[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԿՐԵԼ ՄԵՐ ԲԱԺԻՆ ԲԵՌԸ՚

Դեկտեմբերի  22-ն աշխարհում նշվում է որպես  Էներգետիկի  մասնագիտական տոն օր։

2013 թվականից այդ  տոնը պաշտոնապես նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Մասնագիտական օրվա առթիվ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ տնօրեն  Տիգրան ԾԱՏՐՅԱՆԻՆ հրավիրեցինք հարցազրույցի։ 

- Պարոն Ծատրյան, նախ՝ թույլ տվեք շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ։

Տոնը սովորաբար առիթ է՝ խոսելու ձեռքբերումների, բացթողումների, խնդիրների մասին։ Ինչպիսի՞ն է այսօր համակարգը։ 

- Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ես նույնպես  միանում եմ դրան՝ բոլոր էներգետիկներին մաղթելով անձնական երջանկություն, անսպառ էներգիա և անփորձանք աշխատանք։ 

Էներգետիկի օրն աշխարհում  նշվում է վաղուց, նշվում է լուսային ամենակարճ օրը՝ դեկտեմբերի 22-ին։ Եթե խոսելու լինենք համակարգից՝ ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ սա այն ոլորտներից է, որի զարգացումից կախված է առանցքային մի շարք ոլորտների զարգացումը։ Ներկայումս  ԼՂՀ էներգետիկ ոլորտը զարգացած է կամ  զարգանում է այնքանով, որքանով թույլ են  տալիս հնարավորությունները։ 2014-2015թթ. համար  մենք առաջադրանք ստացանք՝ ապահովել հզորությունները, քանի որ պետության ռազմավարական մի շարք  ոլորտներում էլեկտրաէներգիայի   սպառման որոշակի ծավալներ են նախատեսվում։ Խոսքն առաջին հերթին հանքարդյունաբերության, արտադրության ոլորտների  մասին է։ Եվ սկսեցինք մի ծրագիր՝ 110 կՎտ օդային գծի կառուցումը, որը Կաշենի հանքավայրի շահագործման մեջ մեծ դեր պիտի ունենա։ 

- Ի դեպ, ԼՂՀ կառավարության ղեկավարն այդ ծրագիրը  որակել է որպես վերջին 20-25 տարվա ամենախոշոր տնտեսական ծրագիրը։

- Ես կիսում եմ այդ կարծիքը։ Բացի այդ գծից, կառուցվում է նաև 220 կՎտ 80 կմ երկարությամբ օդային գիծ, որը կմիացանի գործող էներգահամակարգի օղակները, և կկազմվի օղակաձև համակարգ, ինչը պիտի լուծի էներգամատակարարման  հետ կապված ներկայիս բազմաթիվ խնդիրներ։ Այդ ծրագիրը նախատեսում ենք  ավարտել 2016 թվականին։ 

- 2016թ. պետական բյուջեի ծախսերի զգալի կրճատումներ են կատարվել։ Վարչապետ Ա. Հարությունյանը բյուջեն ներկայացնելիս նշել է, որ տարին ծանր  կլինի նաև էներգետիկների համար։ Դուք պատրա՞ստ եք դիմակայելու դրան։ 

- Այո, մենք կարող ենք այդ բեռը մեզ վրա վերցնել։ Այն, իհարկե, համակարգից լրացուցիչ ռեսուրսներ, աշխատանք կպահանջի, բայց կաշխատենք ուժերի  ներածին չափով։ Այսօր ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, իսկ մենք այս աշխարհի մի մասնիկն  ենք և մեր բաժին բեռը պատասխանատվությամբ  կկրենք։ 

- Գաղտնիք չէ, որ բնակչության շրջանում հաճախ դժգոհություններ  են հնչում ՙԱրցախէներգո ՚ ՓԲԸ-ի հասցեին՝ կապված էլեկտրաէներգիայի ոչ կայուն մատակարարման հետ։ Կարո՞ղ ենք հուսալ, որ ծրագրի իրականացմամբ այդ խնդիրները ևս կլուծվեն։

- Անշուշտ։ Ես կիսում եմ սպառողների մտահոգությունը, բայց պետք է ըմբռնումով  մոտենալ մեր աշխատանքին ևս։ Միշտ չէ, որ, այսպես ասենք, աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում է նման պատկեր ստեղծվում։ Խնդիրների առաջացման համար  բազմաթիվ գործոններ կան։ Օղակաձև համակարգի ստեղծումը հենց նպատակաուղղված է էլեկտրաէներգիայի անխափան, կայուն մատակարարմանը։ Ներկայումս գործող՝ էլեկտրաէներգիայի մատակարարման  ռադիկալ մեխանիզմը թույլ չի տալիս վթարների ժամանակ անջատումներ չանել։ Բայց վթարները լրիվությամբ բացառել չի լինի, քանի որ մենք ապրում ենք  լեռնային գոտում, որտեղ և՜ տեղանքը և՜ բնակլիմայական պայմանները ազդեցիկ գործոն են։ 

- ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն, որքան տեղյակ ենք, վնասով է աշխատում։ Ե՞րբ ընկերությունը կդառնա  ինքնաբավ։

- Չի կարելի ասել, թե առաջիկա  մեկ-երկու տարվա ընթացքում ինքնաբավ կլինենք, բայց կատարվող ներդրումներն արդարացնելու են իրենց։ Եթե  սպառման ծավալների նման աճ չլիներ վերջին տարիներին, մենք արդեն իսկ ինքնաբավ կլինեինք, բայց ընկերության առջև կան խնդիրներ, որոնք  պահանջում են ռեսուրսներն ուղղորդել դրանց լուծմանը և մասնակցել տնտեսության զարգացմանը։ Հիմա մեր ծրագրերի մի մասը փոխառու միջոցներով  է կյանքի կոչվում, բայց հեռանկարում  ՙԱրցախէներգո՚-ն ինքնաբավ, շահութաբեր կազմակերպություն կլինի։ 

- Պարոն Ծատրյան, վերջում ներկայացրեք մի քանի ցուցանիշներ կառույցի  գործունեության մասին։ 

- Ամեն տարի սպառողների կայուն աճ է գրանցվում թե՜ բնակչության, թե՜   տնտեսության մասով։ Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճը տարեկան 4-5% է, 2014 թվականին գրանցվել է նույնիսկ  9 %։ 2016-ին նախատեսվում է շուրջ 20-30 % աճ՝ պայմանավորված հանքարդյունաբերության  ոլորտի ծրագրերով։  Կորուստները հաշվարկվում են  հատուկ ծրագրի միջոցով։  2016-ին դրա վերջնական կիրառմամբ լրիվությամբ կբացառվի  մարդկային գործոնը, և  կերևա կորուստների  իրական պատկերը։ Ներկայումս կորուստները մոտ 15% են կազմում։ Դա նշանակում է, որ դեռ  անելիք ունենք, չնայած  վերջին տարիներին դրանք  գրեթե  կրկնակի նվազել են։ Օղակաձև գծի կիրառումը ևս մեծապես կնպաստի  կորուստների թվի  նվազմանը։ Կորուստների նման բարձր ցուցանիշը  պայմանավորված է նաև նրանով, որ մի շարք բնակավայրերում  բաշխիչ ցանցերը,   ենթակայաններն ու  հոսանքագծերը  բարվոք վիճակում չեն։ Տարեցտարի մենք, իհարկե, աշխատանք կատարում ենք, և մի քանի տարուց կորուստները զգալիորեն կնվազեն։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ