ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Հաշվետվություններ Հադրութի շրջանի համայնքներում
Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, շրջանի համայնքներում 2016թ. հունվարի 21- ից սկսվել են համայնքների ղեկավարների հաշվետվությունները։ Տողի և Տումու համայնքների ղեկավարների հաշվետվություններին ներկա էր շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը։ Նշված համայնքներում 2015թ. կատարված աշխատանքների, բացթողումների, ինչպես նաև 2016թ. իրականացվելիք ծրագրերի շուրջ հաշվետվություններ ներկայացրին համայնքների ղեկավարներ Ալեքսանդր Շաբուրյանը և Էդիկ Մոսիյանը։ Հաշվետվություններում արտացոլված էին ժողովրդագրական վիճակը, համայնքային բյուջեների եկամուտների և ծախսերի մասերով կատարողականները, տնտեսական ձեռքբերումները, զբաղվածության հարցերը, համայնքների գյուղատնտեսության զարգացման ենթաշրջանային ծրագրերը, ինչպես նաև բնակչության սոցիալ¬կենցաղային պայմանների բարելավմանը միտված քայլերը։ Երկուսն էլ շրջանի խոշոր համայնքներից են (Տողի համայնքում՝ 853 մարդ, Տումի համայնքում՝ 754 մարդ)։ Այս համայնքներն ընդգրկված են Տողի ենթաշրջանի համայնքների գյուղատնտեսության զարգացման ծրագրում. երրորդ տարին է, ինչ այն գործում է, արդյունքներն էլ տեսանելի են։ Ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումները ներառում են կերային բազմամյա խոտաբույսերի մշակություն (հիմնականում՝ կորնգանի ցանքս), պտղատու այգիների հիմնադրում, ոռոգման համակարգերի բարելավում, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, անասնաշենքերի վերանորոգում։ Տումու համայնքի ղեկավար Է. Մոսիյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում 5 մլն դրամի վարկեր են տրամադրվել՝ անասուններ գնելու համար։ Ձեռք է բերվել 1 խոտամամլիչ, տրամադրվել են 300-ից ավել պտղատու տնկիներ, 25 հա կորնգան ցանելու համար սերմ և դիզվառելիք։ Ըստ համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հաշվետվությունների՝ սոցիալական մի շարք հարցեր լուծում են ստացել. կապիտալ վերանորոգվել է Տողի միջնակարգ դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաև արվեստի դպրոցը։ Դպրոց է հաճախում 126 աշակերտ, շրջակա գյուղերից արվեստի դպրոց՝ 220 երեխա։ Տումու դպրոցական շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի. դպրոց է հաճախում 115 աշակերտ։ Երկու դպրոցներն էլ ապահովված են մանկավարժական կադրերով։ Տող գյուղում գործում է ՙՍոսե՚ մանկապարտեզը (20 երեխա)։ Տումի գյուղում կառուցվում է մանկապարտեզի շենք, որը մոտ օրերս շահագործման կհանձնվի։ Երկու համայնքներում գործող բուժամբուլատորիաներն ապահովում են բնակչության բժշկական առաջնային սպասարկումը։ Տումի գյուղում 2015թ. ծնվել է 9 երեխա, որից 5¬ի ծնունդն ընդունվել է գյուղի բուժամբուլատորիայում։ Ենթակառուցվածքների առումով մի շարք աշխատանքներ են իրականացվել։ Կառուցվել է Տողի ներքին ջրատար ցանցը, իսկ Տումում լրիվությամբ փոխվել է գյուղն ապահովող 10կվ հզորության 10կմ երկարությամբ էլեկտրական գիծը։ Գյուղերում իրականացվել են բնակարանների շինարարության և վերանորոգման աշխատանքներ։ Բարեկարգվել են նաև գյուղամիջյան փողոցները։ Խճապատման և հենապատերի կառուցման աշխատանքներ են տարվել Տող գյուղում։ Երկու համայնքներում էլ բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքներում առկա հողահանդակները հնարավորություն են տալիս զարգացնելու թե՜ հողագործությունը և թե՜ անասնապահությունը։ Տողում կատարվել է 210հա ցանքս, ստացվել է 458 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 19,8 ցենտներ։ Տումու համայնքում իրականացվել է 236 հա ցանքս, ստացվել է 520 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 21 ցենտներ։ Հաշվետվություններում խոսվեց նաև անասնագլխաքանակի և անասնապահական մթերքների արտադրության մասին։ Համայնքների ղեկավարները նշեցին խնդիրները. Տողի համայնքում խմելու ջրագծի անցկացում, Տումու համայնքում՝ հանդիսությունների տան շինարարությունն ավարտին հասցնելու համար շինանյութերի համալրում, մի շարք բնակարանների վերանորոգման համար շինանյութերի հատկացում։ Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը խոստացավ բարձրացված հարցերին ժամանակին լուծում տալ։ Հաշվետվություններ եղան նաև Թաղուտ, Հակակու և Մոխրենես համայնքներում։
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ ք. Հադրութ