Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից նոյեմբերի 1-ից իրականացվում են գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների ամենօրյա դիտարկումներ։

Հանրապետության բուժհիմնարկներից ստացված վերջնական տվյալները ԼՂՀ ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը փոխանցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը։ Ներկայացնելով տեսչության համաճարակաբան դիտարկման համեմատական տվյալները՝ Կարինե Բալայանը տեղեկացրեց, որ 2015թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է վերին շնչուղիների հիվանդությունների 989 դեպք, որից 760-ը մինչև 18 տարեկանների մոտ։ 2014թ. նույն ժամանակահատվածում վերին շնչուղիների հիվանդությունների թիվը եղել է 2027, երեխաների շրջանում՝ 1772։ Անցած տարվա համեմատ դեպքերը նվազել է 1047-ով, ընդ որում՝ երեխաների մոտ 1012-ով։ Իսկ արդեն այս տարվա նոյեմբերին դեպքերի թիվը դարձել է 2249, որից 1967-ը՝ մինչև 18 տարեկանների մոտ էին։ 2014թ. նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով՝ վերին շնչուղիների հիվանդությունների առումով գրանցվել էր 2447 դեպք, որից 2196-ը՝ երեխաների շրջանում։ Անցած տարվա համեմատ դեպքերի ընդհանուր թիվը նվազել է 198-ով։ Մեր զրուցակցի խոսքով՝ հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում դեկտեմբերի 7-11-ը հոսպիտալացվել է սուր շնչառական վարակներով 17 հիվանդ, որից 16-ը՝ մինչև 18 տարեկան (Ստեփանակերտից, Ասկերանի և Քաշաթաղի շրջաններից)։ Համաճարակաբանի պարզաբանմամբ՝ այդ ժամանակահատվածում ԼՂՀ-ում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակների 428 դեպք, որից 388-ը՝ երեխաների շրջանում (90,6%)։ Իսկ դեկտեմբերի 2-6-ը գրանցված դեպքերի թիվը կազմել էր 518, որից 467-ը՝ մինչև 18 տարեկանների մոտ (90,1%)։ Այսինքն՝ վերջին շաբաթվա տվյալներով՝ վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը նվազել են 90-ով (79¬ը երեխաներ էին)։ ԼՂՀ առողջապահության նախարարության հավաստմամբ՝ հանրապետությունում իրավիճակը վերահսկվում է։ Ախտահանման ռեժիմը պահպանելու նպատակով բոլոր բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և ախտահանիչ նյութերով։ Ամենօրյա դիտարկումներ են իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում. պարզաբանվում են բացակայությունների պատճառները: Նախադպրոցական հաստատություններում շարունակվում է առավոտյան ֆիլտրումը, այսինքն՝ բոլոր երեխաներն ստուգվում են և հիվանդներին չեն թողնում այցելել մանկապարտեզ։ Վերջին ստուգումների տվյալներով՝ Ստեփանակերտի մանկապարտեզներում և թիվ 1 գիշերօթիկ հաստատության 1221 երեխաներից 85-ը (6,9%) հիվանդ էին։ Մայրաքաղաքի դպրոցներում անցկացված վերջին դիտարկման արդյունքներով՝ 9307 երեխաներից 534-ը բացակա էին, որից 157-ը (1,7%-ը)՝ հիվանդության պատճառով։ ԼՂՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում կշարունակի ամփոփել դիտարկումների համեմատական տվյալները։ Մեր զրուցակցի խոսքով՝ համեմատական տվյալներով իրավիճակը հանգիստ է։ Հիվանդության ծանր դեպքեր չեն արձանագրվել։ Սակայն համաճարակաբանական իրավիճակի սրման դեպքում հիվանդների քիթ ըմպանից կվերցվեն քսուքներ և կուղարկվեն ՀՀ առողջապահության նախարարության հիվանդության վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա՝ գրիպի տիպը որոշելու համար։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից նվիրատվություն կարգով ձեռքբերված Ա և Բ գրիպի դեմ պատվաստանյութի շուրջ 1000 դեղաչափից մեր հանրապետությունում արդեն պատվաստվել է 600 հոգի։ Կ. Բալայանը տեղեկացրեց, որ գրիպի դեմ պատվաստանյութի դեղաչափ դեռևս կա և պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի և ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման պոլիկլինիկաներ։ Վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումների տվյալներով՝ եթե 2014թ. 9 ամսվա ընթացքում գրանցվել էր 20 հազար 129 դեպք, որից 16 հազար 801-ը՝ երեխաների շրջանում, ապա 2015-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 16 հազար 393 դեպք, իսկ հիվանդ երեխաների թիվը եղել է 13 հազար 762։ Տեսչության մասնագետների հավաստմամբ՝ վերին շնչուղիների հիվանդությունների մշտադիտարկումները կշարունակվեն մինչև 2016թ. ապրիլի վերջը։ Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ ԼՂՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է լինել զգոն, պահպանել հիգիենայի տարրական կանոնները, սնվել ու քնել լիարժեք, ինչպես նաև մարզել մարմինը։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ