ԵՐԲ ԽԻԶԱԽՈՒՄ Է ԵՐԳԸ...
Գուրգեն Գաբրիելյանը հայ մանկական գրականության պայծառ դեմքերից է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, իսկ ՙԱյբուբենը երգերի մեջ՚ գիրքը բազմաթիվ վերահրատարակություններ է ունեցել:
Հանճարեղ ՙՂարաբաղի հորովելն՚ ու արցախյան բարբառով գրված նրա երգերը դարձել են համերգային խմբերի ու անհատ կատարողների երգացանկի պսակը:
Հունիսի 11-ը սիրված մանկագիր, երգահան, արցախյան համազգային շարժման ակտիվ գործիչ Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան օրն է: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի ավագ դասախոս Ամալյա Գրիգորյանի գիտական հոդվածը, ուր հեղինակը համառոտակի անդրադառնում է գրողի կյանքին, ստեղծագործությանն ու գործունեությանը:
Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ղարաբաղյան շարժման վերջին երկու փուլերում էլ (60-ական և 80-ական թվականներ) բանաստեղծ, երգահան Գուրգեն Գաբրիելյանն իր գրչընկերների հետ իրադարձությունների կիզակետում էր: Նա ժողովրդին ոգեշնչում էր հայրենասիրական երգերով, որոնցում Արցախի լեռներն ու գետերը, վանքերն ու հուշարձանները լեզու առած, պատմում են մեր հերոսական անցյալի մասին:
Հայրենի եզերքը Գ. Գաբրիելյանը ներկայացնում է ոչ որպես գեղատեսիլ մի վայր, այլ հերոսների օրրան: Նա անթաքույց հպարտության զգացումներ է ապրում հայրենի երկրամասի պատմությամբ, նրա հրաշք բնությամբ, ստեղծարար ու կենսախինդ մարդկանցով, որոնք իրենց ավանդապաշտությամբ ու նվիրվածությամբ ամուր են պահում ՙպապերի պաշտած հողը՚.
Ես ապրում եմ Ղարաբաղում`
Եվ չեմ ապրի մեկ այլ հողում։
Առաջին հայացքից ոչ ՙբանաստեղծական՚ թվացող այս տողերում պատկերը կառուցված է սոցիալ-հոգեբանական հենքի վրա: Թվում է՝ հեղինակի կողմից ամեն ինչ ասված է պարզ, բայց երբ խորանում ենք երևույթների մեջ, կանգնում ենք բազմաթիվ հարցականների առաջ. ո՞վ է ստիպում ղարաբաղցուն չապրել հայրենի հողի վրա, ավելին` ո՞վ կամ ի՞նչն է ստիպում նրան տեղափոխվել ՙայլ մի հող՚: Եվ պատասխանները, գրողի ապրած ժամանակի համապատկերում, ուրվագծվում են տեսանելիորեն, մեզ հաղորդակից են դարձնում այն տխեղծ ու դաժան իրականությանը, որի մեջ հայտնվել էր Ադրբեջանին բռնակցված հայկական Արցախը: Մանավանդ, այստեղ ենթատեքստի մեջ երևում է նաև մեկ այլ միտում. հեղինակի գրեթե բոլոր զինակից-գրչակիցները, ովքեր անցյալ դարի վաթսունականներին ստորագրել էին Արցախը մայր Հայաստանին միացնելու նամակի տակ, երկրամասից արտաքսվել էին ազերական իշխանությունների կողմից: Գաբրիելյանն այն քչերից մեկն էր, ով համարձակորեն մնացել էր հայրենի աշխարհում ու շարունակել հայրենասիրական իր գործը: Տիրող իրավիճակը բանաստեղծը ներկայացնում է որպես ՙմութ մղձավանջ՚, որի միջից ՙծլեց հույսը արևածագի՚: Գաբրիելյանը դիմում է գրական նոր հնարանքի` կիրառելով մոգական ռեալիզմի մեթոդը: Անելանելի վիճակի մեջ ժողովրդական հույսը փոխվում է արծիվների հզոր բանակի, հույսի խորքերից ելնում են ազատության մարտիկները` ՙորդիք Արցախի անզիջում կռվի մեջ են մտնում թշնամու դեմ: Ու թե ընկնում են՝ դարձյալ անվեհեր են ու անպարտ, որովհետև ՙկռվում են շիրմից էլ անգամ` Նահատակ որդիք Արցախ աշխարհի՚։
Պատերազմական թեմատիկան նոր ու ինքնատիպ արտացոլում է գտնում անվանի մանկագրի ստեղծագործություններում` թարմություն հաղորդելով նրա խոհին, մտքին, պատկերավության միջոցներին ու փիլիսոփայական ընդհանրացումներին:
Գուրգեն Գաբրիելյանը հայ մանկական պոեզիայի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է: Նրա գողտրիկ բանաստեղծությունները մանկան լեզվով պատմում են գեղեցիկի ու բարու մասին, ծանոթացնում մեր ժողովրդի հոգևոր գանձերին, սեր արթնացնում դեպի մայր բնությունը, հող-հայրենին:
Իհարկե, քանի որ բանաստեղծի էությունն ամբողջովին շաղախված էր Արցախով, չէին կարող նրա ցանկացած երգի ու պատկերի մեջ չարտահայտվել այն անբավականությունը, ըմբոստությունն ու ներքին պայքարի ոգին, որ մշտական հակասության մեջ էին իշխող կարգերի հետ: Հիշենք, թերևս, խորհրդային ՙամենախաղաղ՚ տարիներին գրած նրա ՙԱրցախյան շարական՚ բանաստեղծությունը, ուր Արցախ աշխարհը ներկայանում է որպես ՙբիբլիական հնություն՚ ու ՙնորություն նօրօրյա՚, ՙՋրհեղեղված…խորություն՚, նահատակված պապերի ՙարյունահունց անմահություն՚, ՙհորովելված ավանդություն՚: Գեղարվեստական այս պատկերներում ազգային բնավորության ու ճակատագրի շեշտված գծեր կան, որ գաբրիելյանական ոճի կիրառության մեջ ապահովում են քնարական խոսքի նոր որակ: ՙԲանաստեղծի յուրաքանչյուր բառ,- գրում է գրականագետ Վարդան Հակոբյանը,- պետք է իր մեջ կրի բոլոր այն հատկանիշները, որ հատուկ են հեղինակին, այլապես տողը տող չի լինի, պատկերը` պատկեր՚:
Գաբրիելյանը բնավորություն է ՙտեղադրում՚ անգամ ենթատեքստի մեջ` ժամանակի գրաքննությունից խուսափելու համար: Ահա թե ինչու ներբողական բանաստեղծության մեջ տեղ են գտնում ազերական իշխանությունների ճիրաններում հայտնված Արցախը բնորոշ այսպիսի տողեր.
Դու սևագույն իմ ծիածան
Եվ սևագույն լույս ու արև...
Գրողի ըմբոստությունն ակնհայտ է: Դա պարզորոշ երևում է Գաբրիելյանի նաև ղարաբաղյան բարբառով գրված գրեթե բոլոր գործերում (ՙՄեր ապրուստը մին կով ա, մին էլ տեսեր` կյուղացեն, ըրտասունքը մին ծով ա, դե հունց ապրե գյուղացեն՚, ՙԶուլումեն վերջ էլ կինի, մեր չորեն կեճ էլ կինի, թյաքի ուրուր դայաղ կենանք, դյուշմաններան սայաղ կենանք՚ և այլն): Գաբրիելյանը կերտել է հայ իրականության մեջ բոլոր ժամանակների լավագույն գործերից մեկը` ՙՂարաբաղի հորովելը՚` նորովի զարգացնելով անմահ Կոմիտասի գեղարվեստական ավանդները: Ակադեմիկոս Ս. Սարինյանը Գաբրիելյանի մասին գրել է. ՙԻնձ մեծ հաճույք է պատճառում նրա բանաստեղծությունը: Իսկ ՙՂարաբաղի հորովելը՚ ինքն է` որպես բանահյուսություն՚... Բանաստեղծը գրեց հետագայում նաև պատերազմական սերնդի տրամադրություններն ու հոգեկան աշխարհի բռնկումներն արտահայտող երգեր` երեխաներին (ՙարծվի ճտեր՚) նախապատրաստելով արդարության մեծ պայքարին: Գրողը զրուցում է ռազմի դաշտ մեկնած փոքրիկի հետ (ՙՕրորոցային՚), որը նույնիսկ դեռ խոսել չգիտե, նրան հայտնում է, որ հայրը մեկնել է կռվի, ու ինքն էլ պատասխանում.
Բա ի՞նչ անի, որ չգնա…
Այ-ա՛յ, այ-այ,
Հայը պիտի որ հայ մնա,
Հա՛յ, հայ, հայ, հայ...
Ազգային ինքնության պահպանման այս խնդիրն է, որ ոտքի է հանել Արցախ աշխարհը, ամբողջ հայությունը: Արցախցի զինվորն իր լեռներից ժառանգած ամուր ու անկոտրելի բնավորությամբ, բոլոր ժամանակների հողմերին դիմակայող ոգով, բանաստեղծի գլխավոր մետաֆորն է, որը և գրողի գրչին հաղորդում է կենսունակության նոր ուժ ու ավյուն, նրա քնարական խոսքը դարձնում ավելի ինքնատիպ ու համոզիչ: Առանց ճիգ ու ջանքի, հասարակ ու սովորական բառերով Գուրգեն Գաբրիելյանը ներկայացնում է հայոց նորօրյա ազատամարտի անթերի պատկերը: Այս առումով խիստ բնութագրական է գրողի ՙՆոր սերնդի երգը՚ բանաստեղծությունը: Ահավասիկ.
Ես ծնվել եմ կռվի տարում,
Երբ հավքն հանգիստ չուներ
թառին,
Նեղում էին երբ որ բարուն
Ու մահ սփռում լեռնաշխարհին:
Ես ծնվել եմ կռվի տարում,
Երբ արճիճն էր ձուլվում քարին,
Երբ արյունն էր տալիս ավյուն
Լույսի ակունք մեր Թարթառին:
Ես ծնվել եմ կռվի տարում,
Երբ ցորեն էր դարձել գարին…
Երբ որ հայ էր քարը դառնում,
Տառը` զինվոր հայոց բառին:
Ես ծնվել եմ կռվի տարում,
Ծնկի բերել նենգ ու չարին…
Եվ իմ կամքն եմ թելադրում
Չար աշխարհին ու մեր դարին։
Գաբրիելյանական արվեստի ամբողջ վեհությունն այս տողերի մեջ ներկայանում է աննախադեպ որակով ու վարպետությամբ: Նա Արցախն է ներկայացնում` առանց անունը տալու: Ծննդյան պատճառահետևանքային տրամաբանությամբ, ինչպես ասում են, մեկը մյուսին շարունակող` լրացնող տողերը, թվում է, միֆական կերպար են ստեղծում իրական հողի վրա: Եվ ընթերցելով բանաստեղծությունը, ընթերցողը համոզվում է, որ բանաստեղծության հերոսը` մի նոր դյուցազուն, չէր կարող չծնվել, որովհետև հայրենիքը օրհասական վտանգի մեջ է: Եվ հենց նվիրումի, մարդասիրության, հանուն լույսի ու բարու մաքառման այս եզրույթում է, որ շարքային հողվորի մեջ զարթնում է հայոց դյուցազներգությունից եկող ծռությունը: Հիրավի, դիպուկ է նկատել ռուս մեծ գրող Ս. Մարշակը Գուրգեն Գաբրիելյանի մասին, որ նա հրաշալի գիտե ՙերեխաների հոգին և նրանց հետ խոսելու կարողություն՚ ունի:
Պատերազմի դաժան ու տագնապալից օրերին, երբ ռմբակոծվում, հրթիռակոծվում էր Արցախը, բանաստեղծը բացահայտել է, որ Արցախի մանուկները զարմանալիորեն, ինչպես հեքիաթում, արագ են հասունանում և մեծավարի դատում: Նրանք ևս սկսում են ըմբոստանալ ու ընդվզել չարի դեմ` առաջ քաշելով իրենց տեսակետները. ՙԿրակոցով տան կրակը Հայի տանը չի մարի, չէ…՚:
Դիմելով Արցախի մանուկներին` մանկագիրը պապի դերում օրհնում է նրանց գալիք օրերը և հավատում արցախցիների հաղթանակին` ասելով.ՙԵս օրհնում եմ ձեր վաղը՚։
Գուրգեն Գաբրիելյանի մտածողությունը ժողովրդական է: Եվ Ազատամարտի թեմայի նկատմամբ նրա մոտեցումներն էլ առանձնանում են իրենց բնորոշ կողմերով, ասել է թե` ցանկացած թեմայի մեջ նա գտնում է իր` գաբրիելյանական թեման, այն տարրալուծելով ազգային բանահյուսության մեջ: Ընդգծենք, որ գեղարվեստական այս հատկանիշը Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործության ամենաբնորոշ առանձնահատկությունն է: Այսպես, անդրադառնանք նրա պատերազմական թեմայով գրված բազմաթիվ գործերից մեկին ևս. (ՙՔարի փոքրն է, որ չի մեծանում՚): Այս բանաստեղծության մեջ պատերազմի ավերածությունների ու խեղված ճակատագրերի մասին է խոսվում: Ու նորից` բարու և չարի կռիվը, ու նորից` այդ կռվում մաքառող մարդը` արցախցին: Նորացել են ՙջահել հայրերի՚ շարքերը, նրանցից շատերը զոհվել են պատերազմում, ստվարացել են ՙայրի մայրերի՚ շարքերը, շատացել են ՙորբերն աշխարհի՚: Բայց բարի մարդկանց շնորհիվ է, որ լավը հաղթանակում է, նրանց շնորհիվ է ՙորբը մեծանում, աճում, քերծանում՚ է.
Ահա թե ինչու
Առածն ասում է.
ՙՔարի փոքրն է,
Որ չի մեծանում՚։
ՙԱրցախի ֆիդայիներին՚ բանաստեղծության մեջ Գուրգեն Գաբրիելյանը գովերգում է հերոս որդիներ ծնող մայրերին, ապա դիմում է ֆիդայիներին, որոնք նախնիներից ժառանգել են նրանց ուժն ու կորովը: Արցախի նոր ֆիդայիները մի նոր Անդրանիկ, Գևորգ Չավուշ, Աղբյուր Սերոբ են, պայքարի են ելել՝ ՙՈր ազատ ապրեն ազգ ու հայրենիք՚: Բանաստեղծը նրանց է ուղղում իր պատգամը.
Բարձր պահեցեք ոգին ձեր արի,
Օ՛, ֆիդայիներ Արցախ
աշխարհի։
Գուրգեն Գաբրիելյանի յուրաքանչյուր բանաստեղծության մեջ ներքին, անհաշտ կռիվ կա: Դա գալիս է նրա հախուռն բնավորությունից ու բարձր ոգուց, չարի նկատմամբ անհանդուրժողականությունից: Գաբրիելյանի բառն ու խոսքը պայքար է` հանուն Արցախի ազատության: Այս մասին ժամանակին այսպես է արտահայտվել Ղարաբաղյան համազգային շարժման մեծ ռահվիրա և առաջնորդ Բագրատ Ուլուբաբյանը. ՙԲանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանը` իմ հին բարեկամը, 60-ականների շարժման մասնակիցներից մեկը, զգացմունքով, բանաստեղծորեն կառավարող, գլուխը հազար քարի տալուց հետո էլ անհունորեն հավատավոր և Արցախի փրկությանը մինչև վերջ նվիրված այդ բարի հսկան՚։
Եվ բանաստեղծը ՙԱրցախ աշխարհի՚ ֆիդայիների կերպարը ամբողջացնում է իր ՙՈղջակիզված կյանք՚, ՙՄուսա լեռան… երկու որդին՚ ասքերում ու մի շարք մեծակտավ գործերում, որոնցում նա անդրադառնում է Արցախյան ազատամարտում զոհված քաջերի հերոսությանն ու սխրանքին, նրանց կերպարների գեղարվեստական մարմնավորմանը, չէ՞ որ այդ նրանց շնորհիվ է Արցախի հավատը ՙմիշտ վեհ ու բարձր՚, ՙԱնունը` միշտ նուշ ու քաղցր՚, ՙԿամքը` ամուր, կուռ ու կարծր՚, չէ՞ որ այդ նրանց շնորհիվ է Արցախը ՙթևավոր, զորավոր՚ ու անհաղթ:
Գաբրիելյանի պատերազմական թեմայով գրած գործերը, հիրավի, Արցախյան գոյամարտի տարեգրության լավագույն ու մնայուն էջերից մեկն են մեր գրականության մեջ: