Logo
Print this page

ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Թթայգիները պակասել են, նռան այգիները` ավելացել 

 2015 թվականի տվյալներով` հանրապետությունում թթայգիները կազմել են 957,5 հա:  2014-ին այդ ցուցանիշը եղել է 1190 հեկտար: Թթայգիները նվազել են գրեթե բոլոր շրջաններում: Անկումն առավել ընդգծված է Ասկերանի շրջանում: Փոխարենը նռան այգիներն են ավելացել` 2015թ. հասնելով 862,8 հեկտարի` նախորդ տարվա 823,8 հեկտարի դիմաց: Ընդ որում, եթե թթայգիների դեպքում նվազման միտումն ընդհանուր է գրեթե բոլոր շրջանների համար, ապա նռան այգիների դեպքում էլ աճն է ընդհանուր: Իսկ մի շարք ծառատեսակներ, ասենք` խնձորենին, ընկուզենին, տանձենին, ավելի աննախանձելի վիճակում են: Վիճակագիրները թիվն են հաշվառում, գյուղատնտեսները` այդ եւ մի շարք այլ ծառատեսակների նկատմամբ անտարբերությունը: Բերք կլինի թե ոչ` սեփականատերերից շատերը միայն աշնանն են հետաքրքրվում:

Պտղաբուծության  զարգացումը` գերակայությունների շարքում

Արցախում պտղաբուծությունը զարգացնելու բոլոր հնարավորություններն առկա են, եւ քայլեր են ձեռնարկվելու այդ հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար. 2015 թվականի արդյունքների ամփոփման առթիվ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: 2016-ը խոստանում է այդ առումով նշանակալի դերակատարություն ունենալ: Պտղաբուծության զարգացման պետական ծրագրի շրջանակներում արդեն իսկ հանրապետությունում է տարբեր պտղատեսակների  տնկիների առաջին խմբաքանակը: Սիրիահայ Ասմարյան եղբայրների ՙԱսմարյան գրին լանդ՚ ընկերությունն է Գյուղատնտեսության նախարարության պատվերով քսան հազար թթենու տնկի ներկրել Սիրիայից: Գյուղնախարար Արամ Մխոյանի խոսքով՝ Արցախն այգիների երկիր դարձնելու ծրագիրը ավանդական ծառատեսակներից է մեկնարկում. ՙԻհարկե, մենք գնահատում ենք այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում, գնահատում ենք մեր ավանդական սորտերը, սակայն ժամանակի հետ ուղղակի պարտավոր ենք նաեւ նորույթներ ներգրավել, նոր, նախկինի համեմատ առավելություններ ունեցող սորտեր առաջարկել հողօգտագործողին՚: Ներկրված տնկիները թույլ կտան երիտասարդացնել արդեն ծերացող թթայգիները, հիմնել նոր այգիներ: Թթենու տնկիներ ներկրողը` Հովիկ Ասմարյանը, ով տնկարանային բիզնեսում արդեն երկար տարիների փորձ ունի, վստահեցնում է` առողջ ծառեր է բերել եւ հուսով է, որ դրանք շատ արագ կընտելանան Արցախի կլիմային: Պտղաբուծության զարգացումը պետական ծրագիր է: Ներկրված 20 հազար թթենու տնկիներն անհատույց  բաժանվելու են հողօգտագործողներին: Միակ պահանջն այն է, որ նրանք ուշադիր լինեն եւ ագրոկանոններին համապատասխան խնամեն տրամադրված տնկիները: ՙՀակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու փչացրած տնկիների գումարը գանձել անպարտաճանաչ հողօգտագործողներից՚,- զգուշացնում է գյուղատնտեսության նախարարը:

Նորույթներ` մասնավոր նախաձեռնությամբ

Թթենիներից բացի, Ասմարյաններն իրենց նախաձեռնությամբ ներկրել են նաեւ մեկուկես տասնյակ այլ, Արցախում ոչ ավանդական պտղատեսակների տնկիներ: ՙԴրանք գաճաճ ձիթապտղի, գաճաճ ընկուզենու, մայրու, դեղձի, խնձորի նոր տեսակների, նաեւ` պիստակենու, կիվիի, արդյունաբերական վարդի տնկիներ են,- մանրամասնում է Հովիկ Ասմարյանը:- Դրանց մի մասը տնկելու-բազմացնելու ենք մեր այգիներում, իսկ մի մասն էլ վաճառելու ենք հողօգտագործողներին՚: Արամ Մխոյանը նորույթներ ներկրելը բնական է համարում: Գյուղնախարարությունն էլ նորույթների կողմնակից է: ՙՄեզանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու` հարեւան Իրանի Հանրապետությունում պտղատեսակներ են ստանում, որոնք մենք սովոր ենք անվանել արտասահմանյան, մեզ համար ոչ ավանդական: Եվ դա այն դեպքում, երբ նույն կլիմայական գոտում գտնվող մեր հողերում չենք էլ փորձել այդ բույսերը մշակել: Այնինչ, խոսքը բավականին եկամտաբեր ճյուղի մասին է՚:

Զարգացնելու են տեղական տնկարանային տնտեսությունները

Այգեգործության զարգացումը, սակայն, միայն ներմուծված տնկիներով չի ապահովվելու: Առաջին խմբաքանակը ներկրվեց` պարզապես ժամանակ չկորցնելու համար:  Հետագա տարիներին նախապատվությունը տեղական արտադրության տնկիներին են տրվելու: Արամ Մխոյանը վստահեցնում է` պտղաբուծության զարգացման ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ տեղում տնկարանային տնտեսությունների զարգացումն է լինելու: Դա մի կողմից տնկիների անհրաժեշտ քանակն է ապահովելու Արցախում, մյուս կողմից` նոր աշխատատեղեր են բացվելու: Միայն Ասմարյանների տնկարանային տնտեսությունը ավելի քան 10 աշխատատեղ է ապահովում:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.