[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՆԱՍԸ ԿՐԵԼ Է ՓՄՁ ՈԼՈՐՏԸ՚

Մայիսի 11-ից ԼՂՀ ԱԺ-ում սկսվեցին 2015թ. պետբյուջեի  կատարողականի քննարկումները։

  Այն  խորհրդարանի մշտական  հանձնաժողովներին,  խմբակցություններին ներկայացվեց  նույն օրը՝ ԱԺ մշտական  հանձնաժողովների  ու խմբակցությունների  համատեղ նիստում,  որը վարում էր  գլխադասային՝ ֆինանսաբյուջետային  և տնտեսական  կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովի  նախագահ Ռ. Իսրայելյանը։ Նիստին մասնակցում էին ԼՂՀ օրենսդիր  և գործադիր մարմինների ղեկավարներ Ա. Ղուլյանն ու  Ա. Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության  անդամներ։Պետբյուջե¬2015¬ի կատարողականը   օրակարգի միակ հարցն էր։ Այն  ներկայացնելով, ֆինանսների  նախարար Ս. Թևոսյանը նշեց, որ ՀՆԱ-ն անցած տարի  կազմել է 209,3 մլրդ դրամ, որը  նախանցյալ տարվա նկատմամբ  արձանագրել է  9,1% աճ։ Մեկ  շնչին ընկնող  համախառը ներքին արդյունքը կազմել է 1 մլն 414 հազ. դրամ։

Հանրապետությունում  արդյունաբերական  արտադրանքի ծավալը 53,5 մլրդ դրամ է, ինչը 2014-ի համեմատ  2,5% աճ է  ապահովել։ Գյուղատնտեսական  ՀՆԱ-ի արձանագրված  ցուցանիշը  64,3 մլրդ դրամ է, ինչը նախանցյալ  տարվա  համեմատ աճել է 12%-ով։ Ս. Թևոսյանն ասաց, որ  կապիտալ  շինարարության  ծավալը 2014-ի համեմատ  աճել է ընդամենը 1-%-ով, գրանցելով 50,1 մլրդ դրամ։ 

Տնտեսության մեջ վարձու  աշխատողների քանակը  46669 է։ Մեկ աշխատողի միջին  ամսական անվանական աշխատավարձը  151 հազ. դրամ  է։ Առևտրային  բանկերում իրավաբանական  և ֆիզիկական  անձանց  կողմից  ներդրված ավանդների  գումարը կազմել է 99,8 մլրդ դրամ։ 

2015թ. պետբյուջեի սեփական եկամուտները կազմել են  34 մլրդ 436 մլն դրամ. այս մասով կատարողականը  92,7 % է։ Դրամի դիմաց հարկային եկամուտները և պետական տուրքերը  կազմել են 33 մլրդ 175 մլն դրամ։ ԼՂՀ-ն ՀՀ-ից ամբողջությամբ  ստացել է միջպետական  վարկի գումարը՝ 45 մլրդ 518 մլն դրամի չափով։ Պետբյուջեի փաստացի  ծախսերը  2015թ. կազմել են 83 մլրդ 107 մլն դրամ՝ նախատեսված  87 մլրդ 736 մլն-ի դիմաց։ Այսպիսով՝ կատարողականը  94,7% է։ Ս. Թևոսյանն ընդգծեց, որ  կառավարությունն ապահովել է աշխատավարձերի ու դրանց  հավասարեցված  պարտավորությունների կատարումը, վճարել է  թոշակները,  նպաստները,  սոցիալական պարտավորությունների  թերակատարում չունի։ Որոշակի պարտքեր  եղել են տարվա վերջին՝ հիմնականում շինարարության  ոլորտում,  որոնք այս տարվա ծրագրով նախատեսված են և մարվում են։ Քանի որ 2015թ. բյուջեի  կատարողականի  նախագիծը դեռ երկու շաբաթ կմնա խորհրդարանում,  և կծավալվեն ոլորտային  քննարկումներ, ֆինանսների  նախարարը մանրամասների  վրա կանգ չառավ։ Պատգամավորների հարցերի  մեծ մասը թերևս կհնչեցվի  հենց այդ  քննարկումների  ընթացքում։ Որոշ հարցեր, այնուամենայնիվ,  բարձրացվեցին, որոնց  վերաբերյալ պարզաբանումներ  տվեց ԼՂՀ վարչապետը։ Պատգամավորների խնդրանքով Ա. Հարությունյանը ներկայացրեց ապրիլյան դեպքերի պատճառով երկրի տնտեսության մեջ արձանագրված իրավիճակը և կառավարության հետագա քայլերը։ Ա. Հարությունյանն ասաց, որ սոցիալական լուրջ խնդիրներ չեն առաջացել. սոցիալական   ու աշխատավարձերի վճարումներն ընթացքի մեջ են։ Այժմ առաջնահերթությունները փոխվել են,  նախատեսված որոշ ծրագրեր սառեցված են։ Կառավարության անդամներին հանձնարարված է խիստ սահմանափակել ծախսերը և առանց համաձայնեցնելու ծրագրեր չգործարկել։ Ապրիլյան դեպքերը և հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչ խոսք, իրենց  բացասական ազդեցությունը կթողնեն տնտեսության կազմակերպման վրա. մուտքերի պակաս կգրանցվի (հիմնականում  փոքր ու միջին ձեռնարկատիրություն (ՓՄՁ) գործունեության սահմանափակման պատճառով), բայց ընդհանուր  ՀՆԱ¬ի մակարդակի վրա այն չպիտի լուրջ ազդեցություն ունենա, քանի որ  արդյունաբերության, ջրային տնտեսության, էներգետիկայի ցուցանիշների հաշվին  բալանսը կպահպանվի։ Ամենամեծ վնասը կրել է ՓՄՁ ոլորտը, սպասարկող բոլոր  կառույցները  հայտնվել են ոչ դյուրին իրավիճակում։ Կառավարությունը հանդես կգա համապատասխան առաջարկներով՝ ստեղծված վիճակին, նոր մարտահրավերներին դիմագրավելու համար։ Բնականաբար, ներկայում կառավարության  թիվ 1 խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է, պաշտպանության կազմակերպումը, բայց տնտեսության համապատասխան զարգացում պիտի լինի, որպեսզի սոցիալական խնդիրներ չառաջանան։ Դրանցից խուսափելու համար կառավարությունն աշխատում է  տարբեր կառույցների, այդ թվում և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, քանի որ հասարակությունը մտահոգված է հատկապես առաջնագիծ մեկնած՝ վարկային պարտավորություններ ունեցող անձանց ճակատագրով՝ լուծումներ գտնելու համար։ Այժմ  գործադիրն աշխատանքներ է տանում բերքահավաքի կազմակերպման և հացահատիկի մթերման ուղղությամբ։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ հրետակոծված բնակավայրերի բնակիչները, բացառությամբ Մատաղիս և Թալիշ համայնքների, վերադառնում են իրենց բնակավայրերը, քանի որ որևէ վտանգ չկա։ Նշված գյուղերի բնակիչներին կտեղավորեն այլ վայրերում։

Նիստի ընթացքում հարց հնչեց  աշխատավարձերից ՊԲ¬ի  համար մասհանումների մասին։ Ա. Հարությունյանը նշեց, որ դրանք կատարվում են բացառապես կամավորության սկզբունքով,  որևէ պարտադրանք աշխատողներին չպիտի լինի։ Ավելին, կառավարության ղեկավարը նշեց, որ  առաջարկներ են եղել  ավելի շատ մասհանում կատարել աշխատավարձերից, ինչին ինքն անձամբ դեմ է։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ