Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ. ակադեմիկոս. - Ինձ համար մեծ երջանկություն է, որ մասնակիցն եմ այդ պատմական իրադարձությանը։ Ես համոզված եմ, որ, անկախ այն դժվարություններից, զոհերից ու զրկանքներից, որ տարավ ամբողջ հայ ժողովուրդը, այսինքն՝ Մայր Հայաստանն ու իր անքակտելի հատված Արցախը, այս ամբողջը կմտնի պատմության մեջ ճիշտ այնպես, ինչպես Սարդարապատը, Վարդանանքը, Դավիթ Բեկը...
Արցախը մեծ հաղթանակ է. 600 տարի անց մենք վերջապես հետ բերեցինք մեր կորցրած տարածքների մի մասը, որ թեկուզ մեծ չէ, բայց հայ ազգի համար հսկայական բարոյական նշանակություն ունի։ Մենք հավատացինք, որ դա հնարավոր է, հետևաբար, հավատացինք նաև մեր ապագային։ Հիմա մեզ մնում է միայն չկորցնել ձեռք բերածը, և համոզված եմ, որ 100 տարի, 200 տարի անց այն ժամանակվա մեր սերունդները կնախանձեն մեզ։
Ես կարծում եմ, որ Շարժումն արդյունքն է այն լիցքի, որ կուտակվում էր դարեր ի վեր, մանավանդ վերջին 70 տարիների ընթացքում։ Այդ լիցքն ի վերջո բերեց այդ պայթյունին, ժողովրդի այդ ապշեցուցիչ վերելքին, այդ համընդհանուր ոգևորությանը, և ցավալի է, որ մի շարք թերություններ, որոնցից կարող էինք խուսափել, մի փոքր դառնացրին մեր հաղթանակները։