ՙՍԱՅԱԹ-ՆՈՎԱ՚ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԻ ԱՆՍԱՄԲԼԸ` ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Անցած շաբաթը բավականին աշխույժ էր հանրապետության մշակութային կյանքում: Մշակութային խճանկարից առանձնանում է Հայաստանի հանրային ռադիոյի ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի վաստակավոր անսամբլի՝ Արցախի թե՜ մայրաքաղաքում, թե՜ շրջաններում ու զորամասերում տված համերգաշարը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Թեկուզ համերգների աշխարհագրական երթուղին գծված էր ավելի լայնորեն` ընդգրկելով հանրապետության գրեթե բոլոր շրջանները, իրականում ստացվեց ավելի զուսպ: Խումբը համերգներով հանդես եկավ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում և այդ բնակավայրերի մոտակայքում գտնվող զորամասերում: Ամեն համերգի` ոգևորություն, ջերմ ընդունելություն: Այլ կերպ չէր էլ կարող լինել: ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի անսամբլը` ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ ստեղծագործական մեծ ճանապահ է անցել և, իրավամբ, ժողովրդի սերը վաստակել իր բարձր պրոֆեսիոնալ արվեստով:
Մեր ընթերցողին հիշեցնենք. ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի անսմաբլը ստեղծվել է 1927-ին՝ հայ անվանի երգիչ Շարա Տալյանի կողմից: 1942-1972 թվականներին այն ստեղծագործական մեծ վերելք ապրեց. այդ ժամանակ խումբը ղեկավարում էր Վաղարշակ Սահակյանը: 1992-ից խումբը վերածնվեց իր երրորդ ղեկավարի` Թովմաս Պողոսյանի բոլորանվեր աշխատանքի ու մեծ ջանքերի շնորհիվ: Այսօր խմբի երգացանկում կան 400-ից ավելի երգեր։ Հովանավորների շնորհիվ համույթը կարողացել է թողարկել երկու ձայնասկավառակ` Սայաթ-Նովայի երգերի կատարումներով: Վերջին տարիների ընթացքում այն համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Փոքր Ասիայի այն երկրներում, որտեղ կան հայկական մեծ գաղութներ, Վրաստանում, Պարսկաստանում, Ռուսաստանում, ամենուրեք մեծ համբավ ու սեր վայելել:
Աշուղական երգարվեստի բազմաթիվ երկրպագուներից խորին երախտագիտություն հայտնենք և՜ խմբին, և՜ հովանավորներին, և՜ աջակցողներին` նման համերգներ կազմակերպելու համար և հուսանք, որ դրանք կլինեն շարունակական: