[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԱԴԻՐԻ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Կառավարության հերթական նիստը

 Մարտի 10-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Օրակարգում ընդգրկված հարցերի զգալի մասն առնչվում էր էկոնոմիկայի բնագավառին։ Հաստատվել է հանրապետության տնտեսական զարգացմանն ուղղված 2016թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը, որը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Այն նպատակաուղղված է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների միջոցով տեղական արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը։ Ծրագիրը կոչված է նպաստելու արտաքին շուկայում արցախյան արտադրանքի իրացմանը, արցախյան բրենդի ձևավորմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության մակարդակի բարձրացմանը։ Այդ միջոցառումները թույլ կտան զարգացնել որակի ենթակառուցվածքները, բարձրացնել շրջանների տնտեսական ու ներդրումային ակտիվությունը։ Ծրագրի համար կհատկացվի 2 մլրդ 530 մլն դրամ, որից 2,5 մլրդն ուղղորդվելու է ՓՄՁ սուբյեկտների աջակցության ծրագրի ֆինանսավորմանը՝ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով։ Նախարարությունը մնացած 30 մլն դրամի շրջանակներում ևս տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր է իրականացնելու, որոնք Ա. Խաչատրյանը ներկայացրեց նիստի մասնակիցներին։ Վարչապետը հանձնարարեց ծրագրի կիրառումն սկսել շատ սեղմ ժամկետներում, նշելով, որ արտահանման կազմակերպման խնդիրներ են առաջանում, և դրանից խուսափելու համար այդ ծրագրի գործնական կիրառումը կարևոր է։ Նշվեց, որ միջոցառումներն ու կիրառվող գործիքներն առաջին հերթին պետք է նպատակաուղղված լինեն վերամշակող (հատկապես՝ գյուղմթերքների) արտադրության խթանմանն ու արտաքին շուկաների ձեռքբերմանը։ Ներկայացվեցին բյուջետային միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների պետպատվերի ծրագիրն ու ցանկը, որոնց վերաբերյալ Ա. Հարությունյանը որոշ հարցեր ուներ։ Նրա կարծիքով, հայերեն լեզվով հեռարձակվող հեռուստահաղորդումներն ավելի քիչ չպետք է լինեն։ Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 240 մլն դրամ։ Նիստում հաստատվեց նաև հուշարձանների և պետական միջավայրի պահպանության ոլորտում տարվա միջոցառումների ցանկը։ Հատուկ ուշադրություն հրավիրվեց Գտչավանքի, Ամարասի վերակառուցման աշխատանքներին. վարչապետը հանձնարարեց աչալրջորեն հետևել նախագծերին, կազմել աշխատանքային խումբ, հրավիրել արհեստավարժ մասնագետների, որպեսզի պատմական այդ արժեքները հավուր պատշաճի վերանորոգվեն։ Լրացուցիչ գումարների անհրաժեշտության դեպքում գործադիրը կմիջամտի։ Ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագիրը՝ Ա. Խաչատրյանն անդրադարձավ նաև ոլորտի ձեռքբերումներին, նշելով, որ Արցախի պատվիրակությունը, յոթ տարվա մեջ առաջին անգամ, ներկայումս մասնակցում է Բեռլինում ընթացող միջազգային խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով։ Նիստում հաստատվեց էլեկտրաէներգիայի և բնական գազի հաղորդման և բաշխման ցանցերում բնական կորուստների առավելագույն չափերի վերաբերյալ հարցը։ Ա.Խաչատրյանը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի բնական կորուստները գրեթե կրկնակի նվազել են, նաև պայմանավորված բաշխիչ ցանցերի վերազինմամբ և արդիականացմամբ։ Վարչապետը կորուստների նվազման պատճառն առավելապես տեսնում է ստվերի վերացման, վերահսկողության ուժեղացման մեջ։ Նա ուշադրություն հրավիրեց վերջին շրջանում շրջանառվող բողոքներին, որոնք բարձրացնում են տնտեսվարող սուբյեկտները, նշելով, որ հաճախ ստիպված են լինում վճարել իրենց կողմից չսպառված էլեկտրաէներգիայի դիմաց։ Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը, ուժեղացնել վերահսկողությունը, որպեսզի նման դեպքերը բացառվեն։ Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն առաջարկեց հաստատել 2016թ. կենտրոնացված միջոցառումների իրականացման ծրագիրը և համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանն ու ժամանակացույցը։ Ծրագրում ընդգրկված են եռամսյակային, կրթական բարեփոխումների ծրագրերը, մի խոսքով՝ բնագավառում նախատեսվող բոլոր միջոցառումները։ Ս. Ասրյանը տեղեկացրեց, որ 2017 թվականին նախատեսվում է ՙԳնահատման և թեստավորման կենտրոն՚ ՊՈԱԿ¬ում կազմավորել մանկավարժա-հոգեբանական բաժին և աշխատանքում ներգրավել նաև շրջանների կրթության բաժինների մասնագետների՝ հատուկ ուսուցում պահանջող երեխաների կրթությունը կազմակերպելու համար։ 2022 թվականից կնախատեսվի նաև ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի հաստիք։ Այդ պաշտոնի անձինք կզբաղվեն ներառական կրթությամբ աշակերտների կրթական խնդիրներով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն ուսանողների համար նախատեսված արտոնյալ պայմաններով ներքաղաքային տրանսպորտից օգտվելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ փոփոխություն առաջարկեց։ Նախագիծն իրականացվել է փորձնական հիմունքներով։ Դրանից օգտվել է ընդհանուր առմամբ 22 ուսանող։ Թե ինչու այդքան քիչ՝ կարծիքները տարբեր էին։ Ըստ տեղեկությունների, կարգի համաձայն 30 % զեղջից օգտվելու համար ուսանողները պետք է ձեռք բերեն ամբողջ ամսվա կտրոնները, ինչը մի մասը իրեն թույլ տալ չի կարող կամ չի ցանկանում, ինչն էլ ծրագրից օգտվողների փոքր թվի հիմնական պատճառ է համարվում։ Հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի և առաջիկայում կուսումնասիրվի. առկա առաջարկները ևս հաշվի կառնվեն։ Վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է այս հարցում կիրառել ամենապարզ գործիքները։ Գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ կարգի մեջ ևս փոփոխություն մտցվեց. երիտասարդ ընտանիքների ամուսինների տարիքային շեմը 35-ից բարձրացվեց մինչև 40։ Ա. Հարությունյանը հավանական է համարում, որ մոտ ապագայում տարիքային շեմը կարող է վերանայվի ու վերացվի իսպառ։ Մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագրերին կհատկացվի համապատասխանաբար 102 և 36 մլն դրամ։ Նախատեսվում է շրջաններում ակտիվացնել մշակութային կյանքը, երիտասարդական միջոցառումների միջոցով աշխուժացնել համայնքները՝ նպաստելով դրանց զարգացմանը։ Այս նպատակով պիլոտային ծրագիր կգործարկվի՝ ՙԿամուրջ՚ խորհրդանշական անվամբ։ Նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացրեց նաև տարվա ընթացքում նախատեսվող մշակութային և երիտասարդական մյուս միջոցառումները՝ ըստ հավելվածի։ Անտառային ֆոնդում միջոցառումների 2016թ. ծրագրով նախատեսված է 6 մլն 623 հազ. դրամ։ Նշվեց, որ ենթաօրենսդրական դաշտի կարգավորմամբ վերջին շրջանում հնարավոր դարձավ վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնել։ Վարչապետը հանձնարարեց ուշադրություն դարձնել նաև արգելված որսի դեմ միջոցառումներին՝ Արցախի կենդանական աշխարհը պահպանելու համար, ինչպես նաև աշխատանքներ տանել մասնագետների վերապատրաստման ու նոր կադրերի ներգրավման ուղղությամբ, քանի որ անտառաշինությունը մեծ դեր ունի տնտեսության զարգացման մեջ և նրա հեռանկարային ճյուղերից է։ Կառավարությունը հավանություն տվեց ԼՂՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին ու հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրին։ Վերջում հաստատվեց նաև Հաղթանակի տոնի, ԼՂՀ ՊԲ և Շուշիի ազատագրման օրվա 24¬րդ տարեդարձի տոնակատարությունների ծրագիրն ու ծախսերի նախահաշիվը։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ