[ARM]     [RUS]     [ENG]

ՙՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԻ՚

Արցախյան քառօրյա պատերազմից ընդամենը երկու օր առաջ, երբ դեռ երկրում հարաբերական խաղաղություն էր, ՙԱզատ Արցախ՚-ը հարցազրույցի էր հրավիրել ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ ՄԽՈՅԱՆԻՆ:

Նա ներկայացրել էր գյուղատնտեսական մի շարք նախագծեր, որոնք միտված էին ագրարային երկիր հանդիսացող Արցախի զարգացմանը, նոր ներդրումների ապահովմանը, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, որոնց արդյունավետ գործարկման դեպքում  կարճ  ժամանակահատվածում պետք է կայուն ցուցանիշներ արձանագրվեին գյուղոլորտում: Ծրագրերի մի մասն արդեն ընթացքավորված էր. թթենիներ էին ներկրվել արտասահմանից, խոսվում էր բուսաբուծության զարգացման, ոռոգման նոր համակարգերի ներդրման և այլ աշխատանքների մեկնարկի մասին: Աշխատանքների մի մասն, ի դեպ, նախատեսված էր հենց այն տարածքներում, որոնք Ադրբեջանի ագրեսիայի թիրախն են դարձել:  Չորսօրյա պատերազմը շատ բան է փոխել երկրի կյանքում, գյուղնախարարության պլաններում՝ նույնպես։ Թե ինչ՝ պարզեցինք Ա. Մխոյանից։ 

- Պարոն Մխոյան, ստացվեց այնպես, որ նախօրոք արված մեր հարցազրույցն Արցախի խաղաղ կյանքի, խնդիրների, հեռանկարների մասին չհասցրինք տպագրել. զարգացման ծրագրերը մնացին օդում կախված, քանի որ, պարզվում է, աշխարհում պատերազմի կողմնակիցները քիչ չեն....

- Ցավոք, այո, բայց և կրկնենք հայտնի ճշմարտությունը. եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի:  Ու, ռազմական պատրաստվածությունից բացի, վճռորոշ է նաև տնտեսական բաղադրիչը:

- Ստեղծված իրավիճակը նոր պայմաններ է թելադրում երկրին: Ի՞նչ է փոխվել գյուղոլորտի պետական ռազմավարության մեջ: Ի՞նչ առաջնահերթություններ են այսօր դրված ոլորտի պատասխանատուների առջև:

- Նախ նշենք, որ ոչինչ էլ չի փոխվել, համենայն դեպս, շարունակում ենք աշխատել բնականոն հունով, իսկ իրավիճակը թելադրում էր մարդկային ավելի սահմանափակ ռեսուրսներով լուծել այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջև: Ու քանի որ մեր աշխատակիցների, հողօգտագործողների և, ընդհանրապես, գյուղոլորտի արական սեռի ներկայացուցիչների մեծ մասը ներկայումս առաջնագծում է, պետք է կարողանանք, այսպես ասենք, կոմպենսացնել նրանց բացակայությունը, արդյունավետորեն կազմակերպել աշխատանքները, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքները ոչ մի դեպքում չտուժեն: Որպես առաջնահերթություն՝ կնշեի որոշ քանակությամբ մեխանիզատորների՝ առաջնագծից հետ կանչելու անհրաժեշտությունը՝ գարնանացանը բարեհաջող ավարտելու համար:  Բոլոր այն խնդիրները, որոնք կապված էին անհրաժեշտ նյութերի, սերմերի, պարարտանյութերի ձեռքբերման հետ, լուծվում են նորմալ ընթացակարգով, ինչի տրամաբանական շարունակությունը կլինի մնացած աշխատանքների բարեհաջող ավարտումը (սերմը հողին հանձնելը, հակահրդեհային միջոցառումների հնարավորինս արդյունավետ իրականացումը և այլն): Այս տարի ունենք ծրագիր, որով նախատեսվում է դաշտամիջյան ճանապարհների երկայնքով ևս իրականացնել հակահրդեհային միջոցառումներ՝ բացառելու բերքահավաքի ժամանակ հրդեհներն ու դրանց հետևանք հանդիսացող բերքի կորուստը: Ասեմ նաև, որ Մարտակերտի շրջանում, որտեղ, հասկանալի պատճառներով, ամենաշատն են վտանգված այդ աշխատանքները, դրանք իրականացվել են շուրջ 80 տոկոսով և մոտակա օրերին արդեն կավարտվեն: Նույնը կարելի է ասել նաև Մարտունու շրջանի մասին: Մնացած շրջաններում ևս աշխատանքներն ընթացքի մեջ են:

- Պարենային անվտանգության, ռազմավարական նշանակության այլ հարցերի տեսանկյունից որքանո՞վ էինք պատրաստ դեպքերի նման զարգացման:

- Արցախին սատարելու պատրաստակամություն ցուցաբերեց, և բոլորս էինք դրա վկան, ողջ հայությունը, բայց մենք ինքներս վաղուց պատրաստ էինք ցանկացած փորձության, ու ասեմ, որ ունեինք կուտակած պարենի մեծ պաշար՝ գլխավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների առումով՝ ցորեն, միս, բանջարեղենի տեսականի, բուսական յուղ և այլն: Բավականությամբ պիտի արձանագրենք, որ այս առումով մեր տնտեսությունը բարեհաջող քննություն բռնեց:

. Հանրապետության տարածքում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ, ասենք՝ աշնանացանը, արդեն կատարվել էին: Գարնանացանն ընթացքի մեջ էր: Կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել դրանց վերաբերյալ: 

- Ասեմ, որ աշնանացանը միայն հենց աշնանացանով չի սահմանափակվում, ու կա նաև մշակելու, խնամելու, սնուցելու խնդիր. սրանք համալիր աշխատանքներ են, որոնք հետևողականորեն իրականացրել ենք մինչև այժմ: Իհարկե, հայտնի իրադարձությունները մեծապես խոչընդոտեցին աշխատանքներին, բայց ձգտում ենք հնարավորինս վերացնել պատերազմական գործողությունների պատճառած անհարմարությունները: Նույնիսկ սնուցման աշխատանքների խաթարման պարագայում մենք գտանք սնուցման այլընտրանքային ձև, որի շնորհիվ ազոտական պարարտանյութով արմատային սնուցման աշխատանքներն ուշացրած հողօգտագործողները կկարողանան այդ բացը լրացնել տերևային սնուցմամբ: Ինչ վերաբերում է գարնանացանին, նշենք, որ չնայած վերջին օրերի իրադարձություններին, այն ևս բարեհաջող ընթացքի մեջ է:

- Ռազմական գործողությունների թիրախ դարձած վայրերում վնասներ եղե՞լ են: Եթե այո, դրանց չափն արդեն հաշվարկե՞լ եք: Եթե կան տվյալներ, ներկայացրեք, խնդրեմ:

- Բնականաբար, մենք կորուստներ ենք ունեցել նաև գյուղոլորտում. բազմաթիվ են նյութական կորուստները, որոնք վերաբերում են մեր կողմից ձեռք բերված թանկարժեք և ժամանակակից տեխնիկային (միայն այստեղ կորուստները հասնում են շուրջ մեկ տասնյակի): Միայն Թալիշ համայնքում արձանագրվել է 200 մանր և 50 խոշոր եղջերավոր անասունների կորուստ (կորուստներ եղել են Մարտակերտի այլ համայնքներում ևս): Անշուշտ, տուժել են նաև ցանքատարածությունները՝ շուրջ 2000 հա՝ միայն աշնանացանի ցանքեր: Բայց և նշենք, որ մենք ոչ մի քայլ չենք նահանջի և իրականացնելու ենք մեր առջև դրված բոլոր ծրագրերը: Մեր տնտեսությունը, ինչպես և մեր մարդիկ (դա է ցույց տալիս կյանքը) կենսունակ և ամուր են, հետևաբար, երկրի  զարգացման ընթացքը ոչինչ չի կարող խաթարել։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ