[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ

ՙԺողովրդավարություն՚ խմբակցությունը ներկայացրեց իր դիտարկումները

 Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու ԱԺ ՙԺողովրդավարություն՚ խմբակցության համատեղ նիստը, որը վարում էին մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը և խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։ Ներկա էին ԱԺ և Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Չնայած 10 օր շարունակվող 2016թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի շուրջ քննարկումներին, այնուամենայնիվ, կային հարցեր, որոնք, ՙԺողովրդավարություն՚ խմբակցության անդամների համոզմամբ, մտահոգիչ են, հետևաբար, արժանի են ուշադրության։ Նախևառաջ մտահոգիչ են պետական հաստիքների կրճատումների հետևանքները. քանի՞ մարդ մնաց առանց աշխատանքի, ի՞նչ ճակատագիր է նրանց սպասվում, և կարելի՞ է, արդյոք, նրանց տեղավորել մասնավոր սեկտորում։ Ֆինանսների նախարարի վկայությամբ՝ կատարված փոփոխությունների հետևանքով կրճատվել է 120-150 մարդ, որոնց թվում քաղծառայողները 85-90% են կազմում։ Կրճատումները հիմնականում տեղի են ունեցել նախարարություններում իրականացված բարեփոխումների արդյունքում, կրճատվել են պետական կառույցներում առկա թափուր պաշտոնները։ Բացի այդ, ծառայողական մեքենաների կրճատման հետ կապված, առանց աշխատանքի են մնացել վարորդներ։ Նրանց մեծ մասը, նախարարի տեղեկացմամբ, տեղավորվել է տաքսի ծառայություններում կամ այլ հիմնարկներում։ Կրճատումները, ըստ ֆինանսների նախարարության ուսումնասիրությունների, գործազրկության խնդիր չեն հարուցի, ասաց Ս. Թևոսյանը։ Փորձը ցույց է տալիս, որ ամեն տարի բյուջեի կատարողականը, ըստ ոլորտների, հիմնականում ֆինանսավորվել է մոտ 90%-ով։ Չի՞ կարելի, արդյոք, այդ չափով էլ պլանավորել ֆինանսավորումը, բայց ֆինանսավորում իրականացնել 100%-ով, ինչը կբերի նաև դեֆիցիտի կրճատման։ Պատասխանելով հարցին՝ նախարարը նշեց, որ բյուջեն ձևավորելիս հիմնականում այդ տրամաբանությամբ են առաջնորդվել։ Նախորդ տարվա համեմատ պետբյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ 800 միլիոնով պակաս է։ Գումարած 1,2 միլիարդ՝ կապված քաղծառայողների, ազգային անվտանգության, ոստիկանության, փրկարար ծառայության ոլորտներում աշխատավարձերի բարձրացման հետ։ 3 միլիարդ դրամի չափով ավելացումներն են տեղավորել բյուջեի նախագծում, և միաժամանակ դեֆիցիտն է կրճատվել, տեղեկացրեց նախարարը։ ՙԺողովրդավարություն՚ խմբակցությունը հատուկ կարևորում է քաղաքացիական պաշտպանության խնդիրը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է սահմանամերձ այն բնակավայրերին, որոնք հրետակոծության տակ են։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժամանակավոր ապաստարանների վերանորոգման հարցին։ Նախարարը հավաստիացրեց, որ այդ խնդիրը գործադիրը մոռացության չի մատնում։ 2007 թվականից մինչ այսօր կառավարությունն ունի՞, արդյոք, գնաճի վերաբերյալ վերլուծություն։ Նախարարի վկայությամբ՝ իրենք յուրաքանչյուր տարվա համար ունեն վիճակագրական տեղեկություններ, բայց պետք է նկատի ունենալ նաև, որ դրա հետ մեկտեղ, աշխատավարձեր են բարձրացվում։ Հարցին՝ արդյո՞ք այդ բարձրացումները համարժեք են գնաճին, նախարարը միանշանակ ՙայո՚ ասաց։ Ազգային ժողովի և Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահը ներկայացրեց հարցերի շարք։ Որոշ հարցեր կապված էին բյուջեի կառուցվածքի հետ. Տարեցտարի որոշակի լավարկումներ նկատվում են բյուջեի նախագծի մեջ, բայց տեղ են գտնում նաև տեխնիկական վրիպումներ։ Այդ մասին Ա. Ղուլյանն արտահայտվել է նաև հանձնաժողովի նիստում. ֆինանսական փաստաթուղթը պետք է զուտ ֆինանսական բովանդակություն ունենա, տվյալ պարագայում ավելորդ են քաղաքական ձևակերպումները, ինչին հարկ է ուշադրություն դարձնել։ Տեսականորեն հնարավո՞ր է քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող առանձին տող ունենալ պետբյուջեում, հարցրեց Ա. Ղուլյանը։ Նրա համոզմամբ՝ պետբյուջեում այդ տողը պարտադիր պետք է լինի. Նախորդ տարիներին էլ առաջարկություն է եղել քաղաքացիական պաշտպանության համար պետբյուջեում որոշակի գումար նախատեսելու մասին։ Այդ առաջարկությունը կոնկրետ այս տարվա համար չէ. առաջիկա տարիների հարկ կլինի ուշադրություն դարձնել դրան։ Հարցի առնչությամբ ֆինանսների նախարարն առարկություններ չուներ, ասաց, որ այդպիսի հնարավորություն ինքը տեսնում է։ Նախորդ տարիներին արված որոշ առաջարկությունների վերաբերյալ կառավարության տված պատասխանները հնարավո՞ր է վերանայել, հարցրեց ԱԺ նախագահը։ Ս. Թևոսյանի պարզաբանմամբ՝ ամեն տարի հաշվի են առնվում հնարավորությունները. այն, ինչը հնարավոր է տեղավորել պետբյուջեում, տեղավորում են, իսկ մնացած հարցերը քննարկվում են տարվա ընթացքում։ Նա հստակ պատասխան չտվեց հարցին, և միայն՝ նշեց, որ 2016-ի պետբյուջեում նախորդ տարվանից մնացած առաջարկությունների ընդգրկման հնարավորության մասին ինքը ոչինչ չի կարող ասել։ Խմբակցությունն ամեն տարի կարող է ներկայացնել իր առաջարկությունները։ Պետբյուջեի նախագծում պետական պարտքի դիմաց գործառնությունների համար սպասելի գումար է նախատեսվել, շարունակեց ԱԺ նախագահը, ինչպիսի՞ դինամիկա է կանխատեսվում հաջորդ տարիների համար. ավելանալո՞ւ, թե՞ նվազելու են պետական պարտքի դիմաց գործառնությունները։ Նախարարի խոսքով՝ պետք է նվազեն, թանկ ռեսուրսներ ներգրավելու մտադրություն չկա և նպատակահարմար էլ չէ։ Ընդհանուր պարտքերի մեջ ամենամեծը ՙԲեյզ մեթըլս՚ ընկերության գումարն է։ Հատկացված գումարը վերահասցեագրվել է նրանց։ Գործադիրը ոչ միայն տրամադրված է նվազեցնել, այլև իրեն պարտավորված է զգում այդ հարցում։ Հանրապետության համայնքների բյուջեներին 2 միլիարդ 700 միլիոն դրամի չափով դոտացիա է տրամադրվել։ Կա՞ որևէ հաշվարկ համայնքներից եկող և համայնքներին տրվող գումարների վերաբերյալ։ Ֆինանսների նախարարի վկայությամբ հաշվարկներ կան. ծախսերի 73,5 %-ը դոտացիաների տեսքով է։ Ամենամեծ դոտացիան տրվում է քաղաքապետարանին, հանրապետության համայնքներից միայն հինգն են ինքնաբավ։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ