Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Սպորտի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և ոլորտային անելիքները հստակեցնելուն, ինչպես նաև մարզիկներին ու մարզիչներին հուզող հարցերին էր նվիրված մարտի15-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հանդիպումը հանրապետությունում գործող մարզական դպրոցների, ֆեդերացիաների ղեկավարների, մարզիկների, մարզիչների հետ: Քննարկման էին դրված ԼՂՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 28-ի ՙԼՂՀ պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին՚ որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՙՕլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում, միջազգային մրցաշարերում, ՀՀ առաջնություններում և Համահայկական խաղերում 1-3-րդ մրցանակային տեղեր գրաված մարզիկների ու նրանց մարզիչների դրամական պարգևատրման կարգը և դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին՚ ԼՂՀ կառավարության 2011թ. հուլիսի 4-ի որոշումը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ ընդունելու մասին օրենքների նախագծերը:

Նախքան քննարկումը լսվեց ԿԳՍ նախարարության կողմից 2018թ. տարբեր մարզաձևերին հատկացված ֆինանսական միջոցների, գրանցված մարզական արդյունքների ու 2019թ. իրականացվող մարզական ծրագրերի մասին փոխնախարար Աշոտ Դանիելյանի զեկուցումը:
Նրա խոսքով` ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, գավաթի խաղարկություններին, միջազգային մրցաշարերին արցախցի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով ԱՀ ԿԳՍՆ կողմից 2017թ. հատկացվել է 71 մլն 290 հազար դրամ (փաստացի ծախսը կազմել է 86 մլն դրամ), 2018-ին հատկացվել է 79 մլն 723 հազ. դրամ (փաստացի ծախսվել է 110 մլն 344 հազ. դրամ), 2019թ. նախատեսված է 99 մլն 796 հազ. դրամ: Օլիմպիական մարզաձևերի զարգացման նպատակով նախարարությունը նախապատվությունը տալիս է այդ մարզաձևերով անցկացվող միջոցառումներին: Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար ֆինանսավորվելու են միայն այն մարզիկները, որոնք ՀՀ առաջնությունում կգրավեն մրցանակային տեղեր:
2019թ. նախարարությունը սպորտի բնագավառում իրականացնելու է հետևյալ ծրագրերը. ՀՀ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, գավաթի խաղարկություններին, միջազգային մրցաշարերին մեր մարզիկների ապահովում և խրախուսում, ԱՀ տարբեր մարզաձևերից առաջնությունների կազմակերպում, զանգվածային մարզական միջոցառումների անցկացում` սկսած նախադպրոցական տարիքից մինչև տարեցներ և հաշմանդամներ, մարզաձևի զարգացման նպատակով ՀՀ-ից մարզիչների հրավիրում ըստ ֆեդերացիաների պահանջարկի և առաջարկի, մրցումներում վնասվածք ստացած մարզիկների բուժման փոխհատուցում:
Արցախում գործող մարզական ֆեդերացիաներին ԱՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգում նախատեսված փոփոխությունների, ֆինանսական աջակցության գումարի չափի ձևավորման պայմանների բարելավման, բարձր արդյունքներ արձանագրած մարզիկների և մարզիչների խրախուսման կարգում կատարված փոփոխությունների մասին ներկայացրին մարզական կազմակերպությունների և մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության բաժնի վարիչ Վալերի Հայրիյանը և սպորտվարչության բաժնի պետ Լևոն Գասպարյանը:
Սպորտի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության գերակա ուղղությունները, հետագա անելիքները ներկայացրեց ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը: Նա նշեց, որ միայն վերջին տարում ոլորտին ուղղված պետական հատկացումներն աճել են 70 տոկոսով: Թե՜ պետական բյուջեից, թե՜ պահուստային ֆոնդից ամեն տարի հսկայական գումարներ են ուղղվում սպորտի զարգացմանը: Պետական աջակցության շնորհիվ ֆինանսական հոսքեր են ներգրավվել նաև տարբեր հովանավորներից: Ոլորտում իրականացված պետական քաղաքականության արդյունքում բազմաթիվ մարզաձևերում հաջողություններ են արձանագրվել, աճել է սպորտով զբաղվող երեխաների և երիտասարդների թիվը: Տարեցտարի նոր քայլեր են ուղղվում մարզական նոր կառույցների ստեղծման, մարզադաշտերի, մարզադահլիճների, մարզահրապարակների հիմնանորոգման, մարզագույքով ապահովման, մարզական ներուժի բացահայտման, մարզիկների խրախուսման ուղղությամբ: Ոլորտի աշխատանքները պահանջում են հստակ կանոնակարգում: Նախարարը նշեց, որ ոլորտում գործող երկու օրենքները` ՙՖիզկուլտուրայի և սպորտի մասին՚ և ՙՄանակապատանեկան սպորտի մասին՚, պետք է վերանայվեն, ընդունվեն իրավական ակտեր, քանի որ սպորտի մասսայականացման արդյունքում հազարավոր երեխաներ ներգրավված են տարբեր մարզաձևերով մարզադպրոցներում, և նրանց առողջությունն ու մարզչական գործունեությունը հավուր պատշաճի վերահսկելու, մարզիչներին լիցենզավորելու անհրաժեշտություն կա: Նախագծերը հենց նպատակ ունեն կանոնակարգելու այդ և շատ այլ հարցեր: Նախարարության կողմից անցկացվող մոնիթորինգի արդյունքում կուսումնասիրվեն բոլորի պայմանները, կգնահատվեն կարիքները, կդասակարգվեն առաջնահերթությունները և ըստ դրանց կուղղվեն պետական ու հովանավորչական միջոցները, տեղեկացրեց նախարարը: Մարզադպրոցների համար կհաստատվի օրինակելի կանոնադրություն` համապատասխան պահանջների ներդրմամբ:
Նախատեսված է ավելացնել մարզֆեդերացիաներին հատկացվող բազային գումարները, նաև հնարավորություն է ստեղծվում նրանց արդյունքների հիման վրա ավելացնել այդ հատկացումները:
Նախարարը շեշտեց, որ պետական քաղաքականությունն ուղղված է լինելու օլիմպիական մարզաձևերի խրախուսմանը, քարոզմանը, տարածմանը, միաժամանակ ոչ մեկին չի արգելվի ցանկացած այլ մարզաձևով զբաղվելու, եթե այն չի վնասում երեխաների առողջությանը:
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ժամանակ մարզաշխարհի ներկայացուցիչները գրավոր և բանավոր ներկայացրին իրենց առաջարկությունները, ինչպես նաև հուզող հարցերը: Դրանք կներառվեն նախագծերում, նորից կքննարկվեն և հավանության արժանանալուց հետո կուղարկվեն կառավարության հաստատմանը: Նախարարը բոլորին հորդորեց աշխատել մեկ միասնական մարզական համայնքի գիտակցությամբ, քանի որ շատ կարևոր է ոչ միայն օլիմպիական մարզաձևերի զարգացումը, այլև օլիմպիզմի գաղափարախոսության ու օլիմպիզմի փիլիսոփայության ներդրումը յուրաքանչյուր անհատի մեջ:
Ն. Աղաբալյանը նաև տեղեկացրեց, որ նման ձևաչափով քննարկումները կդառնան ավանդական:
Հանդիպումն ավարտվեց հաճելի արարողությամբ: Մարզական բնագավառում երկարամյա ու բեղմնավոր գործունեուան համար և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, նախարության պատվոգրով ու դրամական պարգևով պարգևատրվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ՙՂարաբաղ՚ ֆուտբոլային թիմի անդամ Կառլեն Սիմոնյանը:

;