Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՅՍ ՓԱՌԱՏՈՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ 4-րդ միջազգային փառատոնը` նվիրված գերմանացի մեծ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան 330-ամյակին, քննարկելու դեռ շատ առիթներ կտա: Ի՞նչ նշանակություն ունեցավ այդ փառատոնը մեր երկրի մշակութային կյանքում:
 Ինչպիսի՞ հնարավորություններ է պարունակում իր մեջ շնորհալի երաժիշտ-կատարողների համար: Գեղագիտական դաստիարակչական ի՞նչ ներուժ է ներկայացնում իրենից: Նշված խնդիրների մասին է մեր զրույցը փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների հետ:
Ջութակահարների համար վարպետության դասեր վարող՝ Ֆինլանդիայից ժամանած Գրաժինա ԺԵՐԱՆՍԿԱ-ԳԵԲԵՐՏԸ, որն, ի դեպ, արդեն 4-րդ անգամ է մասնակցում ՙՏնջրե՚ փառատոնին, հարազատացել ու բարեկամացել է մեր երկրի, ժողովրդի, շնորհալի երեխաների հետ: 2013-ին և 2015-ին փառատոնի շրջանակներում նա իր երկրում կազմակերպել է դրամահավաք և այդ գումարով երաժշտական գործիքներ գնել փառատոնի արցախցի մասնակիցների, ինչպես նաև պարզապես արցախցի շնորհալի երեխաների համար: Նա պատրաստ է տեղացի ուսուցիչներին մշտապես օգնել երաժշտական և մեթոդական գրականությամբ: Կարծում ենք, նրա հակիրճ գնահատականները փառատոնի մասին հետաքրքիր են: Ահա դրանցից մի հատված.
ՙՇատ ուրախ եմ, որ արդեն չորրորդ անգամ եմ Ստեփանակերտում: Փառատոնը շատ հետաքրքիր և ուսանելի էր: Բոլոր մասնակիցները հրաշալի կատարում էին, ուրախ ենք միմյանց հետ ծանոթանալու, բարեկամանալու հնարավորության համար: Իսկ ամենակարևորը մեզ համար արցախցի նրբաճաշակ հանդիսատեսն է, որի շնորհիվ բոլոր համերգները ջերմ ու ոգևորիչ մթնոլորտում էին անցնում: Հուսով եմ, որ փառատոնն այս խթան կլինի, որ էլ ավելի շատ երեխաներ զբաղվեն երաժշտությամբ: Համոզված եմ, որ երաժշտությունը մեզ խաղաղություն է բերում՚:
Յուրաքանչյուր փառատոնի մենք վերջում դիմում ենք անչափ զուսպ ու համեստ մի անձնավորության, որի մեծագույն ջանքերի շնորհիվ փառատոնն այդչափ հետաքրքիր ու բովանդակալից է անցնում: Խոսքը փառատոնի գեղարվեստական ղեկավար Օլգա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ է վերաբերում: Ահա նրա գնահատականը. կարծում եմ` այս երաժշտության տոնը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար: Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ամենայն աջակցություն ու ներդրում են բերել` փառատոնն այս պատշաճ կերպով կազմակերպելու: Հույսով եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի՚:
Փառատոնի շրջանակներում տրվել են բազմաթիվ համերգներ, որոնցից երկուսին արժե հատուկ անդրադառնալ: Խոսքս հունիսի 28-ին և հուլիսի 4-ին տեղի ունեցած` բացման ու փակման համերգների մասին է, որոնց ժամանակ հնչել են լավագույն ելույթներ: Եթե բացման համերգին մենակատարներին նվագակցում էր Արցախի պետական կամերային նվագախումբը` ԼՂՀ վաստակավոր արտիստ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, ապա փակման համերգին նվագակցում էր Սլովենիայից ժամանած միացյալ սիմֆոնիկ նվագախումբը` Եվրոպայում հայտնի դիրիժոր Սիմոն Պերչիչի ղեկավարությամբ: Երկու դիրիժորներն էլ սիրով համաձայնեցին կիսվել իրենց գնահատականներով ու տպավորություններով:
ԼՂՀ վաստակավոր արտիստ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ ՄՈՒՐԱԴՅԱՆի հետ մեր ճեպազրույցը.
- Պարոն Մուրադյան, փաստորեն Դուք եք բացել այս շքեղ երաժշտական տոնախմբությունը, այսինքն, կարելի է ասել` Ձեր օրհնությամբ: Ի՞նչ սպասելիքներ ունենք այս փառատոնի ամեն մի անցկացումից:
- Այս փառատոնն ունի ռազմավարական նշանակություն թե՜ քաղաքական տեսակետից և թե՜ գեղագիտական ու դաստիարակչական առումով: Համոզված եմ` մեր հասարակությանը պետք են նման փառատոներ, և, փառք Աստծո, թե՜  պետությունը և թե՜ բարերարներն աջակից են լինում այն պատշաճ կազմակերպելու գործում:
- Ինչո՞վ է անհրաժեշտ։ Եթե հնարավոր է՝ փակագծերը բացեք:
- Կարևորում եմ շփումները, փորձի փոխանակումները: Սա յուրատեսակ ուսումնական մի գործընթաց է: Յուրաքանչյուր մասնակից սպունգի պես ներծծում է իր մեջ` ինչ կարող է վերցնել: Ամեն տարի փառատոնի աշխարհագրությունն է ըդլայնվում: Տեսեք՝ քանի՛ երկրներից Արցախ են ժամանում, ստանում այստեղ իրական տեղեկություն, այդ ամենի մասին պատմում իրենց հայրենիքում, և այսպես,  պետության արտաքին քաղաքականության հետ մեկտեղ Արցախի ճանաչման գործընթացն իրականանալու ավելի ու ավելի մեծ հնարավորություն է ստանում: Անշուշտ, սա մեծ գործ է: Տեսեք` ինչ սիմֆոնիկ նվագախումբ է ստեղծվել մի քանի օրում: Իհարկե, դա հեշտ բան չէ: Օրը երեք անգամ փորձեր էին անցկացվում, երկարատև պարապմունքներ: Դա հնարավոր է միայն սրտացավ վերաբերմունքի դեպքում: Անշուշտ, ոչ միայն իմ, այլև մեր բոլորի երազանքն է` սիմֆոնիկ նվագախումբ ունենալը: Այո, հավատում եմ, որ դա մի գեղեցիկ օր իրականություն կդառնա: Տեսեք՝ տասը տարվա մեջ ինչ վարպետության է հասել կամերային նվագախումբը: Նույն վարպետության կարող են հասնել նաև  փողայինների նվագողները: Քանի սիրտս բաբախում է` պատրաստ եմ գիտելիքներս օգտագործել հանուն փողայինների վերելքի, ուստի և սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման ու զարգացման: Շուտով յոթանասունն եմ բոլորում: Ինչքան Աստված տա, կաշխատեմ իրականացնել իմ այդ երազանքը: Փառատոնի մյուս դիրիժոր` Սլովենիան ներկայացնող Սիմոն ՊԵՐՉԻՉԻ մասին՝ համառոտ տեղեկություն: Ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Orkestercamp ամառային երաժշտական դպրոցի ու փառատոնի և Svirel միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: 2010-ից “Nova Philharmonik” միջազգային սիմֆոնիկ նվագախմբի և Տրիեստեի փողային նվագախմբի հիմնադիր անդամն ու երաժշտական տնօրենն է:
- Ինչպե՞ս էր ստացվում հանպատրաստից ստեղծված նվագախմբի հետ աշխատելը: Դժվար չէ՞ր մի քանի օրում որակներ ստեղծելը:
- Իհարկե, մեր միացյալ նվագախմբում կան տարբեր երկրներից, տարբեր դպրոցներ ներկայացնող, ինչպես և Արցախի պետական կամերային նվագախմբի երաժիշտներ, և ժամանակը քիչ էր այդքան տարբեր երաժիշտներին ընդհանուր հայտարարի բերել, այսպես ասեմ՝ ՙսոսնձել՚: Հատկապես դժվար էր փողայինների հետ դա անել: Բայց, ի վերջո, երկարատև պարապմունքների, նպատակասլաց աշխատանքի շնորհիվ մենք դա արեցինք:
- Հաճույք ստացա՞ք կատարածից, թե՞ դա պարզապես աշխատանք էր, ու դրանով ամեն ինչ ասված է:
- Երկու հանգամանքներն էլ կային: Իհարկե, մարդկանց մտածելակերպը, հոգեբանությունը տարբեր են, ունակությունները մեկի մոտ շատ են, մյուսի մոտ` քիչ: Ես երաժիշտներին ասել եմ. նրանք պետք է շատ-շատ աշխատեն, ինչի շնորհիվ միայն կարող են հասնել էլ ավելի շոշափելի հաջողությունների: Այնուամենայնիվ, ես ձգտել եմ ամեն ինչ անել աշխատանքի ընթացքում և առավելագույնը ցույց տալ գալա համերգին: Այո, արդյունքում կարողացա հաճույք ստանալ: Սովորաբար ես ուրախություն եմ ապրում միայն համերգից հետո:
- Դուք առաջին անգամ եք Արցախում: Ի՞ն տպավորություններ ունեք մեր երկրի և այս փառատոնի մասին:
- Պետք է ասեմ, որ շատ նմանություններ կան Արցախի և Սլովենիայի միջև: Սլովենիան նույնպես շատ երիտասարդ պետություն է, Հարավսլավիայի նախկին միացյալ պետության մի անդամ էր: Պատերազմի մեջ էր Խորվաթիայի, կարճ ժամանակում` նաև Բոսնիայի հետ: Եվ շատ կարևոր է Արցախում նույնպես հաստատել երկարատև խաղաղություն: Արդյունքում երևան կգան մարդիկ և ներդրումներ կանեն ոչ միայն տնտեսության, այլև մշակույթի ասպարեզներում: Կամուրջներ կկառուցվեն շատ երկրների հետ, և ավելի հեշտ կլինի առնչվել աշխարհի հետ: Մի կարևոր բան ևս. ՝  ինչպես ես, այնպես էլ մեզանից յուրաքանչուրը գալիս է այստեղ ոչ թե, ասենք, Մոցարտին լսելու: Դրա համար գնում ենք նրա ծննդավայր Զալցբուրգ` նրա ստեղծագործությունների հրաշալի կատարումներն ունկնդրելու: Մենք գալիս ենք Հայաստան, Արցախ` ձեր մշակույթին, երաժշտարվեստին ծանոթանալու, իմանալու համար: Կցանկանայի, որ փառատոնի խճանկարում հայ արվեստն ավելի վառ գույներով ներկայացված լիներ: Երախտապարտ եմ Ստեփանակերտում անցկացված համերգների ունկնդրից` ջերմ, բարձր ճաշակ, նուրբ և ուշադիր: Հաճելի էր նվագել նման հադիսատեսի համար: Այո, հրավիրելու դեպքում մեծ հաճույքով կմասնակցեմ հաջորդ փառատոնին:
Իտալիան ներկայացնող դաշնակահար Լուկա ՖԵՐԻՆԻՆ վերջին երկու տարին ՙՏնջրե՚ փառատոնի պաշտոնական նվագակցողն է: Լուկա Ֆերինին Եվրոպայի լավագույն դաշնակահարներից է: Ունի աշխարհի լավագույն կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումների 20 ձայնասկավառակ: Նրան մշտապես հրավիրում են Եվրոպայում անցկացվող տարբեր փառատոներին` որպես պաշտոնական նվագակցող: Սլովենիայի Կոպեր քաղաքի արվեստի միջնակարգ դպրոցում դասավանդում է դաշնամուր, կլավեսին, կամերային երաժշտություն և դաշնամուրային նվագակցություն առարկաները: Մինչ այդ դասավանդել և նվագակցել է Տրիեստի, Ուդինեի, Բրեշիայի, Սալերնոյի (Իտալիա) պետական կոնսերվատորիաներում, Կլագենֆուրտի (Ավստրիա) կոնսերվատորիայում, Լյուբլյանայի (Սլովենիա) երաժշտական և պարի կոնսերվատորիայում, Լյուբլյանայի երաժշտության ակադեմիայում: Եվ այսպիսի հարուստ կենսագրականով մասնագետը 2013-ին ՙՏնջրե՚ փառատոնի շրջանակներում նաև դաշնամուրի վարպետության դասեր էր անցկացնում: Նման մասնագետին մենք չէինք կարող զրույցի չհրավիրել. 
- Նախ` խոսենք ՙՏնջրե՚ փառատոնի նշանակության մասին: Արդեն երկու տարի է՝  մասնակցում եք փառատոնին: Խնդրեմ` կիսվեք Ձեր մտորումներով, տպավորություններով:
- Իմ վերջին այստեղ գալուց հետո անցել է ընդամենը երկու տարի: Բայց ես նկատել եմ, որ Ստեփանակերտն ավելի ու ավելի է գեղեցկանում, կյանքը` բարելավվում: Կարծում եմ, փառատոնը մեծ նշանակություն ունի Ստեփանակերտի զարգացման գործընթացում, քանի որ Արցախի մայրաքաղաքը ոչ միայն նոր ու գեղեցիկ շենքերով, փողոցներով է հարստանում, այլև մշակութային հարուստ առօրյայով: Տեսեք, նաև փառատոնի պատմությունը 5 տարիների ընթացքում ինչպես է հարստանում: Սկզբում մի քանի երկրներից մի քանի մասնակից և ուսուցիչներ են եկել: Իսկ երրորդ և չորրորդ փառատոնն իր տանիքի տակ հավաքել է գրեթե երկու անգամ ավելի շատ կատարողների:
- Երբ Դուք նվագակցում եք, ինձ մոտ միտք է առաջանում, որ նվագակցությունը ոչ թե մասնագիտություն է, այլ` կոչում:
- Շնորհակալություն: Բայց ես սիրում եմ ոչ միայն նվագակցել, այլև մենակատարել: Պարզապես շատ խստապահանջ եմ նաև նվագակցության մեջ: Կարծիք կա, թե  նվագակցողը մեկ ձեռքով էլ կարող է իր գործն անել: Ես այդպես չեմ կարծում: Դա կամերային երաժշտություն է, որը ծնվում է մի քանի գործիքների հնչողությունների համադրությունից: Եվ դա մեծ վարպետություն է պահանջում: Միայն լավ նվագակցելը քիչ է, անհրաժեշտ է գործիքի խոր տիրապետում, ստեղծագործության խոր իմացություն, մտավոր բարձր պատրաստվածություն: Այո, փառատոնին անձամբ ես չեմ մենակատարել, բայց Եվրոպայում մենահամերգներով շատ եմ հանդես գալիս:
- Ըստ Ձեզ, ո՞րն է այս փառատոնի իմաստը:
- Նախ` ցանկացած փառատոնի յուրահատկությունն այն է, որ այն տոնախմբության է վերածվում: Երբ տարբեր տեղերից լավ երաժիշտները հավաքվում են, դա արդեն տոն է: Նրանք այնքան շատ ու լավ գիտեն ստեղծագործությունները, որ հնարավոր է լինում անընդհատ փոխել մենակատարներին և միասնական աշխատանքով տվյալ ստեղծագործությանը թարմ շունչ, հնչողություն հաղորդել: Ինձ համար դա փառատոնի ամենալավ, ամենահետաքրքիր հատկանիշն է: Հանդիսատեսը կարող է ասել, որ դա արդեն լսել է երկու տարի առաջ, բայց դա այդպես չէ` այն անպայման հնչում է նորովի: 
- Ի՞նչ եք կարծում, փառատոնն այս միշտ դասական երաժշտությանը պետք է նվիրված լինի՞, թե՞ կարելի է նաև երաժշտության այլ ուղղություններ` ջազ, ազգային երաժշտարվեստ մտցնել ծրագրում:
- Կարծում եմ, այս փառատոնի գլխավոր նպատակը դասական երաժշտության քարոզումն է: Կարելի է, իհարկե, մեկ-երկու համերգներ նվիրել երաժշտության այլ ուղղությունների` ջազային, ֆոլկլորային, բայց գերակա ուղղությունը պետք է մնա դասական երաժշտությունը: Կարելի է դա անել, եթե փառատոնը տևի ոչ թե մեկ շաբաթ, այլ, ասենք, մի տասը օր, երկու շաբաթ: Այդ դեպքում փառատոնի ծրագիրը հանգիստ կարելի է հարստացնել այլ ուղղությունների երաժշտությամբ:
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ