[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբերի 8-ին ԼՂՀ Աժ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում 2016թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագծի առնչությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների զեկույցներն էին:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի և համայնքի բյուջեն: 2015թ. մայրաքաղաքի աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 316 մլն 480 հազար դրամ, գալիք տարում այն կկազմի 297 մլն 806 հազար դրամ: Այդ նվազումը հիմնականում պայմանավորված է 10 հաստիքների կրճատմամբ, նվազել են նաև ղեկավարի ֆոնդն ու գույքի ձեռքբերման ծախսերը: Հիսուն տոկոսով կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը: Համայնքի բյուջեն կազմել է 1մլրդ 516 մլն դրամ: Գալիք տարում այն կդառնա 1մլրդ 661 մլն դրամ: Բյուջեի ծախսերի ավելացումը, ըստ քաղաքապետի, կապված է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, ինչպես նաև մի շարք հարկային պարտավորությունների կատարման հետ: Վերջերս ՙՍանմաքրում-կանաչապատում՚ ընկերության ենթակայությանն է հանձնվել քաղաքային աղբանոցը, որտեղ որոշակի աշխատանքների անհրաժեշտություն ակ: Ծախսային տեղափոխություններ են իրականացվել ՙՍանմաքրում-կանաչապատում՚ և ՙԲնակշահագործման տնտեսության՚ միջև։ Գույքագրվել են մայրաքաղաքի մաքրման ենթակա բոլոր տարածքները, ավելացվել են հավաքարարների հաստիքների թիվն ու աշխատավարձերը: 3,5 մլնով կրճատվել է ընթացիկ ու կապիտալ շինարարության ծախսերը: Առանձին քննարկման առարկա դարձավ քաղաքային մշակույթի տան կողմից մատուցված ծառայությունների դիմաց հարկ վճարելու մասին հարցը: Պարզաբանելով իրավիճակը՝ ֆինանսների փոխնախարար Գր. Մարտիրոսյանը նշեց, որ ավելացված արժեքի չափով կավելացվի կառույցի սուբսիդավորման չափը: Պատգամավոր Վ. Բալայանը հետաքրքվեց մայրաքաղաքի ծայրամասային փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքով: Ի պատասխան քաղաքապետը նշեց, որ իրենց կողմից, ըստ առաջնահերթության, որոշ փողոցներում կիրականացվեն խճապատման աշխատանքներ, իսկ ասֆալտապատման աշխատանքները կկատարվեն Քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության հաստատվելիք ծրագրերով: Մինչ շրջվարչակազմերի ղեկավարների ելույթներին անցնելը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շեշտեց, որ նման ձևաչափով քննարկումներ անցկացվում են առաջին անգամ և շրջանների պատասխանատուներին հորդորեց ավելի շատ անդրադառնալ շրջանների առաջնային խնդիրներին, խոսել ուշադրության արժանի թեմաներից, որպեսզի հետագայում բյուջեն պլանավորելիս գործադիրն առավել հստակ առաջնահերթություններով կարողանա առաջնորդվել: Շրջվարչակազմերի ղեկավարները խոսքը, սակայն, կառուցված էր սոսկ թվային հաշվետվությամբ: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի 2016 թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել է 5,5 տոկոսով: 0,9 տոկոսով կրճատվել են աշխատակազմի պահպանման ծախսերը: Շրջվարչակազմը հրաժարվել է յոթ հաստիքից և մեկ ծառայողական մեքենայից: Ըստ բյուջեի նախագծի՝ 11 տոկոսով նվազել է նաև Հադրութի շրջվարչակազմի բյուջեն: Այստեղ կրճատվել են 5 հաստիք և երեք տրանսպորտային միջոց: Վ. Գևորգյանի ներկայացմամբ՝ էականորեն նվազել է աշխատավարձի ֆոնդը: Համայնքային բյուջեի եկամուտները ևս անցյալ տարվա համեմատ նվազման միտում ունեն: Պատգամավոր Հայկ Խանումյանը հետաքրքրվեց Ուխտաձորի ենթաշրջանի զարգացման ծրագրի բերած արդյունքներով: Ըստ շրջվարչակազմի ղեկավարի՝ ծրագրի շնորհիվ այսօր ենթաշրջանում առկա են արտեզյան ջրհորներ,ավելացվել է անասնագլխաքանակը, հիմնվել են մրգատու այգիներ: Շրջվարչակազմերում կրճատված հաստիքների մեծ մասը գյուղբաժինների աշխատակիցներ են. պատգամավոր Արմո Ծատրյանը մտահոգիչ համարեց այդ փաստը և խորհուրդ տվեց կրճատումների անհրաժեշտության դեպքում անգամ ձգտել պահպանել գյուղատնտեսների և անասնաբույժների հաստիքները: Մարտակերտի շրջվարչակազմի 2016թ. տարեկան ծախսը նվազել է ավելի քան 14 մլն դրամով: Այստեղ ևս 6 հաստիք և մեկ ծառայողական մեքենա է կրճատվել: Աճ է գրանցվել համայնքային բյուջեի սեփական եկամուտների մասով՝ կապված հողի հարկի, գույքահարկի և հողի վարձավճարների ավելացման հետ: Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի և Էդուարդ Աղաբեկյանի առաջադրած հարցերը վերաբերում էին համայնքներում ֆոնդային բյուջեի պլանավորման անհրաժեշտությանն ու իրականացված կրճատումներին: Ժաննա Գալստյանը հետաքրքրվեց շրջանի սահմանամերձ գյուղերի ճանապարհաշինարարական աշխատանքներով և Մարտակերտ քաղաքում քաղպաշտպանության աշխատանքների ընթացքով: Ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասաց, որ շուրջ երկու ամիս է՝ Քաղաքաշինության նախարարությունն աշխատանքներ է տանում Մաղավուզ-Մատաղիս-Տոնաշեն ճանապարհահատվածում: Մարտակերտ քաղաքում ներկայում 17 նկուղային ապաստարան կա, որտեղ մաքրման աշխատանքներ են տարվել: Մարտունում ևս բյուջեն նվազել է 11 տոկոսով, կրճատվել է աշխատակազմի 7 հաստիք, այդ թվում՝ շրջվարչակազմի ղեկավարի մեկ տեղակալ: Նվազեցվել է ծառայողական մեքենաների թիվը: Պատգամավորների կողմից հնչեցված հարցերը կապված էին համայնքներում բյուջեի ծախսային կատարումներին և Ճարտար համայնքում իրականացվող աշխատանքներին: Մարտունում ևս մաքրման աշխատանքներ են կատարվել 13 նկուղներում: Շրջվարչակազմերի ղեկավարների զեկույցներից պարզ դարձավ, որ գրեթե նույն պատկերն է նաև Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում: Քաշաթաղում կրճատվել են շրջվարչակազմի երեք տեղակալներից երկուսը: Ծառայողական մեքենաների թիվը նվազեցվել է չորսով: Երկու վարչություններ միավորվել են մեկ բաժնում: Շրջանում բոլոր համայնքները գտնվում են պետության հոգածության ներքո: Երկու շրջանների գյուղերում բնակչության արտահոսք չառաջացնելու նպատակով կրճատումների փոխարեն կես դրույքաչափերի մեթոդն են կիրառել: Շրջաններում բազմաթիվ ընտանիքներ բնակարանների նորոգման խնդիր ունեն: Ներկայում շարունակվում է նման ընտանիքներին շինանյութերի տրամադրման գործընթացը: Պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց Քաշաթաղի Բերձոր-Իշխանաձոր ճանապարհի անբարեկարգ վիճակի առնչությամբ: Պարզաբանվեց, որ բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են, և ճանապարհի 30 տոկոսն արդեն վերանորոգված է: Քննարկումներին հարգելի պատճառով ներկա չէր Շուշիի շրջվարչակազմի ղեկավարը:

* * *

Նույն օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ՙՇարժում-88՚ խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: Քննարկվող թեման կրկին ՙԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծն էր։ ՙՇարժում-88՚ խմբակցության անդամները ԼՂՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանին առաջադրեցին բյուջեի վերաբերյալ իրենց դիտարկումները և նշեցին, որ առավել մանրամասն դրանք կներկայացվեն գրավոր տեսքով։

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ