նվագախմբին ու հանդիսատեսին ոչինչ չէր բաժանում: Սակայն ոչ դա, ոչ մանուկների անսովոր աշխուժությունը չեն վհատեցնում թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Դուրգարյանին: Հանդիսատեսի դաստիարակության մեջ մեծ դեր ունեն հենց մշակույթի գործիչերը, եւ եթե որեւէ տեղ այդ առումով բաց է նկատվում, ապա դրանից իրենք դժգոհելու իրավունք չունեն։ ՙԵթե մենք 10 տարի առաջ այստեղ լինեինք, 5 տարի առաջ, երկու ամիս առաջ այստեղ լինեինք, անշուշտ, տարբերությունը կզգայինք՚,- գնահատում է Կարեն Դուրգարյանը:
Հանդիպումն սպասված էր: Դա են վկայում ներկաների գնահատականները: ՙՇատ հաճելի էր, որ այս դահլիճում վերջապես նաեւ ՙԱնուշ՚ օպերան ներկայացվեց: Շատ տպավորված եմ: Քիչ էր մնում արտասվեի: Կարծում եմ՝ բոլորն էլ տպավորված են՚,- անկեղծանում է Մարտունու բնակչուհի Սվետլանա Հայրապետյանը: Հանդիսատեսները ոչ միայն Մարտունի քաղաքից էին, այլեւ շրջակա բնակավայրերից եւ անգամ Ստեփանակերտից: ՙԼսել էի, որ ՙԱնուշ՚ օպերան է ներկայացվելու Մարտունիում: Զարմացա, որ Ստեփանակերտը շրջանցել են: Բայց շատ էի ցանկանում ներկա լինել եւ եկա Մարտունի: Հիացած եմ: Սա կարող է մեծ միջոցառումները շրջաններում անցկացնելու նախադեպ դառնալ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին՚,- Ստեփանակերտի բնակիչ Վահագն Ղազարյանի գնահատականն է:
ՀՀ մարզերում եւ Արցախում շրջագայելու նախաձեռնությունը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնինն է: Աջակցել են Հայաստան մշակույթի նախարարությունը, Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը: ՙՄենք պատրաստակամ ենք հայ հանդիսատեսի համար խաղալ բոլոր բեմահարթակներում, որոնք գտնվում են Հայաստանում եւ Արցախ աշխարհում՚,- նախաձեռնության ընդհանուր տրամաբանությունն է ամբողջացնում Կարեն Դուրգարյանը:
Մարտունուց բացի, այս շրջագայության ընթացքում ՙԱնուշ՚ օպերան նաեւ Հայաստանի Հանրապետությունում՝ Ջերմուկում եւ Տափերականում է ներկայացվել: Նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ