[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԽՈՒՍԱՓԵԼ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ

Օրերս ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ծառայության ստորաբաժանումների ղեկավարներն ու հանրապետության շրջանների շրջվարչակազմերի գյուղոլորտի պատասխանատուները:

Քննարկման թեման բերքահավաքի նախապատրաստությունն էր, այն անկորուստ կազմակերպելը, ինչի համար կիրականացվեն հակահրդեհային պայքարի անհրաժեշտ միջոցառումներ:

Բացելով խորհրդակցությունը՝ նախարար Արամ Մխոյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի համատեղ իրականացվում են միջոցառումներ, բայցևայնպես, բերքահավաքի ժամանակ գրանցվում են հրդեհներ: Հետևաբար, նշեց Ա. Մխոյանը, անհրաժեշտ է  իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝  խուսափելու համար հրդեհներից, հետևաբար և բերքի կորուստներից:

-Մենք համատեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի ցանքատարածությունները զերծ պահենք հրդեհներից,¬նշեց Արցախի գյուղատնտեսության նախարարը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է վաղօրոք վերացնել հրդեհների պատճառ հանդիսացող պայմանները: 

Արթուր Հարությունյանի տեղեկատվությամբ՝ առաջիկայում կմեկնարկի մոլախոտերի դեմ թունաքիմիկատներով տարվող պայքարը, որոշ ժամանակ անց կսկսվեն նաև հերկի միջոցով տարվող պայքարի միջոցառումները:

Արամ Մխոյանն իրազեկեց, որ նախարարության և ԱԻՊԾ-ի միջև կա համագործակցություն, և ինքն ակնկալում է, որ այն էլ ավելի կխորանա՝ ի շահ մեր երկրի, մեր տնտեսության: Նա նաև հատուկ ընդգծեց, որ հակահրդեհային միջոցառումներին անպայման անհրաժեշտ է ներգրավել նաև հողօգտագործողներին, ովքեր պետք է մոլախոտերից զերծ պահեն իրենց հողակտորները,  հակառակ դեպքում կզրկվեն բոլոր տեսակի աջակցություններից: Նույնը վերաբերում է նաև հնձից հետո խոզանն այրող հողօգտագործողներին:

 Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ երկու գերատեսչությունների համապատասխան ծառայություններն ու շրջվարչակազմերի գյուղբաժինները հողօգտագործողների հետ կտանեն բացատրական աշխատանք՝ հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ իրականացնելու համար: Նաև որոշվեց իրականացվելիք աշխատանքները համակարգելու համար ստեղծել հանձնաժողով, որի մեջ կներառվեն ԼՂՀ ԳՆ և ԱԻՊԾ համապատասխան մասնագետները:  

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին