Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

shahen_n.jpgՑեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 13-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ յուրահատուկ ցուցահանդես-դասախոսություն՝  հայտնի արվեստագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նախաձեռնությամբ և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ. արվեստասեր հասարակայնությանը ճանաչելի դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ նկարիչների գործերի մի մասը, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում կամ մասնավոր հավաքածուներում: 
Անշուշտ,  ցուցահանդեսում ներկայացված էին այդ գործերի վերատպությունները, որոնց շուրջ և ընթացավ դասախոսությունը:
-Որպես արվեստաբան՝ նպատակ դրեցի լրացնել այն բացը, որը ստեղծվել է կերպարվեստում` կապված ցեղասպանությունը վերապրած գեղանկարիչների՝ եղեռնի թեմայով կտավների ամբողջական ներկայացման հետ,- ասաց Շ. Խաչատրյանը։- Պետք է շեշտել` եղեռնի մասին գործեր ստեղծվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ սկսվեցին աբդուլհամիդյան կոտորածները։ Հայտնի նկարիչներն այդ թեմային էին անդրադառնում անգամ Խորհրդային Միության ժամանակներում, որոնք, սակայն, երբևիցե չէին ցուցադրվում։ Անշուշտ, եղեռնի թեման հուզել և տեղ է գտել սփյուռքահայ նկարիչների գործերում: Եվ այդ ամբողջ մշակութային հարստությունը պետք էր հայթայթել, հանել պահեստներից, դրանց վերատպության իրավունք ստանալ և գոնե այդկերպ հասանելի դարձնել հանրությանը: Այդ որոնումների ընթացքում պարզվեց (միայն 10 տարի առաջ), որ առաջին նկարիչը, ով անդրադարձել է աբդուլհամիդյան կոտորածներին, եղել է Հովհաննես Այվազովսկին, ով իր խորն ապրումներն առաջին անգամ կտավին է հանձնել դեռևս 1896 թվականին: Այդ շարքի նկարներն  Այվազովսկու օրոք ցուցադրվել են որոշ քաղաքներում, իրենից հետո դրանք մասամբ վերացվել են, մի մասն էլ մոռացության է մատնվել, անգամ՝ այրվել, չի  հիշատակվում որևէ ռուսական գրականության մեջ: Դրանք վերջերս են գտնվել եվրոպական երկրներում: Մոտ երեք տարի Այվազովսկու նկարներում տիրում էր փոթորկոտ ծովի թեման, որը արձագանքն էր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների: Չեմ կարոող չնշել, որ այդ կտավների վրա ստորագրված է՝ Հովհաննես Այվազյան: 
Առաջին կոտորածներին մեր խոշոր նկարիչներից նաև անդրադարձել է Վարդգես Սուրենյանցը, ով շատ հուզումնալից գործեր ունի այդ թեմայի վերաբերյալ։ Մասնավորապես, շատ հայտնի է այն կտավը, որտեղ պատկերված են այս ու այնտեղ թափված, պոկոտված, կիսավառ և անտեր մնացած միջնադարյան մագաղաթներն ու գրքերը: Սուրենյանցի մասին գրված և խորհրդային ժամանակներում տպագրված գրքերում այդ կտավների մասին խոսք անգամ չկա: Այսօր այդ էջերը վերականգնված են, և նոր տպագրված գրքերում  այդ կտավներն  իրենց արժանի տեղն են գտել: 
Նկարիչների հաջորդ համաստեղությունը, որը մեծացավ և հռչակվեց 1915-ի Ցեղասպանությունից հետո, եղեռնագործությունից փրկվածներն են ու նրանց զավակները: Ի տարբերություն խորհրդային ժամանակների նման մոտեցման, Արևմուտքում հայ նկարիչների ցեղասպանական թեմայով գործերը գտնում էին իրենց ուրույն տեղը` լինեին շատ ճանաչված թե քիչ։
Արևմտյան հայ գեղանկարիչներից ցուցահանդեսին ներկայացված էին Առաքել Պատրիկը, Լևոն Թութունջյանը, Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), Հակոբ Հակոբյանը (1962թ. հայրենադարձ), նաև Մինասը (Մինաս Ավետիսյան), ում՝ Արշիլ Գորկու ՙԴիմանկար մոր հետ՚ հայտնի կտավի տպավորության տակ ստեղծած ՙՀրաժեշտ Վանից՚ գործը տարվել է ԱՄՆ և մշտական ցուցադրությանն է ներկայացված Դեթրոյտի թանգարանում: Նշյալ նկարիչների վերաբերյալ Շահեն Խաչատրյանի պատմած դրվագներից էր, երևի թե, հանրությանն անծանոթ մի փաստ` կապված Գառզուի հետ: Երբ Գառզուն 1979 թվականին ընտրվեց Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, նրան վստահվեց կատարել Ֆրանսիայի ամենահին նշանավոր եկեղեցու պատերի որմնանկարները: Այն գտնվում է Մանոսք քաղաքում,  ուր այցելել է Շ. Խաչատրյանը և տեսել Գառզուի երեք որմնանկարը, որոնցում զետեղված են կոտորածների սարսափները:
Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934թ., Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան և ուսումը շարունակել Երևանում: 1959թ. աշխատանքի է ընդունվել Հայաստանի պետական պատկերասրահում, որտեղից մեկնել է Լենինգրադ՝ սովորելու գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնում։ 1967թ., նկարիչ Մարտիրոս Սարյանի առաջարկությամբ, նշանակվել է նրա նորաստեղծ թանգարանի տնօրեն, որտեղ աշխատել է մինչև  2005 թվականը: 1990-2003թթ. միաժամանակ ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Նրա թանգարանային գործունեությանը բնորոշ են հայ նկարիչների մասին լույս ընծայած բազմաթիվ հոդվածները, հեռուստատեսային ելույթներ և տասնյակ ցուցահանդեսների կազմակերպումը խորհրդային հանրապետությունների և արտասահմանյան մի շարք քաղաքներում: Հեղինակել է բազմաթիվ գրքեր` ՙ19-20-րդ դարերի հայկական արվեստ՚, ՙՖրանսահայ կերպարվեստ՚, ՙՀովհաննես Այվազովսկի՚, ՙՍարյան՚, ՙՊետրոս Կոնտրաջյան՚, ՙՄինաս՚, ՙՀակոբ Հակոբյան՚ և այլն, որոնց մի մասը հրատարակվել է նաև արտասահմանում` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով: Արվեստագետի ակտիվ գործունեության մաս է կազմում տարբեր երկրներից Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Վարդան Մախոխյանի, Գառզուի, Ժանսեմի ու այլ վարպետների հարյուրավոր գործեր նվիրատվությամբ հավաքելը, որոնցով հարստացել են Հայաստանի թանգարանները: Շ. Խաչատրյանը լույս է ընծայել երիտասարդ սերնդին նվիրված ՙՃանաչիր և սիրիր՚ անվանումով պատկերագրքերի շարքը: 2004-ից աշխատում է Էջմիածնի Մայր տաճարում` որպես մշակութային խորհրդական և ՙԽրիմյան՚ թանգարանի տնօրեն: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1997թ.` ՀՀ ՙՄովսես Խորենացի՚ մեդալի:
ՙԹանգարանի զինվոր՚. իր կյանքի մայրամուտին Շահեն Խաչատրյանին այսպես է բնութագրել Մարտիրոս Սարյանը: Մեծ վարպետն ըստ արժանվույն է գնահատել մեր օրերի նշանավոր արվեստաբանի ու թանգարանային գործչի տարիների ջանքերն ու վաստակը: Գործընկերները գտնում են, որ անկարելի է զատորոշել Շահեն Խաչատրյանի բազմանիստ գործունեության բոլոր ուղղությունները. արվեստաբանություն, թանգարանային գործ, նկարահավաքչություն և այլն: Վերջինս համեմատաբար ավելի աննկատ է մնացել հանուրի ուշադրությունից, մինչդեռ այն եղել է ՙԹանգարանի զինվորի՚՝ իր իսկ խոստովանությամբ, ՙողջ կյանքի իմաստը՚: Շեշտենք, որ Շահեն Խաչատրյանին տարբեր ճանապարհներով՝ երբեմն արտասահմանյան նկարահավաքներին համոզելով, երբեմն՝ փոխանակման միջոցով, երբեմն էլ՝ գնելով կամ գնման համար միջոցներ հայթայթելով և այլ ձևերով  հաջողվել է Հայաստանի թանգարանային հավաքածուները հարստացնել մոտ 500 գեղանկարչական ու գրաֆիկական արժեքավոր գործերով: Դրանց հեղինակների թվում են Հովհաննես Այվազովսկին ու Մարտիրոս Սարյանը, Հակոբ Գյուրջյանն ու Էդգար Շահինը, Վարդան Մախոխյանն ու Հակոբ Հակոբյանը, Գառզուն ու Ժանսեմը և շատ ուրիշներ: Կան նաև օտար արվեստագետներ, որոնցից միայն երկուսի անունները հիշատակենք՝ Օնորե Դոմյե ու Իսահակ Լևիտան: 
Նշանակալից է Սարյանի թանգարանի կայացման գործում Շահեն Խաչատրյանի ներդրած անուրանալի ավանդը: Նախ՝ Վարպետը, ինչպես արդեն նշվել է, ինքն է կամեցել, որ երիտասարդ արվեստաբանը 1967-ին նշանակվի իր նորաստեղծ թանգարանի առաջին տնօրեն: Ապա՝ շուրջ չորս տասնամյակ, իսկ ավելի ստույգ՝ 38 տարի, անմնացորդ ծառայել է ոչ թե այդ պաշտոնին, այլ իր սիրած գործին՝ անվերջ հարստացնելով թանգարանի հավաքածուն և հանրահռչակելով մեծ նկարչի անունը ողջ աշխարհում: Տարբեր լեզուներով անհաշիվ գրքեր ու ալբոմներ հրատարակելուց զատ սարյանական ավելի քան 120 ցուցահանդես է կազմակերպել Մերձբալթիկայից մինչև Հեռավոր Արևելք, ողջ Եվրոպայով մեկ: Ամենանշանակալին, թերևս, Սարյանի անհատական ցուցահանդեսի կազմակերպումն էր Ֆրանսիայի Անտիբ քաղաքում՝ Պիկասոյի թանգարանում, որից հետո հայ նկարչի գործերի արժեքը միջազգային առումով և հատկապես նշանավոր աճուրդատներում կտրուկ բարձրացավ: Ի վերջո, իր հետևողական ու տքնաջան աշխատանքով Շահեն Խաչատրյանը հիմքը դրեց գիտության առանձին ճյուղի՝ սարյանագիտությանը, ճշգրտելով մեր հանճարեղ հայրենակցի ուրույն տեղը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստում: Ուրախալի է նաև, որ նրա ղեկավարությամբ արդեն ավարտին է հասցվել Մարտիրոս Սարյանի բոլոր՝ ավելի քան 3700 գործերի կատալոգը, որը շուտով կդրվի ընթերցողի սեղանին:
Տեղեկացնենք, որ Շ. Խաչատրյանն իր ՙՃանաչիր և սիրիր՚ անվանումով պատկերագրքերի շարքը նվիրել է Ստեփանակերտի պատկերասրահին: Այն ընդգրկում է Այվազովսկու, Սարյանի, Մինասի, Հ. Հակոբյանի, Սուրենյանցի, Արշիլ Գորկու, Պետրոս Կոնտրաջյանի ստեղծագործական ուղիները:
Ցուցահանդեսին ամփոփիչ խոսք ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով ընդգծեց Շահեն Խաչատրյանի ակտիվ գործունեությունը նաև Արցախի մշակութային կյանքում, մասնավորապես, Շուշիի պատկերասրահի ստեղծման և դրա հավաքածուի հարստացման գործում: Նախարարը կարևորեց նաև նրա կողմից արվեստի մասին պարբերաբար կարդացվող դասախոսությունները։   ՙՀամոզված եմ, որ այսօրվա ցուցահանդես-դասախոսությունը նորություն էր շատերի համար: Իհարկե, ներկայացված նկարիչները հայտնի անուններ են աշխարհում, որոնց միջոցով ճանաչվում է հայ մշակույթը, սակայն նրանց անդրադարձը եղեռնի թեմային անծանոթ էջ է շատ-շատերի համար,- հատկանշեց Ն. Աղաբալյանը։- Ցավալի է, որ սպասվածից քիչ ուսանողներ են այցելել ցուցահանդես, բայց մենք նպատակ ունենք զարգացնել նաև այդ` կերպարվեստի ընկալման մշակույթը: Ինչպես տարբեր միջոցառումների շնորհիվ տեսանելի արդյունքների ենք հասել երաժշտության երկրպագուների ձևավորման ասպարեզում, այնպես էլ կձգտենք նվաճումներ ունենալ կերպարվեստը հասկացող հանդիսատեսի լսարան ունենալու հարցում: Դասախոսությունները կլինեն շարունակական: Նախատեսվում է կազմակերպել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ծննդով շուշեցի Ստեփան Աղաջանյանի ցուցահանդեսն ու դասախոսությունը: Վստահ եմ, քչերն են ճանաչում մեր հայտնի նկարչին, որի ստեղծագործություններին ծանոթանալը մեծ հետք կթողնի և կշարժի հասարակության հետաքրքրությունը՚։ 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ