[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Հունվարի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ մամուլի ասուլիսը։

2015 թվականը Կ. Շահրամանյանը ոլորտի համար գնահատում է որպես բարդ ժամանակաշրջան, քանի որ կապիտալ ներդրումներն անցած տարիների համեմատ զգալիորեն նվազել են։ 2008-ին այն պետական բյուջեով կազմել էր 10,5մլրդ դրամ, 2009-ին՝ 12,5 մլրդ, 2010-2011-ին՝ 17,7 մլրդ դրամ։ Վերջինս այս տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ 2012 թվականից սկսած գումարներն սկսել են նվազել՝ տատանվելով 14,2 մլդ-ից 14,6 մլրդ դրամի միջակայքում։ Անցյալ տարի պետական բյուջեով այդ նպատակի համար հատկացվել էր ընդամենը 11,3 մլրդ դրամ։ Տոկոսային հարաբերությամբ՝ եթե 2010-2011 թվականներին կապիտալ ներդրումները պետական բյուջեի 26-28%¬ն էին կազմում, այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը կրճատվել է 2 անգամ, հասնելով 13,6%¬ի։ Սա պայմանավորված է պետական բյուջեում սոցիալական փաթեթի ծավալների ավելացմամբ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը (երբ չկա ֆինանսավորում, բայց կան անհետաձգելի, կարևոր ծրագրեր, լուծում պահանջող հարցեր)՝ կապալառու կազմակերպությունների հետ համաձայնեցնելով որոշում է ընդունվել աշխատանքներ իրականացնել տարաժամկետ վճարման պայմանով։ Հարցը, սկզբնական շրջանում, չնայած պայմանավորվածությանը, խնդիրներ էր առաջացրել շինարարների շրջանում՝ կապված կապալառու կազմակերպությունների կողմից բանվորների աշխատավարձերի չվճարման և այլ պատճառների հետ։ Այս մասին լրագրողի բարձրացրած հարցին Կ. Շահրամանյանը պատասխանել է. տարաժամկետ վճարման պայմանով աշխատանքները կազմակերպելու ձևով իրականացնելու պայմանավորվածությամբ կապալառու կազմակերպությունը պարտավորվում է հոգալ ընթացիկ բոլոր ծախսերը. աշխատավարձերը, այդ թվում՝ հարկային պարտավորությունները։ Բացի բյուջետային ֆինանսավորումից, գերատեսչությունը ֆինանսավորում է ստացել նաև արտաբյուջետային միջոցների հաշվին՝ 3 մլրդ 251 մլն դրամի չափով, հատկացվել են միջոցներ պահուստային ֆոնդից՝ 516 մլն դրամ, իսկ 149 մլն դրամ հատկացվել է նորակառույց կրթական օբյեկտները կահավորելու համար։ 2015թ. բյուջեի կատարողականը կազմել է 98%։ Կ. Շահրամանյանը մանրամասն անդրադարձել է տարբեր ուղղություններում իրականացված ծրագրերին, ներկայացրել ներդրումների չափը։ Գերակա ուղղություններից բնակարանաշինության վրա անցած տարի ծախսվել է 1 մլրդ 92 մլն դրամ, իսկ հանրապետության համայնքներում սոցիալական տարբեր խմբերի 778 ընտանիքի տրամադրվել են շինանյութեր՝ 775 մլն դրամի չափով։ Կրթության ոլորտին հատկացվել է 1 մլրդ 608 մլն դրամ, մշակույթի և սպորտի ոլորտին՝ 433 մլն, հասարակական և վարչական նշանակության օբյեկտների շինարարությանը՝ 1 մլրդ 132 մլն դրամ, կոմունալ շինարարությանը (փողոցների, բակերի վերականգնում և կոյուղագծերի, ջրագծերի վերանորոգում)՝ 785 մլն դրամ։ Առողջապահության ոլորտի օբյեկտների շինարարության և այլ ծրագրերի մեծ մասն իրականացվում է ՙՂարաբաղ Տելեկոմի՚ միջոցներով, այդ իսկ պատճառով այդ ուղղության վրա պետական հատկացումները 14 մլն-ից քիչ գումար են կազմել։ Ճանապարհաշինության վրա ծախսվել է շուրջ 3 մլրդ դրամ, ոռոգման և ջրամատակարարման համակարգի զարգացմանը՝ 1 մլրդ 336 մլն, ջեռուցման համակարգի արդիականացմանը՝ 221 մլն դրամ։ 2015 թ. ևս 295 մլն դրամ հատկացվել է նախագծահետազոտական աշխատանքների կազմակերպմանը։ Անցյալ տարի 202 ընտանիքներ ապահովվել են բնակարաններով, կառուցվել է 21 բնակարան, ընթացքում է 56-ի կառուցումը, վերանորոգվել է 34-ը, իսկ 89 ընտանիքի այդ նպատակով տրամադրվել է փոխհատուցում։ Արտաբյուջետային միջոցների հաշվին Մատաղիսում այս տարի շահագործման է հանձնվել 24¬բնակարանոց բնակելի շենք։ Ծրագիրը ֆինանսավորել է բարերար Ռ. Գրիգորյանը, այն կշարունակվի. ծրագրի շրջանակներում մեկ բնակելի շենք կկառուցվի Մարտակերտ քաղաքում և կտրամադրվի սպայական անձնակազմին։ Նախորդ տարվանից կիսատ մնացած մի շարք ծրագրեր 2016-ին շարունակություն կունենան։ Կ. Շահրամանյանի խոսքով, կընտրվեն ճիշտ առաջնահերթություններ, որոնք թույլ կտան կենսագործել կառավարության ռազմավարական ծրագրերը։ Գերատեսչության ղեկավարը խոսեց 2015թ. որոշ ձեռքբերումների, հաջողված նախագծերի մասին, որոնց շարքում են ՀՀ ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը, ՙԹումո՚ կենտրոնը (որն իր ճարտարապետական և արդիական լուծումներով գրավում է նաև արտասահմանցիների ուշադրությունը), Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի շենքը և այլն։ Վերջինիս հետ, ի դեպ, նախարարը մեծ հույսեր է կապում՝ ոլորտի կադրային ներուժը համալրելու առումով։ Այսօր այստեղ ուսանում է 85 աշակերտ, բայց ուսումնարանը շուրջ 400 հոգու ուսուցանելու հնարավորություն ունի։ Կրթության ոլորտի, հասարակական¬վարչարարական նշանակության օբյեկտների նախագծման գործում գերատեսչությունը փորձ է անում առաջարկել օպտիմալ տարբերակներ հատկապես համայնքներում. ասենք, մեկ շենքում համատեղել դպրոցը և մանկապարտեզը, կամ համայնքային կենտրոնի շենքում տեղակայել տարբեր նշանակության օբյեկտներ։ Ընթացիկ տարում Ստեփանակերտում նախատեսվում է ավարտել երաժշտական դպրոցի շինարարությունը, որի կարիքն այնքան զգացվում է։ Նոր շենքը արդիական բոլոր պահանջներին համապատասխան է նախագծված, կունենա ձայնամեկուսիչ դռներ և այն։ Կավարտվի նաև Մարտունու մարզադաշտի շինարարությունը, որն սկսվել է 2015թ.¬ին՝ ՙՂարաբաղ Տելեկոմի՚ ֆինանսավորմամբ։ Նախատեսվում է ավարտել նաև Շուշիի մշակույթի տան վերակառուցումը, որն իրականացվում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորմամբ։ Ինչպես հայտնի է, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունը յուրաքանչյուր տարի 480 մլն դրամ է ուղղում առողջապահության համակարգին։ Անցյալ տարի դրա շրջանակներում Բերձորի հիվանդանոցի կառուցման վրա նույնպես ներդրումներ է կատարել։ Ծրագիրն այս տարի կավարտվի։ Սուղ հատկացումներով, այնուամենայնիվ, Քաղաքաշինության նախարարությանը հաջողվել է ոչ քիչ թվով ծրագրեր իրականացնել։ Այս տարվա բյուջետային հատկացումներում կպահպանվի նախորդ տարվա ծավալը, ինչի շրջանակներում, ճիշտ է, բոլոր մտահղացումները կյանքի կոչել չի ստացվի, բայց կարևորագույն ծրագրերը, Կ. Շահրամանյանի խոսքով, կկատարվեն։ Մայրաքաղաքում ընթացող և նախատեսվող շինարարական աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ լրագրողները ներկայացրին իրենց մտահոգությունները. դրանք առնչվում էին նախկին 4-րդ մանկապարտեզի տարածքում ընթացող շինարարությանը, ծայրամասային փողոցների բարեկարգմանն ու գիշերային լուսավորությանը, թատրոնի շենքի վերանորոգմանը, առաջին դպրոցի հարակից տարածքում նախատեսվող զբոսայգու, երկար սպասվող մարզահամերգային համալիրի, նախկին ՙՂարաբաղ՚ հյուրանոցի տարածքի կիսակառույց շինության ճակատագրերին, մարզադահլիճների կառուցման անհրաժեշտությանը և այլն։ Որոշ ծրագրեր՝ օրինակ զբոսայգին, կամ որոշ փողոցների բարեկարգում, արդեն իսկ սկսված են, և, հնարավոր է, մինչև տարեվերջ կավարտվեն, ինչը չի կարելի ասել մեծ գումարներ պահանջող նախագծերի մասին։ Կ. Շահրամանյանը կիսում է մտահոգությունը, բայց հորդորում է ըմբռնումով մոտենալ, քանի որ բարձրացված հարցերը փակուղի են մտնում՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Պատասխանելով պատերազմի վերսկսման պարագայում խաղաղ բնակչության ապահովման մեխանիզմների մասին հարցին՝ Կ. Շահրամանյանը նշեց, որ նկուղները կարգի են բերված, իսկ այն նկուղային տարածքները, որոնք վարձակալման կամ սեփականաշնորհման հիմունքներով տրամադրվել են ձեռնարկատերերին, ըստ պայմանագրի, հետ կվերցվեն՝ անվտանգության նպատակներով օգտագործելու հիմնավորմամբ։ Կ. Շահրամանյանը նաև տեղեկացրեց, որ մարզադահլիճների հարցը, ինչն, իրոք, հրատապ է, այս տարի փորձելու են լուծել, օգտագործելով մայրաքաղաքի որոշ նորակառույց շենքերի ոչ բնակելի տարածքները։ Հարցերից մեկն էլ առնչվում էր տեխհսկիչների աշխատանքին, ՎՊ¬ի կողմից վերհանված թերացումներին ու օրինախախտումներին։ Լրագրողները հետաքրքրվեցին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու՝ նախարարի քայլերով։ Հայտնի է, որ յուրացումների և օրինախախտումների առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Կ. Շահրամանյանը նշեց, որ խնդրո առարկա գործով որոշ մարդիկ հեռացվել են աշխատանքից, իսկ բոլոր յուրացումները, անշուշտ, վերադարձվում են պետբյուջե։ ՎՊ բոլոր առաջարկություններն ու պահանջները կատարվում են անմիջապես։ Ինչ վերաբերում է շինարարության որակին և տեխհսկիչների աշխատանքին, ապա վերահսկողությունը խստացված է, և այդ ուղղությամբ բողոքներ չպետք է որ լինեն։ Որպես օրինակ, գերատեսչության ղեկավարը բերեց հանձնվող օբյեկտներում արձանագրված թերացումների պատճառով 4 տեխհսկիչի՝ աշխատանքից ազատումը։ Իսկ կապալառու կազմակերպությունների համար պատիժը կկրի ֆինանսական բնույթ։

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ ;