[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈԶԱԲՈւԾՈՒԹՅՈՒՆ. ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ

2006-2007 թվականներից ի վեր խոզաբուծությունն Արցախում գյուղատնտեսության ամենառիսկային ուղղություններից մեկն է համարվում, եւ՝ ոչ պատահաբար: Խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին հանրապետությունում բոլորն են լսել, իսկ շատերն էլ անմիջականորեն զգացել են այդ հիվանդության հարուցած դժվարությունները:

Հիվանդության կրկնման վտանգն այսօր էլ պահպանվում է, սակայն խոզաբուծությունում նոր մոտեցումների արդյունքում հնարավոր է դրա հավանականությունը հասցնել նվազագույնի։  Խոզաբուծությունն ավանդաբար գյուղատնտեսության ամենաշահութաբեր ճյուղերից մեկն է համարվում: Եվ դա՝ ոչ միայն Արցախում: Հետպատերազմյան տարիներին այն բավականին արագ սկսեց վերականգնվել ու զարգանալ: Այնպես որ, 2006 թվականին Արցախում խոզաբուծության վիճակը բնութագրող ցուցանիշները բավական խոսուն էին: ՙԱյդ շրջանում հանրապետությունում խոզերի գլխաքանակն անցնում էր 30 հազարի սահմանը՚,- հիշում է ԼՂՀ ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը: Նախքան աֆրիկյան ժանտախտի մուտքը, անգամ առանց հատուկ հետազոտության, անզեն աչքով էլ նկատելի էր, որ բացահայտ գերակշռում է խոզերի բաց, վայրի պահվածքը: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները չեն ժխտում. նման ընտրությունը միանգամայն բնական էր, եթե խնդիրը դիտարկենք արտադրված մսի ինքնարժեքի տեսանկյունից: Ազատ պահվածքն անհամեմատ քիչ ծախսեր էր պահանջում: ՙԲաց պահվածքի դեպքում խոզերի կերակրման ծախսերն անհամեմատ կրճատվում են,- մանրամասնում է Ն. Մուսայելյանը: - Այնպես որ` ինչ-որ տեղ կարելի է նաեւ ըմբռնումով մոտենալ այն փաստին, թե ինչու էին շատերը հետպատերազմյան տարիներից ի վեր նախապատվությունը տալիս խոզերի բաց պահվածքին: Դա թույլ էր տալիս փոքր ներդրումներով մեծ շահույթ ստանալ՚: 

Որ այդ շահութաբերության քողի տակ նաեւ մեծ կորուստներ կրելու իրական վտանգ կար, Արցախում իմացանք 2006-ին: Ընդ որում, իմացանք ուշացումով, երբ արդեն գրեթե ոչինչ անել հնարավոր չէր: Մեկ-երկու տարվա ընթացքում հանրապետությունում խոզերի գլխաքանակն աֆրիկյան ժանտախտի արդյունքում նվազեց մոտ երեք-երեքուկես անգամ: ՙԱռաջին ալիքը ամենածանրն էր,- հիշում է ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետը:- Միայն 2007-ին մոտ 10 հազար գլուխ կորուստ ունեցանք: Դրա մեջ եւ անկումների, եւ վարակված, անարյուն ոչնչացված կենդանիների թիվն է՚: Աֆրիկյան ժանտախտի դեպքեր նաեւ հետագայում են գրանցվել: Ճիշտ է, ոչ առաջին տարիների մասշտաբով: Սակայն իրական վտանգը կար: Եվ 2006 թվականից մինչեւ 2015 թվականը մեր խոզաբույծները վնասներն են հաշվում: Ընդհանուր առմամբ, մոտ 15 հազար գլուխ կորուստ ենք ունեցել՚։

Բնականաբար, այս ողջ ընթացքում պետությունը դիտողի դերում չէր: Աֆրիկյան ժանտախտի առաջին հարվածից հետո սկսվեց վնասներ կրած խոզաբույծներին մասնակի փոխհատուցման  գործընթացը:  Ավելի ուշ քաղաքականությունը փոխվեց: Փոխհատուցման փոխարեն սկսեց խոզաբուծական տնտեսությունները վերականգնելուն ուղղված քաղաքականությունը գործել. այն է՝  արտոնյալ պայմաններով վարկավորումը: ՙԿարող ենք ասել` այս ծրագիրն արդյունավետ էր,- գնահատում է մեր զրուցակիցը։- 2010-2012թթ. խոզերի գլխաքանակն աճեց գրեթե երկու անգամ՚: Արցախի խոզաբույծներն աֆրիկյան ժանտախտից ոչ միայն վնասներ կրեցին, այլեւ դասեր քաղեցին: Որ խոզերի՝ շատ կողմերով գրավիչ բաց պահվածքը նաեւ վտանգներ է պարունակում, արդեն ոչ ոք չի կասկածում: Այնպես որ, այսօր խոզաբույծների մեծ մասը նախ գերադասում է դրա համար անհրաժեշտ պայմաններն ապահովել` համապատասխան շինություն, որտեղ վարակի ներթափանցման դեմ հնարավոր կլինի  պայքարել բոլոր ուղղություններում: Հանրապետության մասշտաբով ակներեւ է վերաբերմունքի այդ փոփոխությունը. ավելի քան 80 տոկոսն այսօր խոզերի փակ պահվածքն է նախընտրում։

Հետեւություններ են կատարել նաեւ անասնաբուծության ոլորտի պատասխանատուները: Եթե տարիներ առաջ աֆրիկյան ժանտախտն անծանոթ եւ անսպասելի մի վարակ էր, ապա այսօր նրա դեմ կանխարգելիչ միջոցառումների մի ողջ շարք է իրականացվում պետպատվերի շրջանակներում:

Արդյունքների մասին: Խոզերի գլխաքանակը, որ 2006 թվականից 3-4 անգամ կրճատվել եւ մոտ 7000-ի էր հասել, վերջին տարիներին կրկին սկսել է արագ տեմպերով աճել եւ 2015-ի ցուցանիշներով  հատել է 20 հազարի սահմանը:

Խոզաբուծության զարգացմանն ուղղված նոր ծրագիրը վերջերս է մեկնարկել: Դարձյալ խոսքը վարկավորման մասին է: Վարկը տրամադրվելու է արտոնյալ պայմաններով, 6 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 5 տարի մարման ժամկետով եւ առանց գրավի առարկայի: Արդեն մի քանի տասնյակ հայտ է ներկայացվել: Ընտրությունը խիստ է լինելու: Աֆրիկյան ժանտախտի կրկնման սպառնալիքը դեռ պահպանվում է: Այնպես որ ոլորտի պատասխանատուները, մինչեւ այս կամ այն հայտատուին երաշխավորելը, ամենայն մանրամասնությամբ են ստուգելու, թե որքանով  է տվյալ հայտատուն կարողանալու կատարել աջակցության կարգում առկա պահանջները: ՙՄենք խոզաբուծության նոր մակարդակ պետք է ապահովենք, ուստի եւ ընտրության հարցում խիստ ենք լինելու,- խոստանում է գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:- Սակայն աջակցության այս ծրագիրը շարունակական է լինելու: Այնպես որ, ովքեր այս փուլում չեն հաղթի, թող պարզապես մի փոքր էլ ջանք թափեն ու ապահովեն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՚:

Այս պահին պետական աջակցությունն ուղղվում է ավանդական եղանակով՝ փակ պահվածքով իրականացվող խոզաբուծությանը: Սակայն զուգահեռ` նաեւ այլընտրանքային տարբերակներ են դիտարկվում: Հենց նման առաջարկով է վերջերս Արցախ ժամանել գերմանացի ֆերմեր Բրենդ Շուլցը: Ինքը եւս խոզաբուծությամբ է զբաղվում: Ֆերմայի տարածքում խոշոր շենք-շինություններ չունի: Դրանց կարիքը չկա: Խոզերը պահվում են հիմնականում բացօթյա: Էլեկտրահովիվը, որի բաղադրիչն են հազիվ նկատելի լարերը, բացառում է խոզերի ելքը այդ տարածքից եւ այլ կենդանիների մուտքը: Մյուս կարեւոր պայմանը ֆերման ինքնաբավության հասցնելն է: Գերմանացի ֆերմերն ինքն է արտադրում պահանջվող կերի բաղադրիչները, ինքն է դրանք վերամշակում եւ, որքան էլ մեր ֆերմերներից շատերին զարմանալի թվա, հիմնականում հենց ինքն է կերակրում իր խոզերին: Այնպես որ` շատ բանվորների կարիք այս ֆերմայում չի զգացվում: Իր մեթոդը գերմանացի ֆերմերը արցախցի գործընկերներին է ներկայացրել: Ոմանց համար ասվածն իսկապես նորություն էր: Ոմանք, սակայն, Արցախում էլ օգտագործում են այդ մեթոդը: Գյուղնախարարը իրականությանը բաց աչքերով է նայում: Աֆրիկյան ժանտախտի կամ այլ հիվանդությունների ներթափանցման վտանգն իսկապես կա: Սակայն մշտական հսկողությունը ռիսկերը նվազագույնի է հասցնելու: Ի վերջո, այս վտանգներից զերծ չեն նաեւ խոզերի լրիվ փակ պահվածքը նախընտրողները: Այնպես որ հին մեթոդին աջակցելուն զուգահեռ` փորձ է արվելու նաեւ նորարարություններն Արցախ բերել: Չեն շտապելու: Սկսելու են նրանից, որ հետաքրքրված ֆերմերների համար առաջարկվող նորույթը հենց տեղում` Գերմանիայում տեսնելու եւ ուսումնասիրելու հնարավորություն են ստեղծելու: Բրենդ Շուլցը պատրաստակամ է հյուրեր ընդունել: Գյուղնախարարությունն էլ աջակցելու է կազմակերպական հարցերում։ 

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ