ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐՑԱԽ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել տարբեր շինհարթակների, որոնք տևական ժամանակ է մայրաքաղաքային կյանքի մի մասն են դարձել: Յուրաքանչյուր կառուցվող, վերակառուցվող, բարեկարգվող շենքի, թաղամասի, փողոցի հետ մեր վաղվա օրն ենք կապում:
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց 9 հասցեում շարունակվում են սամբո և ձյուդո մարզաձևի մասնագիտացված մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները:
Մեզ հետ զրույցում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչության տեխհսկիչ Վարդան Ծատրյանն ասաց.
- Արդեն ավարտել ենք ներքին միջսենյակային բաժանումները, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքները: Ընթացքի մեջ են օդափոխության համակարգի, ջեռուցման համակարգի տեղադրումը և կաթսայատան կառուցումը: Ակտիվ են նաև ինչպես մարզադահլիճի, այնպես էլ կաթսայատան տանիքի կառուցման աշխատանքները: Շինարարությունը կշարունակվի նաև 2023թ.:
Մեր զրուցակցի խոսքով` համաձայն նախագծի՝ վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում դահլիճը կհամապատասխանեցվի ու կգործի որպես սամբոյի և ձյուդոյի մարզադահլիճ՝ ապահովված համապատասխան պայմաններով:
Կապալառուն՝ «ԷԼՆԱՐՏԻ» ՍՊ ընկերությունն է: Շինաշխատանքներն իրականացվում են պետական ֆինանսավորմամբ:
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ