[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՅՐԵՆԻՔ՚ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ ԿՔՎԵԱՐԿԻ ԲՅՈՒՋԵ-2016-ԻՆ

2016թ. պետբյուջեի նախագիծը ԱԺ հանձնաժողովներում ավարտված է, և փաստաթուղթը քննարկվում է խումբ-խմբակցություններում։

Դեկտեմբերի 8-ին տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ՙՀայրենիք՚ խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի համատեղ նիստում էր։ Խմբակցության ղեկավար Ա. Թովմասյանը նշելով, որ ՙՀայրենիք՚ խմբակցությունը ակտիվ մասնակցել է պետբյուջեի նախագծի քննարկմանը տարբեր հանձնաժողովներում, հանդես է եկել առաջարկություններով , հարցերով։ Խմբակցությունը կողմ կքվեարկի պետբյուջեի նախագծին և ԱԺ կանոնակարգով նախատեսված կարգով առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ձևով կներկայացնի կառավարությանը։ Ա. Թովմասյանը համամիտ չէ գոյություն ունեցող այն կարծիքին, որ 2016թ. բյուջեն նույնն է, ինչ 2015-ինը։ ՙ2016թ. պետական բյուջեն դեմքով դեպի հայ զինվորն է, քանի որ Պաշտպանության բանակի, այդ թվում և սպայական անձնակազմի սոցիալ¬տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր ունի՚,¬ ասաց նա։ Կենսաթոշակներն ու աշխատավարձերը գալիք տարվա ընթացքում չեն բարձրանա. անցյալ տարի աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ բարձրացմամբ պետբյուջեի բեռը ծանրացել էր, առաջացել էին որոշ խնդիրներ, և այդ բացը, Ա. Թովմասյանի խոսքով, պիտի լրացվի ներքին ռեսուրսների ներգրավմամբ։ Խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ 2016թ. բյուջեն թուլացնելու է երկրի սոցիալական լարվածությունը։ Ա. Թովմասյանն ընդգծեց, որ ՙՀայրենիք՚ խմբակցությունը պատասխանատվություն է կրում կառավարության վարած քաղաքականության համար, այդ թվում՝ պետբյուջեի մասով։ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ևս ասաց, որ 2016թ. բյուջեն լրիվ տարբերվում է նախորդից, կան որոշ նոր ծրագրեր, որոնց մեծ մասը դարձյալ սոցիալական է։ ՙԸնդհանրապես, մեր պետության բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի։ Իսկ բյուջեն տնտեսության վրա կաշխատի այն դեպքում, երբ նրա առնվազն 40%¬ը կազմում են տնտեսության զարգացման ծրագրերը,¬ ասաց Ս. Թևոսյանը։- Իսկ մեր բյուջեի 70%¬ը սոցիալական ծրագրերն են, ինչը նշանակում է, որ սպառման ծրագրերը մեծ թիվ են կազմում։ Իսկ այդ սպառումը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է ապահովել մուտքեր՚։ Բանախոսը նաև նշեց, որ, հաշվի առնելով ընթացիկ տարում առաջացած որոշ խնդիրներ, 2016-ի բյուջեն աշխատել են կազմել այնպես, որպեսզի ծախսերի և եկամուտների հաշվեկշիռը պահպանվի։ Չնայած պետբյուջեն արդեն բավական երկար քննարկվում է խորհրդարանում, այնուամենայնիվ մտահոգություններ պատգամավորները դեռ ունեն։ Օրինակ՝ ԼՂՀ ՊԲ սպաների և պահեստային սպաների երեխաների ուսման ծախսերի փոխհատուցման ծրագիրը պատգամավոր Հ. Ջիվանյանի կարծիքով կարող է հակասություն առաջացնել մեկ այլ օրենքի դրույթների հետ, քանի որ օրենսդրությամբ կան նրանց հավասարեցված այլ անձինք։ Ա. Մխիթարյանը հետաքրքրվեց, թե բյուջեն կազմելիս հնարավոր չէ՞ այդչափ դեֆիցիտ չպլանավորել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս նախորդ բյուջեներից էլ բեռ է փոխանցվում նոր բյուջեի վրա։ Ս. Թևոսյանը հարցին պատասխանեց, որ այս տարի բավականին կրճատումներ են կատարվել բյուջեի ծախսերում, ինչի արդյունքում դեֆիցիտը կրճատվել և հասել է նման մակարդակի։ Հ. Ջիվանյանի հարցը լրացուցիչ քննարկում է պահանջում. առաջարկվեց այն ենթարկել համապատասխան ուսումնասիրության, ապա վերջնական որոշում կայացնել։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ