[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԹՈՂ ՏԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

Տարեմուտի հարցազրույց ԼՂՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ հետ:

- Պարոն Շահվերդյան, ի՞նչ գնահատական կտաք ձեր կողմից իրականացված ծրագրերին: Հատկապես ո՞ր ծրագրերից եք գոհ և՝ հակառակը:

- Սեփական աշխատանքը գնահատելը շատ բարդ և անշնորհակալ գործ է: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ուրիշները, և առաջին հերթին՝ հասարակությունը գնահատական տան մեր աշխատանքներին: Իհարկե, տարին վերլուծելիս միշտ էլ դժգոհության պատճառներ կարելի է գտնել, քանի որ ծրագրերը ավելի շատ են լինում, քան դրանց իրականացումը: 2015-ը բավական ծանր տարի էր նաև մեր բնագավառի համար, քանի որ ծրագրերի իրականացման ճանապարհին հաճախ ֆինանսական խնդիրների էինք բախվում, որոնք ձգտում էինք հաղթահարել` փորձելով չծանրացնել պետբյուջեի բեռը: Այս նկատառումով հանդերձ, սակայն, բազմաթիվ նորություններ կարող ենք արձանագրել, որոնց մասին ես մանրամասն արդեն խոսել եմ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսին: Անցնող տարում կենտրոնացել ենք միայն անհետաձգելի այն ծրագրերի վրա, որոնք կենսական նշանակություն ունեն և որոնց արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութը բացառիկ է: Որպես ուրախացնող նորություն նշեմ նաև այն փաստը, որ նման նյութերի վերականգնման զգալի աշխատանքներն արդեն իրականացվում են մեր հնագիտական լաբորատորիայում: Գոհ եմ մեր սուղ հնարավորություններով հատկապես Քաշաթաղի շրջանի հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ իրականացված մեծ աշխատանքից, որտեղ մեզ հաջողվել է զուգակցել պետական և մասնավոր հատվածի մասնակցությունը:

- Ինչպե՞ս եք պլանավորում աշխատել գալիք տարում՝ հաշվի առնելով ոլորտի ֆինանսական հատկացումների ոչ այնքան ոգևորող իրողությունը:

- Իհարկե, որպես ոլորտի պատասխանատու, գալիք տարվա հատկացումների ավելի քան 40 տոկոս նվազման փաստը ոգևորող չեմ կարող համարել: Դա կարող է հանգեցնել ոլորտի զարգացման տեմպերի թուլացմանը: Սակայն պետք է նաև նշեմ, որ վիճակն այնքան էլ անմխիթարական չէ: Մենք կփորձենք շարունակել մեր կողմից որդեգրած քաղաքականությունը, այն է` մեր աշխատանքներին առավել ակտիվորեն մասնակից անել մասնավոր հատվածին` թույլ չտալու համար տեմպերի նկատելի թուլացում: Վստահ եմ, որ 2016-ին մեզ կհաջողվի դա անել: Գալիք տարում հուշարձանների հաշվառում և վկայագրում չեն իրականացվի: Պետբյուջեի միջոցների հաշվում հուշարձանների ուսումնասիրման բնագավառում միայն կշարունակվեն Տիգրանակերտի հնագիտական պեղումները, միջոցներ ենք նախատեսել նաև հրատապ պեղումների կոնսերվացման համար։

- Կարելի՞ է առանձնացնել որևէ բնագավառ, որն ավելի արդյունավետ է աշխատել: Ի՞նչ առաջնահերթություններ և նոր գաղափարներ կան՝ կապված գալիք տարվա հետ:

- Միանգամայն գոհունակությամբ կարող ենք խոսել զբոսաշրջության ոլորտի մասին: 2014-ի բացասական տեմպերի կողքին այս տարի ապահովեցինք 13 տոկոս աճ: Ոլորտն առանձին չի ներկայացել միջազգային ցուցահանդեսներում, սակայն գտնվել են այլ ձևեր՝ զբոսաշրջության հետ կապված միջոցառումներին արժանավայել ներկայանալու համար: Ինչպես գիտեք, Բաքուն արդեն երկու անգամ ՄԱԿ-ում փորձել է հակաարցախյան բանաձև ներկայացնել` կապված մեր հանրապետության տարածքում զբոսաշրջության քարոզչության կանխարգելման հետ: Այն ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունների համակարգված քայլերի շնորհիվ հաջողվել է կանխել, սակայն նման նախաձեռնությունները, ցավոք, երբեմն անհետևանք չեն մնում: Մենք որոշեցինք նոր ուղղություններով քարոզչություն տանել: Իրականացվել են մեծածավալ հրատարակչական աշխատանքներ, որոնց մեջ կարևորը Արցախի զբոսաշրջային ուղեցույցի հրատարակումն էր, որը կավարտվի մոտ օրերս: Տարվա ընթացքում միջազգային մեծ լսարան ունեցող տարբեր թերթերում Արցախի մասին պատմող ծավալուն հոդվածներ են տպագրվել. հատկապես կարելի է նշել իտալական ՙCorriere della Sera՚ լայն լսարան ունեցող թերթում լույս տեսած երկու մեծ հոդվածները: Գալիք տարում մենք նպատակ ունենք նաև զբոսաշրջագրավչության օբյեկտներում տեղադրել բազմալեզու տեղեկատվական ցուցանակներ: Երևանի Զվարթնոց օդանավակայանում նախատեսել ենք բացել արցախյան զբոսաշրջությունը գովազդող մշտական տեղեկատվական տաղավար. այստեղ ևս, հուսով եմ, մեզ կհաջողվի բարերարների ներգրավել:

- Մեր հարցազրույցը կհրապարակվի Ամանորի նախաշեմին, ուստի չենք կարող չհարցնել` ի՞նչ է Ձեզ համար Նոր տարին, ունե՞ք տոնը նշելու հետ կապված կայուն ավանդույթ:

-Նոր տարին իրավամբ տոների թագուհին է, երբ հավատում ես, որ տարին կբացվի ամենալավ նորություններով: Այս է քանի տարի՝ Նոր տարին մեր ամբողջ տոհմը իմ օջախում է դիմավորում. սա իրոք անխախտ ավանդույթ է արդեն մեր ընտանիքի համար: Ցավոք, տարեցտարի տոնական սեղանի մոտ մեր ավագ սերունդն է նվազում, ինչ արած, դա ևս կյանքի օրենք է: Բոլորիս մաղթում եմ անխախտ խաղաղություն, իսկ եթե ոչ` ես նոր տարում մեր երկրի բնականոն սահմանների վերականգնում եմ ակնկալում: