Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՆՇԱՆ Է

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության գծով փորձագետ Անցած տարին ադրբեջանական տնտեսության համար դյուրին չեղավ, բայց, այնուամենայնիվ, ֆինանսական պահուստների հաշվին հաջողվեց դուրս գալ նավթի համաշխարհային գներն ընկնելու պատճառով ստեղծված, ինչպես այն ժամանակ թվում էր, ժամանակավոր դժվարին կացությունից։

Փորձագետները կանխագուշակում էին ազգային արժույթի արժեզրկում (դեվալվացիա), տնտեսության դոլարիզացում, հիմնական սննդամթերքների գների բարձրացում, սակայն Ադրբեջանի կենտրոնական բանկը շարունակում էր միլիարդներ ծախսել կայունությունը պահպանելու համար։ Այն, թե դա հետագայում ինչ հետևանք ունեցավ ադրբեջանական տնտեսության համար, կարելի է ՙաղետ՚ անվանել։ Իշխանությունների այդքան չկշռադատված քաղաքականության արդյունքում 2015 թվականի փետրվարին մանաթը մեկ գիշերվա ընթացքում փլվեց 34%-ով։ Սկսվեց բնակչության խուճապը, որը սովոր էր ապրել ՙամենաարագ տեմպերով զարգացող հարուստ Ադրբեջանում՚, որտեղ ամեն ինչ վերահսկողության տակ է, սկսեցին դատարկվել դրամափոխանակման կետերն ու մթերային խանութները։ Հարցն այն է, թե արդյո՞ք շարքային ադրբեջանցիները հասկանում են, որ էներգառեսուրսներից կախված տնտեսություն կառուցելը, որոնց ծավալները ոչ միայն սահմանափակ են, այլև կարող են չպահանջված դառնալ շուկայում, դա արդեն մոտ ապագայում լուրջ հիմնախնդիրների երաշխիք է։ Ադրբեջանի արտահանության մեջ նավթային ու գազային հատվածի բաժինը կազմում է ավելի քան 90%՝ չնայած ոչ նավթային հատվածի զարգացման մասին երկրի իշխանությունների հայտարարություններին։ Եվ եթե նավթի միջին արտահանական գինը լինի մեկ տակառը 60 դոլարի սահմաններում, ապա Ադրբեջանը կորցնելու է նրա վաճառքից ստացվող շահույթի 40%-ը։ Ըստ որում, նավթային հատվածն Ադրբեջանում ոչ թե պարզապես զարգացած չէ, այլ նույնիսկ բուռն վերելքի դեպքում չի կարող լրացնել բյուջեն, որը 80%-ով ձևավորվում է նավթի ու գազի վաճառքից ստացվող եկամուտներից։ Ասենք, որ 2015 թվականի առաջին կիսամյակում նավթային արտահանությունն Ադրբեջանում նույնպես կրճատվել է 29%-ով։ Իսկ ամբողջ արտահանությունը նվազել է համարյա կրկնակի։ Այն, որ ադրբեջանական բյուջեն այս տարի կատարվելու է լուրջ դեֆիցիտով, արդեն չի թաքցվում նույնիսկ պաշտոնական մակարդակում։ Չէ՞ որ նավթի գինը նրա մեջ սահմանված է եղել մեկ տակառը 90 դոլարի մակարդակով, ընդ որում, ամբողջ տարին արտահանվող Azeri Light մակնիշի ադրբեջանական նավթը կանգնած է մնացել 55 դոլարի նշագծի մակարդակում։ Բյուջեի ճեղքերը, որոնք արդեն կազմել են 5 միլիարդ դոլար, փակվելու են Նավթային հիմնադրամի հաշվին, որն ինքն էլ սրընթաց կորցնում է ակտիվները։ Ըստ փորձագետների կանխատեսումների՝ այդ ՙանվտանգության բարձը՚ ադրբեջանական տնտեսությանն ընդամենը երկու տարի կբավականացնի այն դեպքում, եթե իրավիճակը չփոխվի և նավթի գները վեր չբարձրանան։ Ըստ այդմ Ադրբեջանի կենտրոնական բանկի պահուստները տարեսկզբից ի վեր կրճատվել են 39%-ով, իսկ դա մոտավորապես ամսական երկու միլիարդ դոլար է։ Ադրբեջանի պետնավթահիմնադրամի եկամուտները մեկ տարում նվազել են դոլարային համարժեքով համարյա կրկնակի՝ 8,3 մլրդ-ից մինչև 3,9 միլիարդ։ Սկզբնական շրջանում ադրբեջանական տնտեսության մեջ ողբալի իրավիճակն այնքան էլ ակնհայտորեն չի դրսևորվել։ Երկիրը պատրաստվում էր Եվրոպական խաղերին, ինչի վրա արդեն ծախսվել էր մինչև 10 մլրդ դոլար, հանրության ուշադրությունը սևեռված էր հանդիսախաղային միջոցառումների վրա, իսկ միևնույն ժամանակ էլ իշխանությունն սկսել էր փողեր ՙպոկել՚ օլիգարխներից ու խոշոր բիզնեսմեններից։ Ադրբեջանի միջազգային բանկում վարկեր ունեցող ավելի քան 70 գործարարներ ձերբակալվեցին ու կտտանքների ենթարկվեցին։ Սակայն 6 մլրդ դոլարի ընդհանուր գումարով պարտքն այդպես էլ հետ ստանալ չհաջողվեց։ Ադրբեջանի կառավարության երկրորդ քայլը դարձավ բոլոր պետական ենթակառուցվածքային նախագծերի սառեցումը, ինչպես նաև զանգվածային կրճատումներն արդյունաբերական հատվածում։ Արդյունքում արդյունաբերական արտադրությունը միայն 2015 թվականի առաջին եռամսյակում կրճատվեց 29%-ով, իսկ արտասահմանյան ներդրողներն սկսեցին արագորեն մեկը մյուսի ետևից հեռանալ երկրից։ Առաջին չվող ծիծեռնակները դարձան ֆրանսիական Total ընկերությունը և նորվեգական Statoil-ը, որոնք վաճառեցին նավթագազային նախագծերում ունեցած իրենց բաժնետոմսերը։ Այնուհետև երկրից հեռացան Harvey Nichols-ը, KYA Motors-ը, FedEx Express-ը և ուրիշ խոշոր համաշխարհային բրենդներ։ Վարկանիշային գործակալություններն արձագանքեցին Ադրբեջանի վարակնիշի իջեցումով և հաջորդ տարվա համար բացասական կանխագուշակություններով։ Տնտեսության ընդհանուր անկման արդյունքում երկրի միլիոնավոր քաղաքացիներ իրենց գնողունակությունը կորցրին 30%-ով։ Բնակչության վրա բացասաբար անդրադարձավ նաև Ռուսաստանում աշխատող հայրենակիցներից ստացվող դրամական փոխանցումների բազմակի կրճատումը։ Տնտեսությանը փլուզումից չեն փրկի նաև նավթի համաշխարհային գների հնարավոր բարձրացումները։ Հանրահայտ է, որ նավթային եկամուտներն Ադրբեջանում իրենց բարձրակետին են հասել 2010-2011 թվականներին, և արդյունահանության ու արտահանության հետագա աճ արդեն չի կանխատեսվում։ Ըստ ՙCaspian Barrel՚ նավթային հետազոտությունների կենտրոնի հաշվարկների՝ վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանում նավթի արդյունահանության տեմպերի նվազումը կազմել է միջին հաշվով տարեկան 17,5%։ Ինչպես 2013 թվականի իր զեկուցման մեջ նշել է Միջազգային արժութային հիմնադրամը, Ադրբեջանի նավթի պաշարները կարող են սպառվել արդեն 15-20 տարուց հետո։ Չնայած գազի արդյունահանության կանխատեսվող մեծացմանը, գազի արտահանությունից ստացվող եկամուտները գների միջև եղած տարբերությունների և գազային շուկայում արագ փոփոխությունների պատճառով հազիվ թե օգնեն փոխհատուցել նավթի վաճառքից ստացվող եկամուտների նվազմանը։ Այսպիսով, Ադրբեջանի ազգային զարգացման ՙԱդրբեջան-2020. հայացք ապագային՚ հայեցակարգը կարելի է համարել լիովին ձախողելի։ Ինչպես ՙAl-Jazeera Turk՚ հեռուստակայանին տված հարցազրույցում խոստովանել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը, գների անկումից հետո Ադրբեջանի տարեկան եկամուտները կրճատվել են 5-6 մլրդ դոլարով, իսկ դա երկրի Պետնավթահիմնադրամի եկամուտների երրորդ մասն է։ Ըստ որում՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ունի շուրջ 7 մլրդ դոլարի պարտք, իսկ երկրի պետական պարտքի հետ ամբողջությամբ՝ 10 միլիարդ դոլար։ Այսպիսով, վատնողականությունը, տնտեսության անարդյունավետությունն Ադրբեջանում ակնհայտ են դառնում։ Համաշխարհային բանկը վերջերս հրապարակել է 2016-2020 թվականների համար Ադրբեջանի հետ գործընկերության (CPF) վերաբերյալ Տնօրենների խորհրդի կողմից հաստատված շրջանակային փաստաթուղթը։ Կանխատեսվում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի նվազում 7,938 դոլարից մինչև 5,447 դոլար, այսինքն՝ համարյա մեկ երրորդականի չափով։ Գործակալության համաձայն, հաշվետվության մեջ նշվում է նաև արժեզրկման աճը, որն այս տարի կդառնա երկանիշ թիվ և կկազմի 10%։ Այնինչ, Բաքվում զանգվածաբար փակվում են ոչ մեծ ու ոսկերչական իրերի խանութները, և փորձագետները կանխատեսում են փողի արժեզրկման երկրորդ ալիքը, որն իշխանությունները ջանում են զսպել մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը, որոնք կանցկացվեն նոյեմբերի 1-ին։ Կառավարող ռեժիմը գերազանց է հասկանում, որ քաղաքացիների գրպանին ևս մեկ հարվածը կարող է վերածվել սոցիալական խռովության, որն արդեն ավելի վաղ բռնկվել է Ղուբայում, Իսմայիլլիում և վերջերս էլ քիչ էր մնացել սկսվի Մինգեչաուրում։ Իսկ խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում ժողովրդական հուզումներն ուղղակի սպառնալիք են կառավարող վերնախավին, որը տարիներ ի վեր ստեղծել է երկրի ֆինանսական բարեհաջողության մասին առասպելը՝ արդյունավետ մենեջմենթը թաքցնելով նավթի բարձր գների հետևում։ Եվ քանի գնա, ռեժիմի համար այնքան ավելի դժվար է դառնալու քաղաքացիների լոյալությունը ձեռք բերելը, որոնց սոցիալական պայմանները տարեցտարի սրընթաց կերպով վատթարանալու են։ Նավթային բումն Ադրբեջանում վերջացել է, ինչպես և պետության կառուցման վրա դրվող հույսերը, որի հիմնավորությունը կասկածներ չհարուցեր։ Այնինչ, երկրի նախագահ Իլհամ Ալիևը 2015 թվականի սեպտեմբերի 1-ին նախարարների կաբինետի արտակարգ խորհրդակցություն հրավիրեց՝ նվիրված երկրում տիրող տնտեսական իրադրությանը, որի արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին...

 

 Անժելա ԷԼԻԲԵԿՈՎԱ 

Panorama.am