[ARM]     [RUS]     [ENG]

2015 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՆ

 ՙԱԱ՚-ի հյուրն է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ ԹԵՎՈՍՅԱՆԸ։

- Պարոն Թևոսյան, կառավարության համար անցնող ֆինանսական տարին ծանր էր...

- Ընդհանրապես վերջին տարիները ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար ֆինանսատնտեսական առումով ծանր են: Ֆինանսական և տնտեսական այս բարդ իրավիճակն իր հետևանքներով և գլոբալ ազդեցությամբ, բնականաբար, չէր կարող շրջանցել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Բոլորս էլ գիտենք, որ մեր երկիրն ունի փոքր և բաց տնտեսություն, որի վրա ազդեցություն են թողնում արտարժույթի փոխարժեքի, մետաղների համաշխարհային գների տատանումները, ինչը նաև հնարավորություն է տալիս հասկանալու տնտեսության խութերը, որոնք հրատապ լուծում են պահանջում: Պետական բյուջեի կատարման ժամանակ կառավարությունը մշտապես հետամուտ է նախատեսված արդյունքին բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ հասնելու սկզբունքին, որի շնորհիվ միջոցներն օգտագործվում են հնարավորինս խնայողաբար: Անցնող ֆինանսատնտեսական տարին, անշուշտ, ծանր էր մեր երկրի համար, սակայն նշեմ, որ կառավարությանը հիմնականում հաջողվել է կատարել 2015 թվականին ստանձնած պարտավորությունները: Մեր երիտասարդ պետությունը ցույց տվեց, որ կարող է անգամ նման ծանր արհավիրքներ հաղթահարել՝ նվազագույն կորուստներով: Այդ պայմաններում կառավարության վարած տնտեսական քաղաքականության հիմնական նպատակն էր մեղմել արտաքին բացասական ազդեցությունը տնտեսության վրա՝ միաժամանակ թիրախ դարձնելով տնտեսական ակտիվության խթանումը: Պետք է նշել, որ այս քաղաքականությունը տվել է իր դրական արդյունքը, ինչի մասին են վկայում սպասվող մակրոտնտեսական ցուցանիշները: Նախնական տվյալներով՝ 2015 թվականին համախառն ներքին արդյունքը կկազմի շուրջ 212.3 մլրդ դրամ, իսկ իրական աճը նախորդ տարվա համեմատ կլինի 9%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 53. մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճելով մոտ 2%-ով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 82. մլրդ դրամ՝ ապահովելով 30% աճ: Կավելանան նաև բնակչության դրամական եկամուտների և միջին ամսական անվանական աշխատավարձի չափերը: Ջանքեր են գործադրվում առավելագույնս ապահովելու սեփական եկամուտների ծրագրված ցուցանիշը: ԼՂՀ պետական բյուջեի սեփական եկամուտների գերակշռող մասը կապահովվի հարկային եկամուտների հաշվին: Այսպես, 2015 թվականին պետական բյուջեի սեփական եկամուտների ավելի քան 97%-ը կկազմեն հարկային եկամուտների գծով մուտքերը: Ընդ որում՝ հաշվի առնելով մեր հանրապետության առանձնահատուկ դիրքը և մաքսային սահմանի բացակայությունը՝ հավաքագրվող եկամուտներն ապահովվում են բացառապես ներքին շրջանառությունից: Կանխատեսում ենք, որ կհաջողվի ապահովել հարկային եկամուտների գծով ծրագրված ցուցանիշները լրիվությամբ: Սակայն առկա են որոշակի ռիսկեր՝ ավելացված արժեքի հարկի գծով մուտքերի ապահովման տեսանկյունից, ինչը հիմնականում պայմանավորված է մեր ամենախոշոր հարկատուի՝ ՝ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ի կողմից բյուջե մուտքագրվող գումարները նախորդ տարվա համեմատ պակաս վճարելու հանգամանքով:

- Տարեսկզբին, երբ պլանավորվում էր պետական բյուջեն, նման կանխատեսումներ կայի՞ն, թե՞ հանգամանքների բերումով է այս իրավիճակն ստեղծվել:

- Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ ԼՂՀ –ում պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմքում դրվում են մակրոտնտեսական կանխատեսումներ, որոնք հաշվարկվում են իրատեսության դիրքերից՝ նպատակ հետապնդելով տնտեսության հետագա զարգացման համար ստեղծել իրական նախադրյալներ ապահովող համապատասխան միջավայր: Նախորդ տարիներին կատարված մակրոտնտեսական կանխատեսումային գնահատականները գրեթե լրիվությամբ իրենց արդարացրին, սակայն պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ներկայումս մենք ապրում ենք աշխարհաքաղաքական և համաշխարհային տնտեսական զարգացումների առումով բարդ պայմաններում, որոնք իրենց ուղղակի և անուղղակի անդրադարձն են ունենում մեր տնտեսության վրա: Բայց ուզում եմ հավաստիացնել մեր հանրությանը, որ կառավարությունն անշեղորեն պահպանելու է իր տված խոստումները՝ ինչպես գործող սոցիալական պարտավորությունների, այնպես էլ գալիք տարում նախաձեռնած մի շարք կարևոր, ապագային միտված նոր ծրագրերի իրականացման մասով: Ինչպիսին է լինելու 2016 թվականի պետական բյուջեն. սեփական մուտքերը ծրագրվել են 37.9 մլրդ դրամի չափով, որը մոտ 3%-ով բարձր է 2015 թվականի պետական բյուջեի ծավալից: Հարկային եկամուտները պետական բյուջեի նախագծում ծրագրվել են 34.5 մլրդ դրամի չափով, կամ՝ ընթացիկ տարվա համար ծրագրված մուտքերից 1.5 մլրդ դրամով ավելի: ՀՀ-ի կողմից հատկացվող միջպետական վարկի չափը 2016 թվականին կկազմի 47.3 մլրդ դրամ՝ 2015 թվականի 45.5 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել նաև բյուջեի նախագծի հետ ներկայացված՝ հարկային բարեփոխումների համալիր և համապարփակ օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տույժ-տուգանքների դրույքաչափերում: Միաժամանակ, նախատեսվում է թեթևացնել նոր ստեղծվող տնտեսվարող սուբյետների հարկային բեռը, բարելավել վարչարարությունը: Այսպես, գործունեությունը նոր սկսող հարկ վճարողները եռամսյա ժամկետով կազատվեն առևտրի հարկի, հաստատագրված վճարի և արտոնագրային վճարի հաշվարկման և վճարման պարտավորությունից, ինչը սկսնակ հարկ վճարողներին հնարավորություն կտա կայանալ շուկայում: Այն տնտեսվարող սուբյեկտներին կօժանդակի գործել ավելի բարենպաստ դաշտում, հարկատուների նկատմամբ պահանջները կդարձնի դյուրին, տրամաբանական և հավասարակշռված: Գալիք տարվա պետբյուջեի նախագծով ծախսերը պլանավորվել են 87.9 մլրդ դրամի չափով՝ 2015 թվականի հաստատված 87.2 մլրդ դրամի դիմաց: Առաջիկայում կառավարության ուշադրության կենտրոնում կմնան սոցիալական ոլորտի հիմնախնդիրների հնարավորինս արդյունավետ լուծման ուղղությունները: Այս առումով նախատեսվող բյուջեն կարելի է հստակ անվանել սոցիալական՝ ոչ միայն ծախսերի ակնհայտ կշռի, այլև հասարակությանը մշտապես հուզող պահանջներին ականջալուր լինելու և դրանք հետևողականորեն կյանքի կոչելու տեսակետից: Նախկինում գործող ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճատվելու, ինչն այս դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում ավելի քան արդարացված է:

- Տարվա ամենամեծ ձեռքբերումը` Ձեր կարծիքով:

- Անցնող ֆինանսատնտեսական տարում ամենամեծ ձեռքբերումը համարում եմ 2015 թվականի պետական բյուջեի կատարումը՝ ստանձնած պարտավորությունների գծով:

- Ամենահաճելի և ոչ այնքան հաճելի պահերը:

- Տարվա ընթացքում եղել են և՜ հաճելի, և՜ ոչ այնքան հաճելի պահեր, բայց կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ տարին հավասարակշռված էր:

- Ինչպե՞ս է դիմավորելու Սպարտակ Թևոսյանը Նոր տարին: - Ինչպես միշտ՝ ընտանիքիս անդամների հետ՝ թոռնիկներիս գլխավորությամբ: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, ջերմ բարեմաղթանքներս հղում մեր քաղաքացիներին: Մեր երկրին՝ խաղաղություն և կայունություն, ժողովրդին՝ ամուր ու աննկուն կամք, առողջություն, երջանկություն։ Թո՜ղ 2016 թվականը լինի ցանկությունների և արդար պահանջների իրականացման տարի: