ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Օր օրի ահագնացող ամռան շոգը ժողովրդական երգուպարի և թատերական արվեստի երկրպագուներին չխանգարեց հունիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում ապահովել անշլագ՝ դիտելու ազդարարված համերգ-ներկայացումը Վանաձորի քաղաքապետարանի ՙՀորովել՚ ժողովրդական երգի¬պարի պետական համույթի, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնների դերասանների մասնակցությամբ։
ՙՀորովել՚ համույթի պարային կազմը մի քանի համարներից հետո գրավեց հանդիսատեսի համակրանքը. յուրաքանչյուր կատարում արժանանում էր ջերմ ծափերի։ Դահլիճն ըմբոշխնեց ՙՔերծի՚, ՙԻշխանաց պար՚, ՙՔոչարի՚, հայկական ժողովրդական այլ պարեղանակների հմայքը։ ՙՀորովելը՚ տասնամյակների պատմություն ունի. համույթի և կատարողական մակարդակը, և համերգային ծրագիրը, և ճաշակով զգեստները վկայում են Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի մասին։
Պարային համարները միջարկվում էին մանրապատումներով, որոնք ներկայացնում էին Վանաձորի և Գյումրիի դերասանները։ Մանրապատումները ներքին բովանդակային իմաստով շաղկապված էին. հավատարիմ մնալ արմատներին, սիրել ազգային արվեստը, պահել ու պահպանել ազգային ավանդույթները, ինչքան էլ կյանքը դժվար լինի՝ չլքել հայրենիքը։
Սցենարը գրել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը։ Ինչպես նշեց նույն թատրոնի ռեժիսոր, դերասան Հովհաննես Հովհաննիսյանը, մտահղացումը՝ սինթեզել պարային, դրամատիկական և երգային արվեստները, պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանինն է։ Սա մշակույթը ներկայացնելու նոր ձև է, որ թատրոնն իրեն չի սպառել, ընդհակառակը, վերջին տարիներին հանդիսատեսն ինքն է գալիս թատրոն, իսկ վերջինս փնտրում է նոր ձև՝ հանդիսատեսին գրավելու, նրա սիրտը նվաճելու համար։
ՙՆորը որոնելը միշտ էլ հետաքրքիր է՚,- զրույցի ժամանակ ասաց Վ. Աճեմյանի անվան թատրոնի ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ ընդգծելով, որ փորձը հաջողվել է, որ համերգ-ներկայացման առաջնախաղը Վանաձորում անցել է հաջողությամբ։ Հ. Հովհաննիսյանն ավելացրեց, որ տեխնիկական պատճառներով (բեմի փոքր լինելը) մի քանի ծիսակարգ չհաջողվեց ներկայացնել։
Բեմի ձևավորումը խիստ տպավորիչ էր, այն արել է նկարիչ Լուսինե Խաչատրյանը։
Չմոռանանք նշել, որ ՙԶարթի՜ր, լաո՚ ազգագրական երգը ոգևորությամբ ընդունեց դահլիճը։
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ