[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՏՆՏԵՍՄԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ՕՐԻՆԱԿ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Ազգային ժողովի պետական-իրավական եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2016թ. պետբյուջեով իշխանության պետական, դատական մարմինների եւ դատախազության ֆինանսավորման հետ կապված հարցերը:

Արցախի Հանրապետության Նախագահի ապարատում տնտեսման քաղաքականությունը տարածել են նաեւ 2015-ի ծախսերում: Հիմնական տնտեսումը աշխատավարձի ֆոնդում է եղել, մանրամասնել է Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը. ՙԴեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձի ֆոնդից նախատեսված 390 մլն 601 հազար դրամից ծախսվել է 252 մլն 628 հազար դրամ: Տնտեսվել է ավելի քան 100 միլիոն դրամ՚: 2016-ի ծախսերի նախագիծն էլ ներկայացվել է նույն՝ տնտեսման քաղաքականության տրամաբանության մեջ: ՙԸնթացիկ տարում փոփոխություն է կատարվել Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Այն կրճատվել է 18 հաստիքով: Դա թույլ է տվել 2016թ. աշխատավարձի ֆոնդը կրճատել ավելի քան 50 մլն դրամով: Տեղի է ունեցել նաեւ ավտոմեքենաների թվի կրճատում, ինչի արդյունքում կրճատվել են նաեւ դրանց պահպանման ու սպասարկման ծախսերը՚,- տնտեսման գործնական արդյունքները թվերով է ներկայացրել Մարատ Մուսայելյանը: Արդյունքում՝ 2016-ի համար նախատեսված գումարները շուրջ 11 տոկոսով պակաս կլինեն 2015-ի մակարդակից: Ազգային ժողովին ուղղվող հատկացումներն են աճել: 2016-ին կկազմեն 530 միլիոն դրամ՝ 2015-ի 484 միլիոն դրամի դիմաց: Աճը հիմնականում աշխատավարձի հոդվածում է: ՙԴա պայմանավորված է նրանով, որ անցել ենք մշտական հիմունքներով գործող խորհրդարանի,- հիմնավորում է Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը:- Աշխատանքի վարձատրության հոդվածով նախատեսված է 454 միլիոն դրամ՝ 2015-ի 401 մլն դրամի դիմաց: Ազգային ժողովի կենսագործունեության ապահովման համար 76 միլիոն դրամ է կազմում՝ նախորդ տարվանից մոտ 6 միլիոն դրամով պակաս՚: Աշխատակազմում հաստիքներն են պակասել, 4-ով՝ մեքենաները: Օրվա ամենաթեժ քննարկումները հենց խորհրդարանի հատկացումների եւ կրճատումների թեմայի շուրջ էին: ՙՀայրենիք՚ խմբակցության ներկայացուցիչները հետաքրքրվում են՝ իրենց կուսակցությունը հանձնաժողովի նախագահների մեքենաներից հրաժարվել է: Ինչո՞ւ այդ փաստը կրճատումներում չի արտացոլվել: Շարժում 88-ի ներկայացուցիչներն էլ նկատել են տալիս. քանի որ ոչ բոլոր խմբակցություններին են մեքենա տրամադրում, ապա ինչ տրամաբանությամբ է կատարվել ընտրությունը: Հարցերը լրացուցիչ կքննարկվեն: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Դավիթ Դադայանը նախ հստակեցնում է՝ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների մի մասն այսօր միացված են կառավարության աշխատակազմին: Իսկ եթե համեմատում ենք երկու մարմինների հաստիքների թվի գումարը աշխատակազմի այսօրվա հաստիքների թվի հետ՝ շուրջ 30 կրճատում է ստացվում: Տնտեսման մի մասը այդ թվից է բխում: ՙՀաստիքների թվում աճ ունենք, քանի որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործառույթները կառավարության աշխատակազմին են փոխանցվել: Այդ պատճառով նաեւ աշխատավարձի հոդվածում աճ ունենք,- պարզաբանել է Դավիթ Դադայանը:- Իսկ կրճատումները հիմնականում ավտոմեքենաների պահպանման եւ սպասարկման ծախսերում են եւ ղեկավարի ֆոնդում՚: Գերագույն դատարանին Բյուջե-2016-ի նախագծով 545 միլիոն դրամ է հատկացվելու: Այս տարվա հատկացումից 9 միլիոնով պակաս: Այստեղ եւս հաստիքների եւ մեքենաների թվի կրճատումներ կան: Դատախազությունը գալիք տարի 494 միլիոն դրամ կստանա: 2015-ից շուրջ 25 միլիոն դրամով պակաս: 2-ով հաստիքների թիվն է կրճատվել, 3-ով? մեքենաների: Միակ ավելացումը էլեկտրաէներգիայի սպառման ծախսերում է նախատեսվում, մանրամասնել է գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Գալիք տարի գրեթե անփոփոխ է մնալու Արդարադատության նախարարության բյուջեն: Նախարարությունը երկու ավտոմեքենա ունի: Կրճատման հնարավորություն չկա: Կարճ ընդմիջումից հետո՝ պետական-իրավական եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստը շարունակվել է հրավիրվածների նոր կազմով: Վերահսկիչ պալատի բյուջեն 134 միլիոն դրամ կկազմի, 2015-ից մոտ 4 տոկոսով պակաս: Մարդու իրավունքների պաշտպանի համար նախատեսվող հատկացումները գրեթե անփոփոխ կմնան: Քաղծառայության խորհուրդը 2015-ից մոտ վեցուկես միլիոն դրամ պակաս կստանա: Մեկ մեքենա են կրճատել, երկու հաստիք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն մոտ 38 միլիոն դրամ կկազմի` 2015-ից 4 միլիոն դրամով պակաս: Խորհրդարանականները հատկացումների առթիվ հարցեր եւ առարկություններ չեն ունեցել: Գնահատում են պետական մարմինների՝ գոտիները ձգելու ջանքերը: 

 Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ