[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՂԻ ԱՆՎԱՐ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ

 Երկրագործության մեջ տասնամյակներ ու դարեր ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, Արցախում ևս կիրառվում է հողի մշակության ավանդական եղանակը՝ առի շրջմամբ մշակությունը:

Սակայն ժամանակակից ագրոգիտության զարգացմամբ և շուկայական տնտեսության մարտահրավերներով թելադրված՝ հողի մշակությունն այսօր նոր ու արդյունավետ մոտեցումներ է ենթադրում: Վաղուց արդեն հայտնի է, որ ավանդական (առի շրջմամբ) երկրագործության ինտենսիվացումը պահանջում է բարձր արտադրողականությամբ հզոր գյուղատնտեսական տեխնիկա, էներգետիկ ու աշխատանքային հսկայական միջոցներ: Այն ուղեկցվում է հողի մշակման խորության ավելացմամբ, վարելաշերտի ինտենսիվ փխրեցմամբ, մշակման գործողությունների թվի ավելացմամբ: Արդյունքում՝ բաց են թողնվում տարածաշրջանի համար նախատեսված միջոցառումներն իրականացնելու օպտիմալ ժամկետները: Առի շրջմամբ հողի մշակման ավանդական տեխնոլոգիան առաջ է բերում այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են հողային ագրեգատների քայքայումը, օրգանական նյութերի տարրալուծման տեմպերի արագացումը, մշակվող շերտի փոշիացումը, խոնավության կորուստը և այլն: Նրա կիրառումն առաջին իսկ տարիներին առաջ է բերում հողի վերին շերտի պրոֆիլի կտրուկ վատթարացում, ինչպես նաև հումուսի պաշարների, ազոտի և մյուս էլեմենտների նվազեցում: Այս և հողի կենսաբանական բերրիության ու կառուցվածքային վիճակով պայմանավորված մի շարք այլ կարևոր գործոններից ելնելով՝ այսօր անչափ հրատապ է ոչ միայն տեսականորեն ուշադրություն դարձնել, այլև գործուն քայլեր ձեռնարկել հողի մշակման անգութան կամ նվազագույն տեխնոլոգիայի ներդրման ուղղությամբ: Այսօր Հայաստանում և Արցախում եզակի ֆերմերներ են երկրագործության մեջ առաջնորդվում այս եղանակով: Հարկ է նշել, սակայն, որ նրանց փորձը տալիս է բավականին արդյունավետ ցուցանիշներ, ինչի վրա, թերևս, արժե լուրջ դիտարկումներ անել՝ այն ագրոարդյունաբերության համակարգում էլ ավելի լայն կիրառման արժանացնելու նպատակով: Հարկ ենք համարում նշել, որ հողի մշակման անգութան կամ նվազագույն տեխնոլոգիան վաղուց արդեն լայն տարածում ունի աշխարհի այնպիսի զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Արգենտինան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան և այլն, որտեղ նշված տեխնոլոգիան պետական աջակցություն ունի։ Հողի մշակման անգութան կամ նվազագույն տեխնոլոգիան ենթադրում է հողի վրա մեխանիկական ազդեցության և մշակության խորության նվազեցման տեխնոլոգիական գործողությունների համատեղման միջոցով անցում դեպի առանց առի շրջման մշակության: Երկրագործության դինամիկ զարգացման ճանապարհը բնական հողառաջացման մոդելի վրա հիմնված և աշխարհում լայն տարածում ստացած հողի նվազագույն և զրոյական մշակման համակարգերն են, որտեղ բացակայում են վերոհիշյալ բացասական երևույթները: Առաջարկվող նոր համակարգի հիմնական և որոշիչ օղակը հողի՝ առանց առի շրջման մշակումն է, որի հիմքում ընկած է մշակվող շերտի նվազեցման և օպերացիաների կրճատման սկզբունքը: Ինչպես վկայում են բազմաթիվ հետազոտողներ, հողի նվազագույն մշակման տեխնոլոգիան համեմատաբար կարճ ժամանակահատվածում վերականգնում է հողի՝ վարի հետևանքով կորցրած հատկությունները, բարելավում նրա օդային ռեժիմը: Այս տեխնոլոգիան նպաստում է աշխատանքի արտադրողականության, արտադրության արդյունավետության բարձրացման աշխատանքային և նյութական ռեսուրսների խնայողությանը: Ինչպես ցույց են տվել Ուկրաինայի հարավային հողերի ավանդական մշակման փորձնական տվյալները, յուրաքանչյուր տարի հումուսի կորուստը հողում անջրդի պայմաններում կազմել է 0,6 տ/հա, իսկ ջրովի տարածքներում՝ 1,8 տ/հա: Ուշադրության են արժանի հողի մակերեսային մշակման արդյունքի վերաբերյալ հետևյալ երեք եզրակացությունները։ Առաջին՝ հողի նվազագույն կամ մակերեսային մշակությունը հողօգտագործողներին ազատում է գութանի օգտագործման աշխատատարության հետ կապված տեխնոլոգիական գերբեռնվածությունից և հնարավորություն է տալիս կատարել վառելիքի, նյութերի և աշխատանքային ռեսուրսների տնտեսում: Թույլ է տալիս տրակտորները և սարքավորումներն ուղղել տեխնոլոգիական բոլոր գործողությունների ժամանակին կատարմանը, երկրագործության կուլտուրայի բարձրացմանը: Երկրորդ՝ հողի նվազագույն կամ մակերեսային մշակությունը տեղումների կուտակման և պահպանման արդյունավետ ագրոմելիորատիվ միջոց է: Այն լրացուցիչ ապահովում է 30-50 մմ խոնավություն, հետևաբար՝ երաշտի ժամանակ հողը պաշտպանում է քամու ազդեցությունից, արևահարումից, իսկ տեղումների առատության և գերխոնավության դեպքում՝ ջրային էրոզիայից և աղակալումից: Հնարավորություն է ընձեռվում նույնիսկ անբարենպաստ տարիներին ստանալ բարձր և կայուն բերք: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Արցախի հարթավայրային գոտիներում տարեկան միջին մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 350-400 մմ: Երրորդ՝ հանդես է գալիս որպես սոցիալական գործոն: Նրա կիրառմամբ բարելավվում են մեխանիզատորների աշխատանքի պայմանները, աճում են նրանց եկամուտները: Հողի նվազագույն կամ մակերեսային մշակման հիմնական առավելություններից մեկն էլ տեխնոլոգիական արագաշարժությունն է՝ պայմանավորված հարթակտրիչների, սկավառակավոր փոցխերի և ուղղակի ցանքսի շարքացանների բարձր արտադրողականությամբ։ Այդ արագաշարժությունը թույլ է տալիս տեխնոլոգիական գործընթացներ կատարել լավագույն ժամկետներում, ինչն էլ իր հերթին նպաստում է հողում խոնավության պահպանմանը և մոլախոտերի համերաշխ ծիլերի ստացմանը, որն անչափ կարևոր է նրանց ոչնչացմանն ուղղված ագրոմիջոցառումների արդյունավետ կիրառման համար: Նշենք նաև, որ նվազագույն տեխնոլոգիայի կիրառման մյուս կարևոր առավելությունը ժամանակ շահելն է, որը նախ և առաջ պայմանավորված է նախացանքային ժամանակահատվածի 3-5 անգամ կրճատմամբ: Հայտնի է, որ աշնանացան հացահատիկայինների մշակության տեխնոլոգիական օղակում օպտիմալ է համարվում մինչև հոկտեմբերի 1-ը կատարած հերկը: Սակայն, ըստ վիճակագրական տվյալների, 2010թ. նշված ժամկետում հերկվել է տվյալ տարվա ցանքսի ընդամենը 39,9%-ը, 2011թ.՝ 25,5%-ը, 2012թ.՝ 21%-ը, 2013թ.՝ 30%-ը, 2014թ.՝ 44,5%-ը: Այս վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ, մի շարք պատճառներով պայմանավորված, Արցախում հնարավոր չէ առի շրջմամբ ավանդական տեխնոլոգիայի կիրառմամբ տարածաշրջանի համար երաշխավորված ժամկետներում իրականացնել աշնանացան մշակաբույսերի մշակությունը: 2010-2014թթ. աշնանացան մշակաբույսերի բերքատվությունը 1 հեկտարից կազմել է 2010թ.՝ 18,9ց, 2011թ.՝ 16,8ց, 2012թ.՝ 17,3ց, 2013թ.՝ 10,3ց, 2014թ.՝ 7ց: Կասկած չկա, որ աշնանացան մշակաբույսերի ցածր բերքատվության հիմնական պատճառը տեխնոլոգիական գործընթացների օպտիմալ ժամկետների խախտումն է, որը մշտապես և գերակշիռ չափով տեղի է ունենում ավանդական մշակության դեպքում: Սակայն հողի նվազագույն կամ մակերեսային մշակման տեխնոլոգիայի կիրառման դեպքում հնարավորություն է ստեղծվում բացառել այդ խախտումները և աշնանացան մշակաբույսերի տեխնոլոգիական բոլոր միջոցառումներն իրականացնել երաշխավորված ժամկետներում: Հաստատված է, որ ուղղակի ցանքսի առավելությունը կայանում է հողի կառուցվածքի բարելավմամբ, էրոզիայի նվազմամբ, մեծ տարածությունների վրա օպտիմալ ժամկետում ցանքսի կատարման մեջ։ Ուղղակի ցանքսը տեխնիկան ավելի արդյունավետ օգտագործելու և դաշտային աշխատանքների ժամկետները կրճատելու հնարավորություն է տալիս: Անգութան նվազագույն մշակման մեր երկրամասի հողաբնակլիմայական պայմաններին համապատասխան փորձերը ցույց են տվել, որ այն ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ՝ Արցախի գյուղատնտեսության բնագավառում կայուն տնտեսական աճ ապահովելու համար: Եվ եթե դրան ավելացնենք նաև այն, որ նշված տեխնոլոգիայով մշակության դեպքում 1 հեկտարի հաշվով ֆինանսական ծախսերը նվազում են 20-30 հազար դրամի չափով, ապա տնտեսական խնայողությունը դառնում է ակնհայտ: Այսինքն՝ եթե Արցախում միջին հաշվով տարեկան կատարվում է 50 հազար հեկտար ցանքս, ապա տնտեսված ընդհանուր գումարը կկազմի 1-1,5 միլիարդ դրամ: Այդ խնայողությունը, որպես ներդրումային միջոցներ, կարելի է ուղղել լրացուցիչ հողատարածքների յուրացմանն ու մշակմանը, ինչպես նաև գյուղատնտեսության այլ ճյուղերի արդյունավետ զարգացմանն ու նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրման միջոցով գյուղատնտեսության մեջ կայուն տնտեսական աճի ապահովմանը: Ի դեպ, նշենք, որ հենց այդ տեխնոլոգիայի կիրառման պետական աջակցության շնորհիվ է Արգենտինայի ու մի շարք այլ երկրների գյուղատնտեսությունը դուրս եկել ճգնաժամից ու տնտեսական թռիչք ապրել: 

 Վաչե ԱԴԱՄՅԱՆ Տնտեսագետ, գյուղատնտեսության մագիստրոս