ՄՈՒԱՅ ԹԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՑ ԱՐՑԱԽՑԻ 33 ՄԱՐԶԻԿՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ
Արդյունքները գոհացուցիչ էին՝ արցախցի 33 մարզիկներ զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Տարբեր քաշային ու տարիքային կարգերում 16 մարզիկ նվաճել է 1-ին, 11-ը՝ 2-րդ և 6 մարզիկ էլ 3-րդ մրցանակային տեղերը։ Նրանք պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով և գավաթներով։ Իրենց քաշային կարգերում 1-ին տեղեր զբաղեցրած Լևոն Ծատրյանը և Արման Գալստյանն արժանացան նաև միջազգային չեմպիոնական գոտիների։
Արցախի մուայ թայի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Աղաբալյանը գոհ է մարզիկների մենամարտերից։ Նրա պարզաբանմամբ՝ միջազգային գոտիներ նվաճած երկու մարզիկներն էլ մրցել են իրանցի մրցակիցների հետ և իրենց մենամարտերն ավարտել են փայլուն՝ սահմանված ժամանակից շուտ։ Միջազգային չեմպիոնի գոտի ձեռք բերած ՀՀ մուայ թայի հավաքականի անդամ Արման Գալստյանի խոսքով՝ ինքը մենամարտել է 75 կգ քաշային կարգում, ունեցել երկու մենամարտ, որոնք էլ ավարտել է նոկաուդով: Նա պատրաստվում է դեկտեմբերի 4-ին մասնակցել MIX FIGHT պրոֆեսիոնալ մենամարտին՝ հույս ունենալով, որ Արցախ կվերադառնա կրկին հաղթանակով:
Մուայ թայ մարզաձևի մարզիչ Հայկ Հայրապետյանն անդրադառնալով միջազգային այս մրցաշարի մասնակցության գործընթացին` նշեց, որ նախօրոք ընտրվել են լավագույն մարզիկները և ընդգրկվել հավաքական թիմի կազմ, որոնց հետ էլ քրտնաջան աշխատել է մարզչական ողջ կազմը։ Պարապմունքներին ուշադրություն է դարձվել հատկապես մարզաձևի տեխնիկական, ֆիզիկական գործոններին, որպեսզի մարզիկները կարողանան ըստ արժանվույն հանդես գալ։ Քանի որ մուայ թայը համարվում է ազատ մարտարվեստ՝ խիստ կանոններով, ուստի մրցումներին մասնակցելու համար մարզիչը կարևորում է մարզիկի տարիների քրտնաջան աշխատանքը, տեխնիկական հնարքներին տիրապետելու հմտությունը։ Ընդհանուր առմամբ՝ մուայ թայ մարզաձևով Արցախում պարապում են շուրջ 200 մարզիկներ։ Մինչ արցախյան 3-րդ պատերազմը մուայ թայի խմբեր գործում էին նաև Շուշիում և Ասկերանում, իսկ այժմ միայն Ստեփանակերտում, բայց մարզիչները ծրագրում են Ասկերանում ու այլ շրջաններում վերաբացել մարզաձևի խմբերը։
Արցախի MMA- ի (խառը մենամարտեր) ֆեդերացիայի նախագահ և գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը նշեց, որ MMA-ի մարզիկները մասնակցում են նաև մուայ թայ մարզաձևի ԱՀ, ՀՀ և միջազգային մրցաշարերին ու այս վերջին մրցաշարի չեմպիոններն առաջիկայում պատրաստվում են մասնակցել դեկտեմբերի 10-11-ն Երևանում կայանալիք ՀՀ մուայ թայի պատանիների և մեծահասակների առաջնությանը։ ՙՄինչև արցախյան 3-րդ պատերազմը մեր մարզաձևը բավականին զարգացած էր։ Այն գործում էր հանրապետության գրեթե բոլոր շրջաններում։ Այժմ միայն Ստեփանակերտում են գործում խմբերը և խորին շնորհակալություն ենք հայտնում մայրաքաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն էմիլս Հովհաննիսյանին, որ հնարավորություն ընձեռեց առկա բոլոր խմբերին ու մարզիչներին աշխատել մարզադպրոցի դահլիճներում։ Հովանավորների շնորհիվ փորձում ենք պայմաններ ստեղծել, որ մեր մարզիկները հնարավորություն ունենան մարզվել և մասնակցել ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին՚,- պարզաբանեց Գ. Աղաբալյանը։
