Logo
Print this page

ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ, ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ

Կաշենի լեռնահանքային համալիրի արտադրության մեկնարկը տրված է

Դեկտեմբերի 26-ը հիշարժան օր է արցախցիներիս համար. տարածաշրջանում բացվեց գերժամանակակից մի ձեռնարկություն, որը միանգամայն նոր մշակույթ է բերելու հանքագործության ոլորտ։ Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցման ավարտին և արտադրության մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, Արցախի կառավարության անդամներ, ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ պատասխանատուներ և աշխատողներ, ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների զարգացմանն աջակցող արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր՝ մայր Հայաստանից, արտերկրից։ Կաշենի լեռնահանքային համալիրի բացումն անցնող տարվա՝՝ 2015թ. թերևս ամենանշանակալից ձեռքբերումն է մեր հանրապետության տնտեսության համար։ Արցախցիներս, իհարկե, ծանոթ ենք ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության գործունեությանն ու նորարարական մոտեցումներին, բայց այն, ինչ լինելու է այսուհետ՝ նոր խոսք է արտադրության մեջ. գործունեության տասնամյակների հեռանկար, որը լուրջ երաշխիք է մեր տնտեսության զարգացման համար։ Նոր ձեռնարկությունը կունենա 1400 աշխատատեղեր։ Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի երկրաբանական մեծածավալ ուսումնասիրությունից մինչև պատրաստի համալիր ահռելի բարդության աշխատանքներ են կատարվել, գտնվում է Մարտակերտի շրջանում՝ Ստեփանակերտից 40 կմ հեռավորության վրա։ Կառուցվող բացահանքի օպտիմալ եզրագծի սահմաններում հաստատվել է շուրջ 56 մլն տ հանքաքարի պաշար՝ մոտ 275 հազար տոննա (0,49%) պղնձի և մոտ 3,2 հազար տոննա (0,006%) մոլիբդենի պարունակությամբ։ Հանքավայրի շահագործման ծրագրի առաջին փուլում նախատեսվել է տարեկան 1,75 մլն տոննա հանքաքարի արդյունահանում և վերամշակում։ Կաշենի լեռնահանքային համալիրում առաջին փուլում արտադրության մեկնարկին հասնելու համար իրականացվել է շուրջ 130 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Այդ գումարից 100 մլն ԱՄՆ դոլարը ներդրվել է պետության կողմից՝ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով։ ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը ԼՂՀ ամենախոշոր հարկատուն է. պետական բյուջե կատարած վճարները կազմում են տարեկան 3-5 մլրդ դրամ, ընկերությունն ունի շուրջ 1400 աշխատողներ, տարեկան վճարում է 2,5-4 մլրդ դրամ աշխատավարձ։ 2013 թվականից ընկերությունն սկսել է Կաշենի հանքավայրի շահագործման աշխատանքները։ 2014-ին մեկնարկեցին նաև Կաշենի հանքահարստացուցիչ ֆաբրիկայի շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում երկու տարուց էլ պակաս (1 տարի 9 ամիս) ժամանակահատվածում կառուցվեց ժամանակակից բնապահպանական ու արտադրական չափորոշիչներին համապատասխանող հանքահարստացուցիչ ֆաբրիկա՝ իր ենթակառուցվածքներով ու օժանդակ արտադրամասերով։ ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանի հավաստմամբ՝ դա աննախադեպ կարճ ժամանակամիջոց է։ Ընդհանուր առմամբ՝ ՙՎալլեքս՚ խմբի կողմից 13 տարվա ընթացքում ԼՂՀ-ում ներդրվել է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար։ Կաշենի լեռնահանքային համալիրի բացման արարողությանը օրհնանքի խոսք ասաց Պարգև Սրբազանը։ Արցախի հոգևոր թեմի առաջնորդն իր երախտագիտությունը հայտնեց ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության աշխատողներին՝ ասելով. ՙԴուք այսօր կանգնած եք աշխատանքի խրամատում, դուք ձեր բաժին մարտն եք տալիս, որը խիստ կարևոր է մեզ համար, մեր զինվորների համար։ Այն ամենը, ինչին ականատես դարձանք այսօր, հիրավի, սխրագործություն է՚։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ, կայուն խաղաղություն։ ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեժլումյանի խոսքով՝ սա Արցախի համար պատմական իրադարձություն է։ Նա գոհունակությամբ նշեց, որ թիմը ներդրել է իր բոլոր հնարավորություններն ու ներուժը, կառուցել գերժամանակակից ձեռնարկություն՝ կրկին դառնալով առաջատարը լեռնահանքային արդյունաբերության ոլորտում։ Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՙFL Smidth՚ ընկերությանը՝ Պիտեր Դեվիսի գլխավորությամբ, ով մեծապես աջակցել է Կաշենի հանքարդյունաբերության համալիրի կառուցմանը։ Իր ելույթում Վ. Մեժլումյանը մասնավորապես ներկայացրեց ապագային միտված հավակնոտ ծրագրերը։ ՙՄենք արդեն մեծ փորձ ունենք և, բացի այդ, մեզ օգնություն են ցուցաբերել մեր գործընկերները՝ արտասահմանից ժամանած հեղինակավոր ընկերություններ, արդյունքում այսօր ունենք ամենաառաջատար տեխնոլոգիաներ և սարքավորումներ ընդգրկող, ամենաառաջատար ծրագրային նյութեր պարունակող հզոր կոմբինատ՚,- ասաց Վ. Մեժլումյանը։ Ինչ վերաբերում է հանքաքարի պաշարներին, ՙՎալլեքս՚-ի նախագահն ասաց, որ ծավալները դեռ հաստատված չեն, բայց սպասելիքները մեծ են. Կաշենը կգոյատևի տասնյակ ու տասնյակ տարիներ։ Կաշենի նախագիծը կյանքի չէր կոչվի, եթե ընկերության վերաբերմունքն ու բարեխիղճ աշխատանքը չգնահատվեր Արցախի իշխանությունների կողմից։ ՙԲեյզ Մեթըլս՚-ի պատասխանատուների անունից շնորհակալության խոսք հնչեցվեց հանրապետության ղեկավարությանը։ Կաշենի, նաև Դրմբոնի նախագծերը պետություն-մասնավոր հատված հաջող փոխգործակցության լավագույն օրինակ է։ Նույնն է նաև Հայաստանում. ուշագրավ է այն, որ ուղիղ մեկ տարի առաջ պաշտոնապես գործարկվեց Թեղուտի լեռնահանքային համալիրը։ Հանդիսավոր արարողությանն իրենց երաժշտական ողջույնն էր բերել Արցախի երգի-պարի ՙՄենք ենք, մեր սարերը՚ համույթը։ Կաշենի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտին և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված միջոցառման շարունակությունը տեղի ունեցավ նույն օրը երեկոյան՝ ՙՎալլեքս արդեն Հոթել՚ հյուրանոցային համալիրի խորհրդակցությունների դահլիճում։ Ներկա էին Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների ներկայացուցիչներ, հրավիրվածներ։ ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների նախագահի ողջույնի խոսքից հետո հանդիսության մասնակիցները դիտեցին ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատրաստած ՙԿաշեն. ամեն ինչ դեռ առջևում է՚ ֆիլմը։ Այնուհետև տեղի ունեցավ կորպորատիվ պարգևների հանձնման արարողություն. ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների նախագահի գնահատմանն արժանացան տարվա արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած աշխատողները, ընկերությունների զարգացման գործում նշանակալից ավանդ ունեցողները և նրանք, ովքեր գործուն մասնակցություն են ունեցել Կաշենի լեռնահանքային համալիրի ստեղծմանը։ Իսկ պարգևները տարբեր էին՝ անվանական նվերներ՝ 500-հազարական դրամի հետ միասին, ՙԿաշենի լեռնահանքային համալիրի գործարկման առթիվ՚ մեդալ, ՙՎալլեքս՚ խմբի՝ ՙՓիրուզե խաչ՚ և ՙՄեծ փիրուզե խաչ՚, ՙԱրծաթե խաչ՚ և ՙՄեծ արծաթե խաչ՚, ՙՈսկե խաչ՚ և ՙՄեծ ոսկե խաչ՚ շքանշաններ ու դրանց պարգևատրման կարգով սամանված դրամական պարգևներ, հուշամեդալներ և այլն։ ՙԿաշենի լեռնահանքային համալիրի գործարկման առթիվ՚ մեդալով պարգևատրվեց նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Համալիրի ստեղծման գործին իր աջակցությունն է ունեցել Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով պարգևատրվեց ՙՄեծ արծաթե խաչ՚ շքանշանով։ ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և Կաշենի լեռնահանքային համալիրի գործարկման կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը պարգևատրվեց ՙՎալլեքս՚ խմբի ՙՄեծ ոսկե խաչ՚ շքանշանով, իսկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ոսկե հուշամեդալով։ ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների փոխնախագահ, ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը պարգևատրվեց ՙՈսկե խաչ՚ և ՙՄեծ ոսկե խաչ՚ շքանշաններով։ Իր խոսքում Նախագահ Բակո Սահակյանը բարձր գնահատեց ՙՎալլեքս՚ խմբի և ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության գործունեությունը՝ այն համարելով երկրի համար ռազմավարական նշանակության կառույց։ ՙՀամոզված եմ՝ երկրի անվտանգությունն ապահովվում է ոչ միայն սպառազինությամբ, այլև քաղաքացիների աշխատանքի և զբաղվածության ապահովմամբ,- ասաց Նախագահ Սահակյանը։

- ՙԲեյզ Մեթըլս՚-ը մեր երկրի համար ստեղծել է այդ հնարավորությունը։ Այն, ինչ մենք այսօր տեսանք կոմբինատի շահագործման ժամանակ, զուտ ցուցադրելու համար չէր։ Նույնչափ աշխատանք ու դեռ ավելին արված է ստորգետնյա հատվածում՚։ Հանրապետության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ընկերության հետ միասին դեռ շատ հաջողությունների կհասնեն, քանզի դրանց հիմքերն արդեն իսկ դրված են։ Համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նկատեց հանրապետության նախագահը, երկրաբանությունն ու լեռնարդյունաբերությունը դարձել են Արցախի տնտեսության զարգացման կարևորագույն ուղղությունները։ Բ. Սահակյանը շնորհակալություն հայտնեց ընկերության աշխատողներին՝ նշելով, որ նրանք բարդ, սակայն պատվաբեր աշխատանք են կատարում՝ ի շահ երկրի զարգացման ու հզորացման, ի շահ քաղաքացիների բարեկեցության։ Հանդիսության ավարտին ՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների շուրջ չորս հազար աշխատողների կողմից հուշամեդալ-շքանշանով պարգևատրվեց Վալերի Մեժլումյանը. ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության գործունեության 13 տարիներին նմուշառման համար կաթիլ-կաթիլ՝ միլիգրամներով վերցված մաքուր ոսկին, որ հավաքվել ու գրամների զգալի քանակ էր դարձել (պահվում էր հատուկ սեյֆում), դրանից էլ ձուլվել է 8 ադամանդե քարեր պարունակող հուշամեդալը (8 թվանշանը խորհրդանշում է ՙՎալլեքս՚ ընկերությունների քանակը)։ ՙՄենք կշարունակենք մեր գործունեությունը՝ հանուն Արցախի տնտեսական հզորացման, հանուն սոցիալական բարեկեցության՝ հավատարիմ մնալով բնապահպանական բոլոր պահանջներին՚,- եզրափակիչ խոսքում ասաց Վ. Մեժլումյանը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.